Հարավաֆրիկացիները հայտնվել են ռուս-ուկրաինական պատերազմի գոտում. ՀԱՀ նախագահ
Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը հայտարարել է, որ ահազանգ է ստացել 17 քաղաքացիներից, որոնք միացել են ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներգրավված վարձկան ուժերին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նրանք 20-ից 39 տարեկան տղամարդիկ են և գտնվում են Դոնբասի շրջանում։
«Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հրահանգել է հետաքննություն սկսել հանգամանքների վերաբերյալ, որոնք հանգեցրել են երիտասարդ տղամարդկանց այս թվացյալ վարձկան գործունեության մեջ ներգրավելուն», – ասել է կառավարության խոսնակը։
Հայտարարության մեջ չի նշվել, թե հակամարտության որ կողմի համար են կռվում հարավաֆրիկացիները։
Խոսնակը նշել է, որ իշխանություններն օգտագործում են դիվանագիտական ուղիներ՝ Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիներին տուն վերադարձնելու համար։
«Նախագահ Ռամաֆոսան և հարավաֆրիկյան կառավարությունը խստորեն դատապարտում են օտարերկրյա ռազմական կազմակերպությունների հետ աշխատող անհատների կողմից երիտասարդ խոցելի մարդկանց շահագործումը», – հավելել է նա։
ՀԱՀ իշխանությունները կարծում են, որ նրանց կարող էին գայթակղել բարձր աշխատավարձի խոստումները։
Հարավաֆրիկյան Հանրապետության օրենսդրությամբ արգելվում է մեկ այլ պետության կողմից ռազմական գործողություններին մասնակցելը, եթե դա չի թույլատրվում կառավարության կողմից։
Հարավային Աֆրիկայում գործազրկության մակարդակը գերազանցում է 30%-ը, ինչն, ըստ վերլուծաբանների, շատերին խոցելի է դարձնում հավաքագրման համար։

