«Ադրբեջանական կողմից ասել էին՝ կա՛մ բոլորով դուրս եկեք, կա՛մ կոտորածը շարունակվելու է, չենք խնայելու ո՛չ ծեր, ո՛չ մանուկ». Արցախի չավարտվող ողբերգությունը
Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից ամբողջությամբ օկուպացնելուց և արցախահայերի բռնի տեղահանությունից անցել է մեկ տարի։ 9-ամսյա շրջափակում, սով, պատերազմ, դրան հաջորդած ցեղասպանություն ու հայության բռնի տեղահանություն, այս ամբողջ ողբերգությունների շարքն այսօր արցախահայերի համար ավարտված չէ, նրանք ֆիզիկապես են գտնվում Հայաստանում, նրանց հոգին, մտքերն Արցախում են։ Շատ արցախցիների համար իրենց գլխով անցածը վատ երազի նման է, մտածում են՝ արթնանան, ամեն ինչ մի ակնթարթում կավարտվի, բայց ո՛չ գիշերն է լուսանում, ո՛չ էլ վատ երազն է ավարտվում։
Արցախի Հանրապետության Մարտունու քաղաքապետի տեղակալ Վիտյա Ավանեսյանի կյանքի գրեթե կես դարն անցել է Արցախում, տեսել է Արցախի բոլոր լավ ու վատ օրերը, հաղթանակները, բոլոր պատերազմներում կորցրել է հարազատներ, ընկերներ, այսօր էլ նա մեծ ողբերգություն է ապրում՝ չկան և՛ հարազատ ընկերներից շատերը, և՛ Արցախը։
Անցած-գնացած օրերի մասին շատ չի խոսում, առավել ևս՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո եղած իրավիճակի մասին։ Սա նրա համար բաց վերքի նման է, որը, ըստ նրա՝ պետք է ոչ թե անտեսել, այլ բուժել, իսկ բուժումը մեկն է՝ վերադարձ հայկական Արցախ։
Նա հիշում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանն առաջին հարվածն է հասցրել Մարտունիին, լուսահոգի քաղաքապետ Ազնավուր Սաղյանն առաջիններից մեկն է եղել, որ զենք է վերցրել ու իր ջոկատով գնացել ամենաթեժ դիրք։ Եթե թշնամին վերցներ այդ դիրքը, հենց նույն օրը՝ սեպտեմբերի 19-ին, կհայտնվեր Մարտունու կենտրոնում, ու որևէ բնակիչ փրկվելու հնարավորություն չէր ունենա։
«Մարտունեցին իր ճակատագիրը չի թողել բախտի քմահաճույքին։ Զենքը ձեռքներին կանգնել են, զինվորի կողքին են շարունակել իրենց պայքարը։ Մարտունու դիրքերից մեկը վերցնելու փորձի ժամանակ թշնամին 400 զոհ է տվել ու չի կարողացել վերցնել։
Նորից հիշեցի, նորից ապրումներս սկսվեցին…
Պարտության, Արցախի կորստի պատճառը պետք է փնտրել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականության, քայլերի մեջ։ Թե չէ ժողովուրդը միշտ էլ պատրաստ է եղել իր պայքարը շարունակել, պատրաստ է նաև հիմա։
Ամեն ինչ այնքան ակնհայտ է, իմ ամբողջ վերլուծությունների, ուսումնասիրությունների արդյունքում եկել եմ այն եզրահանգման, որ ժողովուրդը միշտ պատրաստ է պայքարի՝ ուղղակի Արցախի ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգնաց այն ճանապարհով, որի մասին ի սկզբանե հայտարարում էր»,– 168.am-ի հետ զրույցում նշեց Վիտյա Ավանեսյանը։
Ըստ մեր զրուցակցի, այսօր Արցախի հարցը չփակելու համար ժողովրդից քիչ բան է կախված, ՀՀ իշխանությունը պետք է գործի, թեպետ ակնհայտ է, որ նա գործելու փոխարեն՝ միշտ ժողովրդի առաջ գնալու ճանապարհը փակում է։
«Սեպտեմբերի 19-ին Արցախի ողբերգության առաջին տարելիցը լրացավ, բազմաթիվ քաղաքացիներ, Արցախի իշխանության ներկայացուցիչներ այցելեցին «Եռաբլուր», որտե՞ղ էր ՀՀ իշխանությունը, որևէ մեկը «Եռաբլուր» չգնաց, չհարգեց տղաների հիշատակը։ Իսկապես չեմ հասկանում, թե այս իշխանությունն ինչպես է մտածում, թեպետ արդեն չեմ զարմանում։ Իշխանությունը նախ առաջինը ժողովրդի ձայնը պետք է լսի ու այդ ձայնը հասցնի միջազգային հարթակներ»,- շեշտեց Վիտյա Ավանեսյանը։
1990-ականներից սկսած՝ շատ արցախահայեր, այդ թվում՝ Վիտյա Ավանեսյանը, բազմաթիվ դժվար օրեր են հաղթահարել, բայց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակն անելանելի էր՝ որևէ արցախցի չի պատկերացրել, թե ինչպես կարող է 9-ամսյա բլոկադայից հետո մնալ Արցախում՝ ցեղասպան Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Արցախցին պայքարել է, բայց այնպիսի իրավիճակի էին հասցրել, որ Արցախը տարբեր գյուղերով ու շրջաններով վերցրել էին բլոկադայի մեջ։ Կոնկրետ Մարտունին հայտնվել էր շրջափակման մեջ։ Ճիշտ է, դիրքերից առաջ չէին եկել, բայց չորս կողմից վերցրել էին շրջափակման մեջ ու մեզ ադրբեջանական կողմից հստակ ասել էին՝ կա՛մ բոլորով դուրս եկեք, կա՛մ կոտորածը շարունակվելու է, չենք խնայելու ո՛չ ծեր, ո՛չ մանուկ։ Եթե Մարտունիում մնացած լինեինք միայն տղամարդկանցով, կմնայինք մինչև վերջ, բայց երեխաներ, կանայք կային, թողնեինք՝ սպանեի՞ն։ Դրա համար, երբ ասում են՝ թող արցախցին մնար Արցախում, դուրս չգար, թող հասկանան, ինչպե՞ս էր մնալու, կոտորածից խուսափելու համար ենք լքել Արցախը»,- հավելեց Վիտյա Ավանեսյանը։
Չնայած այս ամենին, այդուհանդերձ, Վիտյա Ավանեսյանը լավատես է՝ մի օր վերադառնալու է Արցախ, որովհետև Արցախում պետք է ապրեն նրա իսկական տերերը՝ հայերը։
«Սպասում եմ ու պատրաստ Արցախ վերադառնալու, և ինձ նման շատերը։ Բայց միջազգային երաշխիք պետք է լինի, որովհետև ադրբեջանցիների հետ որևէ մեկը չի կարող ապրել նույն հողում։ Եթե մի քանի տարի հետո աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, վստահ եմ՝ արցախահայերը բոլորը կվերադառնան Արցախ»,- եզրափակեց Վիտյա Ավանեսյանը։