
««Խաղաղության ծրագիրը», որը Նիկոլն առաջ է քաշել, խաղաղության մասին չէ, իսկական խաղաղությունը պարտադրում են, այլ ոչ թե մուրում». Վիտյա Ավանեսյան

Օրերս Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է, որ «ԼՂ փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չի համարում։ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում»։
Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, թե արցախահայերին տներով ապահովելու ծրագիր են սկսել՝ շեշտելով՝ «Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում՝ ՀՀ քաղաքացիությամբ։ Բոլոր փախստականների վերադարձի թեման համարում եմ վտանգավոր՝ խաղաղության գործընթացի համար»։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը զուգահեռ՝ բոլոր արցախահայերը մշտապես հայտարարում են, որ իրենք պետք է վերադառնան իրենց բնօրրան՝ Արցախ, որտեղից դուրս են եկել Ադրբեջանի ճնշումների ներքո, քանի որ իրենց կյանքին ֆիզիկական վտանգ էր սպառնում։
Արցախի ներկա և նախկին ՄԻՊ-երը ևս միջազգային տարբեր կառույցներում բարձրաձայնում են արցախահայերի հավաքական և արժանապատիվ վերադարձի հարցը։
Արցախի Հանրապետության Մարտունու քաղաքապետի տեղակալ Վիտյա Ավանեսյանի խոսքով՝ իհարկե, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները միջազգային տարբեր ամբիոններից խանգարելու են արցախահայերի վերադարձին, բայց սա չի նշանակում, որ արցախահայերը պետք է մոռանան վերադարձի մասին։
«Ես միշտ հույսով եմ վերադարձի համար, գուցե Նիկոլ Փաշինյանի համար Արցախի հարցը փակված է, բայց արցախահայերի համար փակված չէ։ Կախված աշխարհաքաղաքական իրադարձություններից և իրավիճակից, հույսը միշտ կա, որ այս հարցը պետք է լուծվի հօգուտ արցախահայերի։
ՀՀ ներկայիս իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը մտածում են, որ հավերժ իշխանության են մնալու, բայց՝ ոչ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո մեր հարցը տարբեր միջազգային ամբիոններից կբարձրաձայնեն՝ պաշտպանելով մեր իրավունքները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վիտյա Ավանեսյանը։
Նա շեշտեց՝ երբ արցախահայերը խոսում են Արցախ վերադառնալու իրենց իրավունքն իրացնելու մասին, որևէ կերպ չեն խանգարում Նիկոլ Փաշինյանի հռչակած «խաղաղության օրակարգին»։
«Խանգարող որևէ բան չկա, մենք պիտի վերադառնանք։ «Խաղաղության ծրագիրը», որը Նիկոլն առաջ է քաշել, խաղաղության մասին չէ, իսկական խաղաղությունը պարտադրում են, այլ ոչ թե մուրում։ Անձամբ մտածում եմ, որ մենք ժամանակի ընթացքում իրենց այդ խաղաղությունը կպարտադրենք, ինչպես արել ենք նախորդ 30 տարիներին»,- նշեց մեր զրուցակիցը։
Վիտյա Ավանեսյանը երբեմն հետևում է ադրբեջանական սոցցանցերում հրապարակվող տեսանյութերին՝ օկուպացված Արցախից, փորձում այդ տեսանյութերում գտնել հարազատ Մարտունին։
Ասում է, որ ադրբեջանական կողմը փորձում է ամբողջովին փոխել Մարտունու դիմագիծը, սակայն այս պահին նրա թիրախում Ստեփանակերտն է. ոչնչացնում է ամեն ինչ։
«Շատ չեմ հետևում, որովհետև մեզ վրա այդ ամենն ազդում է, ինչ արած, կյանքն այսպիսին է, վերադարձի հույսով ապրում ենք։
Ինքս Հայաստանից որևէ այլ տեղ գնալու մտադրություն չունեմ, Հայաստանն իմ հայրենիքն է, ծննդավայրս ժամանակավոր կորցրել եմ, չեմ ուզում հիմա էլ հայրենիքիցս հեռու ապրեմ։ Ես և ընտանիքս այստեղ կապրենք այնքան ժամանակ, մինչև վերադառնանք մեր ծննդավայր՝ Արցախ»,- ընդգծեց Վիտյա Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ արդեն 2 տարի Արցախն ամբողջովին օկուպացված է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի 9-ամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց աշխարհից կտրված Արցախի ու արցախահայերի դեմ, 1-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը բռնի տեղահանության ենթարկեց խաղաղ բնակչությանը, եթե արցախահայերը մնային օկուպացված Արցախում, որևէ երաշխիք չկար, որ նրանք ողջ կմնային։ 2 տարի շարունակ արցախահայերը պահանջում են, որպեսզի միջազգային խաղաղապահներով իրենք վերադառնան իրենց տներ՝ հայկական անձնագրեր ունենան և ապրեն հայկական դրոշի ներքո։