«Եթե ամեն ինչ մեզանից կախված լիներ՝ կպահեինք. սա քաղաքական որոշում էր, ժողովրդի կամքը չէր». Վիտյա Ավանեսյան

Արցախից ադրբեջանական էթնիկ զտման և ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանված 120 հազարից ավելի խաղաղ բնակիչներ Հայաստանում շարունակում են բախվել տարբեր սոցիալական խնդիրների։ Նրանք 9 ամիս մնացել են ադրբեջանական տոտալ շրջափակման մեջ, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում կորցրել են ամեն ինչ և մազապուրծ կարողացել են փրկվել ցեղասպանվելուց։

Այսօր համայնքի ղեկավարները, գյուղապետերը, քաղաքապետերը փորձում են կապ հաստատել իրենց բնակիչների հետ՝ հասկանալու համար, թե որտեղ են իրենց բնակիչները, ինչ պայմաններում են ապրում։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարտունու քաղաքապետի տեղակալ Վիտյա Ավանեսյանն ասաց՝ փառք Աստծո, կարողացել են Մարտունուց բոլորին անվտանգ տարհանել։ Սկզբում բոլորին տարել են Ստեփանակերտ՝ դպրոցներից մեկի ապաստարան, իսկ այնտեղից՝ Հայաստան, հիմա էլ փորձում են հասկանալ, թե ով որտեղ է բնակվում։

«Հիմա մենք այդ աշխատանքներով ենք զբաղվում, զանգահարում ենք մեր քաղաքացիներին, ճշտում նրանց հասցեները, ինչ պայմաններում են ապրում։ Մարդկանց մի մասը շարունակում է հյուրանոցներում ապրել, քանի որ դեռ տուն չեն գտել, մեծ մասը վարձով են ապրում, դե, վարձերն էլ շատ բարձր են։

Կարդացեք նաև

Գիտենք, որ մեր բնակիչները բոլորը դուրս են եկել քաղաքից, բոլորն էլ հասել են Հայաստան։ Միայն մեկ քաղաքացի ունենք, որ Մարտունուց Ստեփանակերտ տեղափոխեցինք, դպրոցի ապաստարանից առավոտյան դուրս եկավ, ասաց՝ գնամ մի քիչ Ստեփանակերտում քայլեմ ու վերադառնամ՝ չվերադարձավ։ Մենք նրա ճակատագրի վերաբերյալ ոչինչ չգիտենք։ Բոլոր տվյալները փոխանցել ենք Կարմիր խաչին, սպասում ենք, տեսնեք՝ որևէ արդյունք կլինի՞»,- նշեց Վիտյա Ավանեսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր արցախահայության համար առաջնային խնդիրը՝ բնակարանի, այնուհետև՝ աշխատանքի հարցերի լուծումն է, քանի որ շատ մարդիկ այսօր չեն կարողանում տուն գտնել, իսկ եղած տների վարձերն էլ այնքան բարձր են, որ չեն կարողանում տուն վարձել։ Բացի այդ, այն մարդիկ, որոնք կարողացել են տուն գտնել, չունեն կենցաղային իրեր, ապրում են դատարկ չորս պատի մեջ, մարդիկ էլ կան, նույնիսկ որևէ օգնություն չեն ստացել։ Սկսած մահճակալից՝ մինչև վերմակ ու բարձ, բռնի տեղահանվածները չունեն։

Մարտունու փոխքաղաքապետի համար ցավալի է ոչ միայն ամբողջ Արցախի օկուպացիան, այլև Մարտունու քաղաքապետ լուսահոգի Ազնավուր Սաղյանի զոհվելը։

«Այդ օրն ինձ այդպես էլ բախտ չվիճակվեց լինել Ազնավուրի կողքին, ինքս ՄՈԲ-ի տղաներին զենք էի բաժանում։ Ազնավուրն ինձանից առաջ էր անցել, գնացել ու իր կյանքի գնով Մարտունին փրկել էր։ Առաջին անգամ չէր, որ նա Մարտունին պահում էր։ Մարտունի ոչ մի անգամ թուրք չի մտել։ 44-օրյայի ժամանակ ես ու Ազնավուրը կարողացանք դիրքեր հետ բերել…

Մենք Մարտունին միշտ անառիկ ենք պահել։ Եթե ամեն ինչ մեզանից կախված լիներ, էլի կպահեինք, բայց ամեն ինչ չէր, որ մեզանից էր կախված։

Եթե 9-ամսյա շրջափակումը չլիներ, կարելի էր դեռևս պայքարել այնպես, որ վերջնարդյունքը սա չլիներ։ Ես մինչև վերջ այս ամենին չէի սպասում, այսինքն՝ տեղահանմանը չէի սպասում, սա քաղաքական որոշում էր, ոչ թե ժողովրդի կամքն էր։

Արցախի հարցը վերջնական լուծված չէ, մենք հույս ունենք, որ կվերադառնանք»,- եզրափակեց Վիտյա Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս