Փաշինյանը ժամկետանց, դուրս գրված ֆիգուր է և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար. նա գնում է վա-բանկ, ՔՊ-ականների խուճապը հասկանալի է. Վիգեն Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եթե նայենք, թե Սահակաշվիլու կոչը Փաշինյանին երբ է եղել, կտեսնենք, որ դա համընկնում է Փաշինյանի՝ Ստրասբուրգ մեկնելուն ու հայտնի ելույթին՝ կոնկրետ մեսիջներով։ Սահակաշվիլու նամակը պարունակում էր մեկ մեսիջ՝ Նիկոլ Փաշինյա՛ն, դու դուրս գրված ֆիգուր ես Ռուսաստանի կողմից ու ինչ-որ պահի հեռացվելու ես։

Հետևաբար, եթե Փաշինյանն ինչ-որ կասկածներ էլ ունեցել է ստրասբուրգյան հայտնի ելույթի բովանդակության հարցում, այս կերպ հստակեցվեցին նրա ուղերձները։ Սա ստրատեգիական մեսիջ էր։

  • Եկել է մի պահ, որ Փաշինյանը հստակ դիրքորոշում պիտի հայտնի ու համապատասխան գործողություններ ձեռնարկի, չնայած նրան վաղուց ոչ ոք լուրջ չի ընդունում։ Նիկոլ Փաշինյանը ժամկետանց ռեսուրս է դարձել։

Կարդացեք նաև

  • Ռուսաստանում ընկալում են, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ուղղված են աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխմանը։
  • Թուրքիան և Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի՝ վերջին տարիների ստրատեգիական հենարաններն են։
  • Այս ռեգիոնն ավանդաբար համարվել է Ռուսաստանի ազդեցության ռեգիոն, ու մտածել, որ Թուրքիան կփորձի մտնել այստեղ ու, առավել ևս, կփորձի խաղի կանոններ թելադրել, հնարավոր չէր։ Դա պատահեց այն ժամանակ, երբ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը քանդվեց, ու այստեղ կար նաև Ռուսաստանի մեղքը։
  • Դժվար է պատկերացնել, որ մեր հակառակորդ պետության ղեկավարը Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին երբևէ կարող էր ասել՝ «հարբած ծաղրածու», որովհետև ոչ հարբած էին, ոչ ծաղրածու։
  • Եվրախորհրդում Նիկոլ Փաշինյանին ուղղված ծափահարությունները ոչինչ չեն նշանակում․ կոմեդիայի թատրոնում էլ են ծափահարում, կրկեսում էլ։
  • Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքը դուրս գրված ֆիգուր է ոչ միայն Ռուսաստանի, այլև ուրիշ դերակատարների կողմից, և հիմա փորձում է իր համար անվտանգային երաշխիքներ ստանալ՝ իշխանության մնալու տեսքով, տեղավորվել Արևմուտքի հետ ասոցացվող դաշտում ու նրանցից այդ հարցում ստանալ օգնություն։ Ինքը հասկանում է, որ ի դեմս Ռուսաստանի, այլևս պարտնյոր չունի, ու գնում է վա-բանկ։
  • Այս իշխանության կարմիր գծերն անցնում են Փաշինյանի՝ կառավարության շենքի աշխատասենյակի ու կառավարական ամառանոցների կողքով։
  • Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ անվտանգության երաշխիքները պետք է որոնել ռեգիոնում, այսինքն՝ որպես անվտանգության երաշխավոր՝ Փաշինյանը տեսնում է Թուրքիային։ Նիկոլ Փաշինյանի դիլեման ոչ թե Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստանն է, այլ Թուրքիան։
  • Նիկոլ Փաշինյանի մանևրելու տարբերակներն ըստ էության նեղացել են։ Երբ դու գիտես, որ ՌԴ-ն դուրս է եկել 2018թ.-ի և 2021թ.-ի՝ քո շուրջ եղած կոնսենսուսից, դու պետք է լուրջ մտածես, որ չընկնես Սահակաշվիլու և Զելենսկու օրը։
  • Վրաստանը, զարմանալիորեն, ուկրաինական այս ճգնաժամում գերբալանսավորված քաղաքական կուրս է վարում՝ դիմանալով տարատեսակ ճնշումների։
  • Եթե Ռուսաստանը որոշում է ինչ-որ մեկի պատժել, դա արտահայտվում է տարածքային կորուստներով՝ Վրաստան, Ուկրաինա, Արցախ… 
  • Դու կարող ես լինել պրոարևմտյան, բայց պարտադիր չէ լինել ծայրահեղ հակառուսական։
  • Եթե դու մի օր առաջ հայտարարում ես, որ վեկտոր չես փոխելու, բայց նույն օրը չես գնում ԱՊՀ գագաթնաժողովին, ամեն ինչ պարզ է։ Բոլորը գիտեն, որ ԱՊՀ-ն, այսպես ասած՝ Պուտինի ակումբն է, ու այնտեղ Վլադիմիր Պուտինի ելույթը շատ խոսուն էր։ Եթե մեկնաբանելու լինենք նրա խոսքերը, Պուտինը ոչ թե ասում էր, որ իր հարաբերությունները Փաշինյանի հետ փայլուն են, դրա համար ինքը պրոբլեմ չունի նրա հետ, այլ ասում էր՝ Փաշինյանն իր համար պրոբլեմ չէ, նման պրոբլեմ իր համար գոյություն չունի։
  • Երբ 2017թ․ Սերժ Սարգսյանի բանակցած CEPA-ն՝ որպես ժառանգություն, թողնվեց այս իշխանությանը, իրենք ոչինչ չարեցին, որ այն իրականություն դառնա, նույնիսկ վիզաների ազատականացման հարցում ոչ մի քայլ չձեռնարկվեց, ու հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նույնիսկ օրեր առաջ մուննաթ էր գալիս Եվրոպայի վրա։

  • Երբ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` ՀԸԳՀ (CEPA)ն ստորագրվեց, անգամ սովորական քաղաքացիներն էին խոսում վիզաների ազատականացման մասին։ Այսինքն՝ սովորական քաղաքացին շոշափելի օգուտ էր տեսնում իր համար։ Նիկոլ Փաշինյանը որևէ շոշափելի ձեռքբերում այս առումով չունի։
  • Եվրոպան լավ գիտի թե՛ Նիկոլ Փաշինյանի իրական ռեյտինգը, թե՛ նրա բնավորությունը։ Մեծ հաշվով նա դուրս գրված ֆիգուր է նաև Արևմուտքի համար, ու Արևմուտքը հիմա ժառանգորդի փնտրտուքների մեջ է։ Բայց այս առումով նրանց մոտ ևս սով է։  Արևմուտքը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ռևերսներ չի անելու։ Որևէ մեկը Փաշինյանի հետ երկար խաղի ծրագրեր չի կազմում։ Ժողովրդավարության անվան տակ Փաշինյանը գումարներ է մուրում, բայց ստացածն այն գումարները չեն, որ սովորաբար տրվում են փախստականներ ընդունելու դեպքում։ Ի վերջո, ո՞ւր մնաց խոստացված 2․6 միլիարդը։ Երկու տարի է՝ խոսում են դրա մասին, բայց գումարը չկա։
  • Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն այլևս գործոն չէ, որովհետև ամենալավ սոցիոլոգիական հարցումը Երևանի ավագանու վերջին ընտրություններն էին, որտեղ ՔՊ-ն պետական լծակները, հսկայական ռեսուրսները օգտագործելով՝ մի կերպ հավաքեց ընդամենը 9%։ 
  • Ես չեմ կարծում, որ հիմա ՔՊ-ն պատրաստ է արտահերթ ընտրությունների։
  • Արևմուտքը փոքր-ինչ զգուշավոր է, որովհետև հասկանում են, որ եթե այստեղ առավել նպատակաուղղված գործեն, արտահերթ ընտրություններ կոչվող սադրանքին դիմեն՝ օգտվելու երկրում հակառուսականության պատմական ռեկորդային ռեյտինգից, գուցե արթնացնեն հյուսիսային արջին։ Այսօրվա հակառուսական թրենդը պայմանավորված է նաև նրանով, որ ինչ-որ պահից սկսած ուժի առումով Ռուսաստանը թուլություն ցուցաբերեց, իսկ Հայաստանն ամեն դեպքում արևելյան երկիր է։ Այստեղ սիրում են ուժը։
  • ՔՊ-ականները շատ լավ հասկանում են՝ ինչի են բերել-հասցրել երկիրը, ու նաև հասկանում են, որ շատ հնարավոր է՝ ստիպված լինեն ուրիշի փոխարեն պատասխան տալ, որովհետև սովորաբար առաջին դեմքերը կարողանում են իրենց գլխի ճարը գտնել, փախչել։
  • Ընդդիմության անելիքների մասին: Ամենակարևորը հիմա ամեն դեպքում առաջնորդության խնդիրն է։ Բացի դրանից, ընդդիմությունը պետք է երկու հարցի պատասխանի՝ ի՞նչ է նշանակում կրիտիկական զանգված, և ի՞նչ է լինելու հետո, երբ այդ կրիտիկական զանգվածը հավաքվի։ Ընդդիմության ամենամեծ սխալն այն է, որ մնացել են 2018թ.-ի թվերի տակ։ Ընդդիմությունը հիշում է 2018թ. մայիսի 2-ի հանրահավաքի թվերը, բայց մոռանում է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, երբ փողոցում 35-40 000 մարդ կար։ Այսինքն՝ այդ ժամանակի կրիտիկական զանգվածն այդքան էր։ Մեր իրավիճակում իշխանությունը թույլ է, բայց ավելի թույլ է ընդդիմությունը։ Էլի եմ ասում, ասենք՝ կրիտիկական զանգվածը հավաքվեց, հետո… Ի՞նչ է լինելու հետո, ընդդիմության ինչի՞ն է պետք կրիտիկական զանգվածը։ Այս հարցերին պետք է պատասխանել և ներկայացնել մարդկանց:
  • Այսօր Նիկոլ Փաշինյանի հենարանն այլևս փողոցը չէ։ Մնում են ուժայինները, բայց նրանց էլ պետք է տարբերակել։ Կան կարմիր բերետներ և սովորական ոստիկաններ, որոնք բոլորովին այլ վարք են դրսևորում։ Փաշինյանը փաստացի ունի 3000-ի կարգի ոստիկանական ռեսուրս ու չունի փողոցային ռեսուրս։ Ընդդիմությունն ունի փողոցային ռեսուրս։ 
  • Մեր մենթալիտետն առաջնորդային է։ Մարդիկ դեմք են ուզում, ուզում են իմանալ՝ ում հետևից պետք է գնան։ Առաջնորդ և ծրագիր: Առաջնորդն ու ծրագիրն իրար չեն հակասում։ 
  • Բոլորը հասկանում են՝ այսօր իշխանության գալն ամենացանկալի բանը չէ։ Ես կարծում եմ՝ ինստիտուցիոնալ ուժերը կարող են գործ անել։ Նոր ուժեր էլ կարող են առաջանալ, չկա այնպիսի բան, որ հները չեն թողնում, որ նորերը գան, բայց արդյո՞ք որևէ մեկն ուզում է պատասխանատվության տակ մտնել։ Ես եղել եմ որոշ ընդդիմադիրների քննարկում-հավաքների, որտեղ տպավորություն էր, որ մասնակիցները փորձում են վերաբաշխել երկու կառույցների՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ռեսուրսները։ Այսինքն՝ նրանց հույսն այդ երկու ինստիտուցիոնալ քաղաքական ուժերի ռեսուրսն է:
  • Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի շուրջ հիմա աշխարհաքաղաքական կոնսենսուս չկա։ 
  • Մեր ընդդիմությունն իր պայքարի ընթացքում հաճախ չափազանցնում է արտաքին քաղաքական գործոնները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս