Ռուսական ցորեն՝ ղազախական ցորենից առաջ․ Ռուսաստանն ինտեգրվում է վաշինգտոնյան պայմանավորվածություններին
Ժամեր առաջ ՀՀ կառավարությունը մեծ շուքով ու ոգևորությամբ հայտնեց՝ ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանում է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Մինչ շատերը կարծում էին, թե սկզբնական շրջանում Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվելու է ղազախական ցորեն, քանի որ Ադրբեջանի տարածքով ցորեն մատակարարելու լուրն առաջինը շրջանառվել էր Ղազախստանում և վերաբերել էր հենց ղազախական ցորենի մատակարարման հարցին, օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրեց․ «Այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»։
Փաստորեն Ադրբեջանի տարածքով ՀՀ առաջին բեռի տարանցումը եղավ ռուսական ապրանք։ Եվ այսօր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հերթական անգամ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան ձևավորվող բեռնափոխադրումների երթուղուն՝ նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանով և Վրաստանով երկաթուղային հաղորդակցությունը Հարավային Կովկասում խաղաղությանը զգալի ներդրում է և ընդգծում է համագործակցության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը։

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ մեր երկրների միջև հաստատվել է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն։ Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, վկայում է մեր աշխատանքի մասին՝ ուղղված տարածաշրջանային կայունությանը և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացմանը»,- ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների հասանելիությունը հայկական շուկաներ և բարելավում է հայ արտադրողների համար ԵԱՏՄ շուկաներ հասանելիությունը։
Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում տված ճեպազրույցում հայտարարել է, թե հայտեր են գեներացվում Ռուսաստանից որոշակի ապրանքախմբեր Ադրբեջանով Հայաստան արտահանելու վերաբերյալ։
«Քանի որ անսպասելի ու դինամիկ զարգացումներ են տեղի ունենում, ամեն օր բան է փոխվում, որովհետև ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին: Հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբերի՝ այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ գիտեմ, որ հայտեր են գեներացվում, ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել Ադրբեջանով Հայաստան հասնելու համար՝ մինչդեռ ի սկզբանե նախատեսված Ղազախստանի շարժակազմը դեռ տեղ չի հասել: Այսինքն՝ մինչև հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ, ենթադրում եմ, որ գուցե էլի շարժակազմեր լինեն»,- նշել է այսօր Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակն անընդհատ փոփոխվում է, որովհետև նորանոր հայտեր են առաջանում.
«Հիմա պետք է նաև գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ ապրանքներ ինչպես են հոսելու, այսինքն՝ Հայաստանից Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան, կամ էլ այլ երկրներ»:
Ընդհանուր առմամբ, Փաշինյանի խոսքից կարելի է ենթադրել, որ ռուսական ցորեն ՀՀ մատակարարելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ-Ադրբեջան ձևաչափով և այդ պայմանավորվածությունն ըստ էության հաջորդել է ղազախական ցորենի մատակարարման շուրջ պայմանավորվածությանը, սակայն ըստ էության առաջ է անցել ժամկետների առումով Ղազախստանից նախատեսվող խմբաքանակի մատակարարումից, թերևս, տեխնիկական խնդիրների պատճառով։ Սակայն այս մանրամասներն այդքան էլ անէական չեն։
Ստացվում է, որ Ռուսաստանը, չլինելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ակտիվ միջնորդ, դառնում է հայ-ադրբեջանական առաջին գործնական պայմանավորվածության շահառուն, մասնակիցը։
Կրկին դատելով Փաշինյանի խոսքից՝ ներկայումս ՌԴ-ն ակտիվորեն դիտարկում է մատակարարվելիք ապրանքների ցանկն ընդլայնելու հարցը։ Եվ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերություններում ԵԱՏՄ անդամակցության, դրանով պայմանավորված ակտիվ առևտրաշրջանառության փաստը, ՌԴ-ն կարող է ակտիվ շահագործել գործարկված այս երթուղին։
Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը հարմարվում, ինտեգրվում է հարավկովկասյան իրողություններին։
Ըստ նրա, Ռուսաստանը, ունենալով Հայաստանի հետ հարաբերություններ ԵԱՏՄ շրջանակում, ինչպես նաև վերականգնելով բնականոն երկխոսությունն Ադրբեջանի հետ, փորձում է դուրս չմնալ ռեգիոնալ զարգացումներից, պայմանավորվածություններից։

«Եթե Ադրբեջանը տալիս է այսուհետ տարանցման հնարավորություն, ապա դրանից ամենաշատը կարող են օգտվել Հայաստանն ու Ռուսաստանը, որոնց դեպքում ցամաքային սահմանի բացակայության խնդիրը միշտ բարդացրել է առևտրաշրջանառությունը։ Սա առաջին հերթին առևտրատնտեսական հարց է, բայց ցանկացած տնտեսական խնդիր՝ այն էլ արտաքին, ունի նաև քաղաքական բաղադրիչ։ Ուստի, ըստ իս, ՌԴ-ն նաև որոշակի քաղաքական դիվիդենտներ կստանա այս ամենից։
Կարծում եմ՝ պատահական չէ, որ այս երթուղին, կարելի է ասել, բացվում է ռուսական ապրանքով, ինչը խորհրդանշական է ՌԴ ազդեցության տեսանկյունից։ Մի կողմից՝ վերջին տարիներին մենք արձանագրում ենք ռեգիոնում ՌԴ ազդեցության վերափոխում մի շարք գլոբալ փոփոխությունների, առաջնահերթությունների ֆոնին, մյուս կողմից՝ ՌԴ-ն փորձում է դուրս չմնալ ռեգիոնից, և դա հաջողվում է»,- ասաց Լուկիանովը։
Նրա կարծիքով, այս պայմանավորվածությունները ռուս-ադրբեջանական վերսկսված երկխոսության հետևանք են։
«Չնայած ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ընդհանուր առմամբ Արևմուտքը նպատակադրված են ՌԴ ազդեցությունը, մասնակցությունը Հարավային Կովկասում զարգացումներից չեզոքացնել, իրադարձությունները ցույց են տալիս, որ դա բավականին բարդ գործ է։ Սա այնուամենայնիվ ցույց է տալիս, որ ՌԴ-ն տրամադրված է այս ամենին ակտիվ մասնակցել։ Եթե քաղաքական նախաձեռնություններ չկան կամ դրանք չեն ընդունվում, ՌԴ-ն սկսում է գործնական աշխատանք տանել ռեգիոնում»,- ասաց Լուկիանովը։

