Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին խոսույթ եղավ միայն Աբդուլլահ Գյուլի և Սերժ Սարգսյանի ժամանակ. թուրքագետ

Մենք պատրաստ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, գնդակը գտնվում է թուրքական կողմում. օրերս հայտարարել է ԱԳ փոխնախարարը:

Նշենք, որ ՀՀ իշխանությունները նաև գործուն ու ակտիվ քայլեր են իրականացրել այս ուղղությամբ՝ նախապատրաստելով Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը:

Իսկ այդ ընթացքում առանց նախապայմանների հարաբերությունները մեկնարկելու գործընթացը պարբերաբար ընդմիջվեց Թուրքիայից հնչող ուղիղ նախապայմաններով, այդ թվում՝ նախապայմանների նորացող «մենյուով», որտեղ տեղ էր գտել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու հրամայականը:

168.amթուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց՝ նորությո՞ւն է դիտարկումը, թե «գնդակը Թուրքիայի դաշտում է», և արդյո՞ք ՀՀ իշխանությունները շատ չշտապեցին, երբ սկսեցին ակտիվ նախապատրաստվել սահմանի բացմանը:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ թուրքագետը նշեց. «Գնդակը միշտ էլ Թուրքիայի դաշտում է՝ արդեն 30 տարի, որովհետև Թուրքիան է փակել այդ սահմանը. ով փակել է, նա էլ պիտի բացի: Մեր իշխանությունների մշտական գործելաոճն է սա, և ոչ միայն այս սահմանի հետ կապված, այլ ընդհանրապես՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին խոսելիս իրենք միշտ ասում են՝ խաղաղություն օրակարգ, իսկ Ալիևը միշտ պատերազմից է խոսում:

Այսպես մեր աչքին թոզ են փչում, թե՝ տեսեք, մենք խաղաղասեր էինք, նախկիններն էին մեղավոր այս վիճակի համար: Իսկ մյուս կողմից տեսնում ենք, որ մենք խաղաղություն չունենք, ընդհակառակը՝ նախկիններին, որոնց պատերազմասեր ու ռազմասեր էին կոչում (իմիջիայլոց, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այդ մասին էր նշել իր վերջին ելույթում, երբ իրեն հանեցին իշխանությունից), տեսանք, որ 30 տարի շարունակ նրանց իշխանության ժամանակ ոչ մի մեծ բախում չունեցանք: Բայց հենց խաղաղասերները եկան, միանգամից պատերազմ ունեցանք, հազարներով զոհեր, կորուստներ:

Ասում են, չէ՞, որ շաքար-շաքար ասելով՝ բերանը չի քաղցրանում, և խաղաղություն-խաղաղություն ասելով էլ՝ խաղաղություն չի լինում, կամ՝ դու կարող ես ասել՝ դռները բացեք, բայց դիմացինդ պետք է ուզի, որ այդ դուռը բացվի»:

 

Հստակեցմանը, թե ե՞րբ և ի՞նչ պարագայում է հնարավոր հայ-թուրքական սահմանի բացումը, թուրքագետն արձագանքեց՝ հիշեցմամբ, որ Թուրքիան 30 տարի առաջ դրել է իր պայմաններն այդ սահմանի բացման առնչությամբ:

«Իմիջիայլոց, այդ պայմանները միայն սահմանի բացման հետ են կապված՝ ոչ թե բարիդրացիական, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու,- հավելեց նա՝ մանրամասնելով,- Այս 30 տարվա թուրքական խոսույթում մեկ անգամ տեսած և լսած չեք լինի, որ խոսվի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Միայն Աբդուլլահ Գյուլի և Սերժ Սարգսյանի ժամանակ այդպիսի խոսույթ եղավ, և դրանից հետո նորից վերացավ:

Իսկ Թուրքիան 3 գլխավոր պայման ուներ՝ Արցախը հանձնել, ինչը համարում են՝ կատարված է, հողային պահանջներ չունենալ և Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվել: «Միջանցքը», որի մասին այսօր խոսում են, չկար Թուրքիայի պայմաններում։ Այն, ինչպես Պուտինը նշեց, մտցվել է Փաշինյանի կողմից»:

Տիրան Լոքմագյոզյանը հիշեցրեց նաև, որ սահմանի բացման վերջին օրակարգերում խոսվել է ոչ թե երկու երկրների համար սահմանը բացելու անհրաժեշտության մասին, այլ երրորդ երկրների քաղաքացիների: Իսկ այդ «երրորդ երկրներ» ձևակերպման տակ պետք է հասկանալ Ադրբեջան, որին անհրաժեշտ է այդ սահմանը:

Տեսանյութեր

Լրահոս