Պետք է պայքարի կոչել, թող մեզ կոչեն ռևանշիստ. Արցախի պայքարը դավաճանվեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Հանրությունն անկլավների հարցն այդքան էլ հեշտ չի ընկալում այն պատճառով, որ մենք էլ այնտեղ անկլավ ունենք, փոխանակում կլինի, կանցնի-կգնա։ Ո՛չ, հանրությունը հասկանում է՝ ի՞նչ անկլավի խնդիր. մի ամբողջ մարզ ենք կորցնելու՝ ուշ թե շուտ, էլ չեմ ասում՝ դրան հարող այլ մարզեր,- «Հայաստանը՝ իբրև մեծ «անկլավ»» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մանրամասնելով,- Այսինքն, մարդիկ՝ ՀՀ պարզ գյուղացուց սկսած՝ մինչև ԱՄՆ պետքարտուղար, տեսնում են, որ թուրք-ադրբեջանական դաշինքը ռազմական օպերացիա է նախագծում, որի նպատակն է Գեղարքունիքի մարզով, Սելիմի լեռնանցքով Հայաստանը երկու մասի բաժանել ու, ըստ էության, այդ թուրքական միջանցքը կյանքի կոչել։
Այսինքն՝ մարդիկ հասկանում են, որ այս պահին որպես պետություն, հանրություն՝ կանգնած են մահացու վտանգի առաջ, և «փոքրը» փրկելու մասին որևէ մեկն այլևս չի էլ մտածում, ավելին՝ հանրային տրամադրություններն այնպիսին են, որ դիմադրության գաղափարները, ցավոք սրտի, այլևս պոպուլյար չեն»:
Դրա պատճառներին անդրադառնալով՝ քաղաքագետը նկատեց, որ, օրինակ, մարդիկ տեսան՝ Արցախի բնակչությունը բլոկադայի պայմաններում մոտ մեկ տարի պայքարեց, այդ պայքարում հաղթեց Ադրբեջանի իշխանություններին, բայց պարտված դուրս եկավ։
«Հիմա Հայաստանի հասարակությունը տեսնում է, որ Արցախի ժողովուրդը վատ, դավաճան առաջնորդներով հանդերձ՝ մի դիմակայության մեջ հաղթելով՝ նորից, ըստ էության, պարտված դուրս եկավ։ Հիմա ի՞նչ հույսով մեր հասարակությունը պետք է սկսի պայքարել այդ ագրեսիայի դեմ, երբ տեսնում է՝ վերջին հաշվով, ղեկավար կազմը գնում է, ինչ-որ բաներ պայմանավորվում թշնամու հետ, հետո դա ներկայացնում մի սովորական երևույթ,- նկատեց նա՝ այդ համատեքստում նաև շեշտելով ՀՀ քաղաքացիների համար արտաքին ազդակների ոչ նպաստավոր լինելը,- Մեր հասարակությունն այս պահին իսկապես շատ ապակողմնորոշված է. նա չի հասկանում՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, միայն Հայաստանի ու Արցախի խնդիրը չէ։ Մենք չենք տեսնում ավելի լայն խճանկարը. սա գործընթաց է, որը սկիզբ է առել Արցախում, շարունակվել Ուկրաինայում, Հայաստանի սահմանում, հիմա արդեն՝ Պաղեստինում, Իսրայելում: Մենք տեսնում ենք, որ գերտերությունները զորքեր են կուտակում Մերձավոր Արևելքում, զուգահեռ՝ ինչպես են Չինաստանի, Ռուսաստանի ղեկավարները խոսում նոր աշխարհակարգի մասին»:
Բանախոսը հավելեց՝ սրանք մեծ գործընթացներ են, որոնք վկայում են նոր աշխարհակարգի ձևավորման մասին, իսկ մեր ժողովուրդն այս ամենի կիզակետում հայտնվելով՝ չի կարողանում պատկերացնել տեղի ունեցող փոփոխությունների մասշտաբները:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս ամենի պատճառը համարում է միավորվելու և պատասխանատվություն ստանձնելու պրոցեսի բացակայությունը, որի փոխարեն՝ անընդհատ սպասել ենք փրկիչների։
«Հանրությունը, օրինակ, սպասում էր Արցախից փրկիչների՝ այն Արցախից, որը մեկ տարի արնաքամ էր լինում, լուրջ խնդիրներ էր ունեցել։ Մարդիկ ասում էին՝ այ հիմա Արցախից ջղայնացած կգան ու իշխանափոխություն կանեն։
Ցավոք սրտի, մարդիկ անընդհատ սպասում են, բայց այն միավորումը, որը պետք է լիներ, չի եղել։ Այսօր դրա հնարավորությունն էլ գրեթե չկա, որովհետև եթե գոնե մեկ տարի առաջ ՀՀ-ն ինչ-որ սուբյեկտայնություն ուներ, ինչ-որ չափով կարող էր ազդել տարածաշրջանային զարգացումների վրա, այս պահին, ցավոք սրտի, դա կորսված է: Այսինքն՝ ՀՀ-ն այլևս իր ճակատագրի տնօրինողը չէ՝ անկախ նրանից, թե ով կլինի այս պահին ՀՀ ղեկավարի պաշտոնում, այլ հարց է, որ ղեկավար փոխելով՝ կարող ենք սկսել վերականգնման պրոցես»,- ասաց նա։
Քաղաքագետն արձանագրեց նաև՝ ամենավատ օրերը դեռ չեն անցել. ամենավատ օրերը դեռ առջևում են:
«Մենք պետք է տեսնենք՝ նույն Պաղեստինում տեղի ունեցող զարգացումներից, թե ինչպես են մարդիկ պայքարում իրենց ապրելու իրավունքի համար. մեր ժողովուրդը պետք է վերջապես կանգնի այդ պայքարի ուղու վրա: Թող մեզ կոչեն ռևանշիստ, ինչ ուզում են, բայց փաստն այն է, որ երբ չես պայքարում, ստիպված ես լինում մեկ շաբաթում հայրենիքդ լքել և դուրս գալ»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում