
Սերբիայում կառավարող կուսակցության գրասենյակների վրա հարձակումների հետևանքով շուրջ 70 մարդ է տուժել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Նովի Սադում ավելի քան 60 մարդ է տուժել Սերբիայի առաջադեմ կուսակցության (ՍԱԿ) և նրա կողմնակիցների շենքերի վրա ցուցարարների հարձակումների հետևանքով։
«Հարձակվողները՝ շրջափակումների մասնակիցները, շենքի հետևի մասից մոտեցել են փայտերով, քարերով և գրոհել։ Մենք ունենք ավելի քան 60 վիրավոր քաղաքացի։ Միայն Նովի Սադում Սերբիայի առաջադեմ կուսակցության շենքում կա 64 վիրավոր։ Վերջին պահին մեզ հաջողվել է ապահովել շտապօգնության մուտքը նրանց մոտ», – ասել է Վուչիչն արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ բախումների վայրում մարդիկ «բառացիորեն լողում են արյան մեջ»։
«Մենք այժմ հսկողություն ենք հաստատում, տեղափոխում ենք ոստիկանության ավելի շատ աշխատակիցների։ Կվերականգնվեն հասարակական կարգն ու անդորրը», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նշել է նախագահը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտնել էր, որ երեկոյան բողոքի ցույցերի և անկարգությունների ընթացքում տուժած ոստիկանների թիվը հասել է 15-ի: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ որոշ քաղաքներում չհամաձայնեցված ակցիաների մասնակիցները հարձակվել են ՍԱԿ-ի շենքերի և ոստիկանական ջոկատների վրա՝ նրանց վրա նետելով քարեր, ձողեր և հրատեխնիկա:
Ոստիկանության տվյալներով՝ վերջին օրվա ընթացքում գրեթե 70 մարդ է վնասվածքներ ստացել Բելգրադում, Նովի Սադում, Նիշում, Կրագուևացում և այլ քաղաքներում ծայր առած անկարգությունների հետևանքով: