Լինում է, որ ընտանիքի անդամները մի կերպ, զոռով բերում են, որովհետև արդեն անհնար է տվյալ մարդու հետ ապրել, ուռուցքը սկսում է քայքայվել. Ուռուցքաբան
Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է: Այս տարվա կարգախոսն է՝ լինել իրազեկ, լինել առողջ: Իսկ թե որքանո՞վ է մեր հասարակությունն իրազեկ և արդյո՞ք հետևում է առողջությանը, փորձել ենք պարզել ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մամոլոգիական բաժանմունքի ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանի հետ զրույցում:
– Բժի՛շկ, կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածվածն է՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում: Որո՞նք են տարածվածության պատճառները և ռիսկի գործոնները:
– Այո, կրծքագեղձի քաղցկեղը կանանց չարորակ հիվանդությունների ընդհանուր կառուցվածքում, ցավոք, զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Պատճառները բազմաթիվ են. հիմնականում գենետիկ պատճառներն են, որոնք ստեղծում են նախատրամադրվածություն, երկրորդը վաղ մենարխեն է, ուշ դաշտանադադարը, ուշ առաջնածնությունը: Հաշվում են, որ 40 տարեկանից հետո, եթե առաջնածին է, դա էլ է նպաստում, հաջորդը կրծքով քիչ կերակրելն է: Չմոռանանք նաև ծխելու, ալկոհոլի չարաշահման մասին: Ի դեպ, ծխելն ազդում է նաև նախքան երեխա ունենալը: Իրենց դերն ունեն նաև սնունդը, էկոլոգիան՝ ինչպես այս, այնպես էլ՝ մյուս քաղցկեղների դեպքում:
Ցավոք, տարեցտարի դեպքերը շատանում են: Եթե նայենք վերջին 5 տարվա կտրվածքով, ապա 2018թ. եղել է 1044 նոր դեպք՝ մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերված, իսկ 2022թ. այն կազմել է 1547: Սա խոսում է այն մասին, որ կա թվի ավելացում. պատճառները օբյեկտիվ և սուբյեկտիվ են: 2019 թվականից հետո թիվը մի փոքր միջինացված է, 1300-ի սահմաններում էր: Դա ավելի շատ պայմանավորված էր կորոնավիրուսով, որ մարդիկ ավելի քիչ էին դիմում և այլն, իսկ վերջին տարիներին ավելացումը կապված է նրա հետ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնն Առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպել է սկրինինգային ծրագիր, որտեղ 50-60 տարեկան կանանց համար անվճար մամոգրաֆիկ հետազոտություն է անցկացվում: Իրականացվել է Տավուշում, Լոռիում, Սյունիքում, հիմա՝ նաև Շիրակում: Սա նպաստում է ուռուցքների վաղ հայտնաբերմանը, երբ դեռ այն չի շոշափվում, փոքր է:
– Որքան էլ անվճար է, բայց կանայք, երբ տեղեկանում են, որ ուռուցք ունեն, շարունակո՞ւմ են բուժումը, թե՞ ըստ հայկական ավանդույթի, ասում են՝ թող մնա:
– Ցավոք, ունենում ենք դեպքեր, երբ տարբեր պատճառներով հրաժավում են բուժումներից: Դա խելամիտ չէ, որովհետև գալիս է մի պահ, որ, ցավոք, արդեն ստիպված են դիմում: Գուցե չհավատաք, բայց լինում է, որ ընտանիքի անդամները մի կերպ, զոռով բերում են, որովհետև արդեն անհնար է տվյալ մարդու հետ ապրել՝ ուռուցքը սկսում է քայքայվել: Հոտի առկայության և սանիտարական անտանելի վիճակից ելնելով՝ պարզապես հարկադրում են, ստիպում ու բերում բժշկի:
– Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման գործում դեր ունի՞ նաև խիտ գեղձային հյուսվածքը:
– Այո: Նախ դիագնոստիկան է շատ դժվար: Երբ գեղձային հյուսվածքը խիտ է, և այն ավելի բնորոշ է երիտասարդ կանանց, շատ դժվար է ախտորոշում իրականացնել՝ ոչ միայն քաղցկեղի, այլև մաստոպատիաների, որոնք կարող են հետագայում քաղցկեղի առաջացման հիմք հանդիսանալ:
– Երիտասարդ կանանց մոտ շատ են հանդիպում ֆիբրոադենոմաներ, կիստաներ: Դրանք հիմնականում բարորա՞կ են, թե՞ նաև չարորակ դառնալու վտանգ կա:
– Երիտասարդ կանանց մոտ են նկատվում, քանի որ դրանք հորմոնկախյալ հիվանդություններ են: Ֆիբրոադենոմաները, որպես կանոն, բարորակ են, բայց կա տարատեսակ՝ տերևանման ֆիբրոադենոման, որը կարող է ժամանակի ընթացքում, չափերի մեծանալուն զուգահեռ՝ գնալ դեպի չարորակացում: Դրա համար, երբ լինում է ֆիբրոադենոմա, առաջարկում ենք վիրահատություն, իսկ տերևանմանի դեպքում հաստատապես ենք առաջարկում վիրահատել: Մաստոպատիաների դեպքում երբ դիմում են, ու հարցնում ենք՝ ի՞նչ գանգատներ ունեն, պատասխանում են, որ ցավ չունեն: Չարորակ ուռուցքի դեպքում էլ են ուշ դիմում՝ ասելով, որ չէր խանգարում, չէր ցավում: Ցավոք, այն չցավելով՝ իր սև գործն անում է: Իսկ մաստոպատիայի դեպքում, 1 սմ կիստայի ժամանակ կինը շատ արագ, ցավից դրդված, ժամերի, օրերի ընթացքում դիմում է: Մաստոպատիաները վտանգավոր չեն, բայց պետք է բուժել, որովհետև նրանց խորանալու դեպքում կարող են առաջանալ դրանց հետևանքները. կա օջախային մաստոպատիա, որը կարող է ժամանակի ընթացքում ավելի խորանալ, գնալ դեպի նախաքաղցկեղ:
– Հաճախ ասում են, որ ֆիբրոադենոմաները պետք չէ վիրահատել՝ կախված որոշակի չափսից: Վիրահատությունից հետո դրանք արդյո՞ք բազմանում են, թե՞ ոչ:
– Երբ լինում են մինչև 2 սմ, ես ինքս ասում եմ, որ պետք է հսկել: 6 ամիս հետո անպայման առաջարկում ենք, որ պացիենտը գա, անի սոնոգրաֆիկ հետազոտություն: Եթե տեսնում ենք, որ ավելի արագ աճման տեմպ կա, առաջարկում ենք վիրահատական բուժում: Հսկողության դեպքում տեսնում ենք նաև՝ մնացել է այդ մե՞կը, թե՞ ավելացել են: Հնարավոր է նաև, որ չափը մնա նույնը, բայց կառուցվածքային փոփոխության ենթարկվի: Իսկ եթե լինում է բազմակի, առաջարկում եմ մեկ տարի հսկել: Մեր գործունեության ընթացքում կարծես դեպք չի եղել, որ մեկ հատը հեռացնելիս տեսնենք, որ նորն առաջանա:
– Հղիության ընթացքում հնարավո՞ր է , որ շատանա ֆիբրոադենոման:
– Ավելի շատ հղիության ընթացքում է քանակական ավելացում լինում: Ունեցել եմ պացիենտ, ում երկու աղջիկները նախքան ամուսնությունը ստուգվեցին, նրանց մոտ կար այդ խնդիրը, կարծես թե ավելի շատ ժառանգական նախատրամադրվածություն էր: Մեկի մոտ հեռացրեցինք, մյուսի դեպքում պահեցինք հսկողության տակ:
– Բիոպսիայից շատ են վախենում, երբեմն իրար խորհուրդ են տալիս չգնալ բիոպսիա անելու:
– Բիոպսիան անհրաժեշտություն է: Առանց ուռուցքի ենթատիպը որոշելու ոչ մի բուժում հնարավոր չէ կազմակերպել: Այն վտանգավոր չէ, անվնաս է: Ուռուցքին չենք «գազազեցնում», չկա նման բան:
– Խոսենք մի քանի միֆի մասին: Արդյո՞ք դիոդային, լազերային էպիլյացիաների դեպքում վնասվում է կրծքագեղձը, և արդյո՞ք ալյումին պարունակող հակաքրտինքային միջոցները ևս վնաս կարող են հասցնել:
– Չէ, կարծում եմ, դրանք քաղցկեղածին ազդեցություն չունեն: Պետք է պարզապես փորձել ընտրել որակյալն ու անվտանգը:
– Երբ տեղեկանում են, որ ուռուցք ունեն, առաջին հերթին դիմում են բուսաբուժությանը: Երբեմն ասում են՝ կաղամբ դրեք, ցավը քաշում է, կաթի մեջ յոդ են լուծում և այլն:
– Հատկապես ձմռանը կատակով ասում եմ՝ հո կաղամբը ցուրտը չէ՞ր տարել, պատասխանում են՝ չէ: Իհարկե, դա ճիշտ չէ, որպես բուժում՝ ընդունելի չէ, ու ամենակարևորը, այս ամենը կատարելով՝ իրական բուժման ժամանակն են հետաձգում:
– Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց հետ շատ եք առնչվում, ի՞նչ եք նկատում՝ պայքարո՞ղ տեսակ են, թե՞ թևաթափ են լինում ու հոգեբանի աջակցության անհրաժեշտություն է լինում:
– Ավելի շատ երևի հանդիպում են կանայք, ովքեր գալիս են պայքարելու ու ինչ-որ տեղ քեզ պարտադրում են, որ դու էլ միանաս բուժմանը: Ընդ որում, շատ ավելի հեշտ է, երբ ինչ-որ տեղ պատասխանատվությունը քեզ են փոխանցում ու իրենք ավելի թեթևանում են: Կան կանայք, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ չեն ուզում պայքարել, ու ստիպված ես լինում բացատրել, դիմել հոգեբանի օգնությանը: Եթե հիվանդը միանում է հիվանդությանը՝ բժիշկը մնում է մենակ, իսկ եթե հիվանդը միանում է բժշկին՝ ընդդեմ հիվանդության, ավելի հեշտ է լինում:
Մանրամասները՝ տեսանյութում