Ասպիրինը, այրոցի դեմ դեղորայքը, գաստրիտը կապ ունե՞ն ստամոքսի քաղցկեղի հետ

Ստամոքսի քաղցկեղն առաջանում է, երբ ստամոքսի առողջ բջիջները կորցնում են իրենց բնորոշ ֆունկցիաները և սկսում են անկանոն բաժանվել՝ առաջացնելով ուռուցք, որը կարող է լինել քաղցկեղային կամ բարորակ։

Քաղցկեղը կարող է սկիզբ առնել ստամոքսի ցանկացած հատվածում և տարածվել մոտակա ավշային հանգույցներով դեպի մարմնի այլ մասեր՝ լյարդ, ոսկրեր, թոքեր և կանանց դեպքում՝ նաև ձվարաններ։ Հիվանդության զարգացման և պատճառների մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Մեծահասակների սոլիդ ուռուցքների բաժանմունքի ուռուցքաբան Մարինե Ռուշանյանի հետ։

– Բժի՛շկ, ի՞նչն է հանգեցնում ստամոքսի քաղցկեղի զարգացմանը, որո՞նք են պատճառները։

Ստամոքսի քաղցկեղի առաջացմանը նպաստող տարբեր գործոններ կան։ Կարող են դեր խաղալ և՛ ժառանգական ֆակտորը, և՛ միջավայրային տարբեր գործոնները։ Ռիսկի գործոններից են՝ ճարպակալումը, ապխտած, կոնսերվացված մթերքները, ծխելը, որը, ըստ տարբեր հետազոտությունների՝ մոտ երկու անգամ բարձրացնում է ստամոքսի քաղցկեղի ռիսկը։ Իսկ առողջ ապրելակերպը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը։ Դրա մեջ մտնում է ֆիզիկական աշխատանքը, քաշի պահպանումը։ Համաձայն որոշ հետազոտությունների՝ հատկապես ցիտրուսային մրգերը զգալիորեն նվազեցնում են ստամոքսի քաղցկեղի ռիսկը։

Կարդացեք նաև

Ասում են, որ չոր սնունդ շատ օգտագործելը ստամոքսի քաղցկեղի կարող է հանգեցնել, այդպե՞ս է։

– Կարևոր է բալանսավորված սննդակարգի ընդունումը՝ լինի չոր սնունդ թե ջրալի ապուր, որը քիչ կանցերոգեններ կպարունակի։ Եթե մարդը սնունդը նորմալ ծամում և կուլ է տալիս՝ չեմ կարծում, որ ստամոքսի վնասումներ լինեն, որը կհանգեցնի քաղցկեղի։

– Ի՞նչ կասեք ալկոհոլի վերաբերյալ։

– Ալկոհոլը տարբեր, այդ թվում՝ ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն է։ Ըստ որոշ հետազոտությունների՝ օրը մոտ երեք բաժակ ալկոհոլը մեծացնում է ստամոքսի քաղցկեղի ռիսկը։ Չմոռանանք նաև հելիկոբակտեր պիլորիի մասին, որը մեծ դեր ունի ստամոքսի քաղցկեղի առաջացման գործում։ Այն առաջացնում է բորբոքումներ, որոնք երկար տարիների ընթացքում կարող են վերափոխվել ստամոքսի քաղցկեղի։ Կա նաև մեկ գենի մուտացիա, որը շատ մեծ ռիսկ է՝ ստամոքսի քաղցկեղի համար։ Ու եթե ընտանիքի մեկ անդամի մոտ այն հայտնաբերվում է, ապա մյուսներն էլ պետք է հետազոտվեն։ Եթե առկա է գենի այդ մուտացիան՝ ստամոքսի քաղցկեղի ռիսկը 70-100 տոկոս է, և հիմնականում խորհուրդ է տրվում այդ դեպքում կատարել ստամոքսի հեռացում։

– Ի՞նչ է հելիկոբակտեր պիլորին։

– Բակտերիա, որը փոխանցվում է մարդուց մարդուն։ Աշխարհում բնակչության մոտ 50 տոկոսը վարակակիր է։ Բայց սրա առկայության դեպքում անպայման չէ, որ առաջանա ստամոքսի քաղցկեղ․ նպաստող գործոններ պետք է լինեն։

Այժմ քննարկվում է, թե արդյո՞ք արժե հելիկոբակտերը վերացնել այն վարակակիր մարդկանց մոտ, ովքեր չունեն ախտանշաններ, գաստրիտ։

– Մարդիկ հաճախ են այրոցի դեմ դեղորայք օգտագործումայն կարո՞ղ է հանգեցնել ստամոքսի խոցի կամ քաղցկեղի առաջացման։

 – Գաստրիտը, խոցը, տարբեր բորբոքային պրոցեսները ժամանակի ընթացքում կարող են վերափոխվել քաղցկեղի։ Ստամոքսը թթվային միջավայր ունի, և եթե ճնշվում է թթվային միջավայրը, նպաստավոր պայման է ատրոֆիկ գաստրիտի առաջացման համար։ Իսկ չբուժվելու դեպքում կարող է մեծանալ ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը։

Հատկապես սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներն օգտագործում են ասպիրին պարունակող դեղորայք որքանո՞վ է այն վտանգավոր։

Ասպիրինը, համաձայն շատ հետազոտությունների, հակառակը, հատկապես հաստ աղու քաղցկեղի ռիսկի նվազեցման մեջ դեր ունի, սակայն մյուս կողմից՝ վնասում է ստամոքսը, քանի որ երկար ժամանակ ստամոքսի վնասումը կարող է հանգեցնել ստամոքսաբորբի և ինչ-որ չափով մեծացնել ռիսկը։

Ստամոսքի քաղցկեղը վաղ փուլում չի արտահայտվում, բայց կա՞ն հուշող նշաններ։

Այո, ստամոքսի քաղցկեղի ամենավատ կողմերից մեկն այն է, որ վաղ փուլում կարող է որևէ դրսևորում չունենալ, կամ այնպիսի ախտանշաններ ունենալ, ինչպիսին այրոցն է։ Հնարավոր է՝ ստամոքսում անհարմարավետություն լինի, դժվարամարսություն, ուտելուց հետո փքվածության զգացում։ Սակայն սրանք այնպիսի ախտանշաններ են, որոնք շատերի մոտ են լինում, և կարող է կապված չլինել քաղցկեղի հետ։ Ավելի ուշ փուլերում, երբ տարածվում են մետաստազները, գանգատներ են առաջանում ախտահարված այլ օրգանների կողմից։ Ստամոքսի քաղցկեղին բնորոշ է որովայնի օրգանները պատող որովայնամզի ախտահարումը, որի դեպքում սկսում է որովայնում հեղուկ կուտակվել, առաջանում է որովայնի փքվածություն, ինչն էլ հաճախ ստիպում է, որ դիմեն բժշկի, ինչն արդեն ուշ փուլ է համարվում։

Եթե ուռուցքը տեղակայված է կերակրափող-ստամոքս հատվածում, կարող է նեղացնել այդ լուսանցքը, և կերակուրի անցումը կերակրափողից դեպի ստամոքս դժվարանա և այն ուղեկցի ցավերով, փսխումներով։

Մյուսը, եթե ստամոքս-աղիքային անցման հատվածում է գոյացությունը, դժվարանում է ստամոքսից դեպի բարակ աղի անցումը։ Այս դեպքում ևս կարող են փսխումներ լինել։ Հնարավոր է՝ լինեն նաև արյունահոսություններ։ Նշեմ, որ եթե փսխուկային զանգվածի մեջ լինում է սրճանման նստվածք, դա խոսում է ստամոքսից արյունահոսության մասին։ Կղանքում կարող է լինել ձթանման արտադրություն, որը նույնպես արյուն է, խոսում է մարսողական տրակտի վերին հատվածներից արյունահոսության մասին։ Սա նույնպես բնորոշ է ստամոքսի քաղցկեղին։

Ստամոքսի քաղցկեղի ո՞ր տեսակն է տարածված։

– Ստամոքսի քաղցկեղի ադենոկարցինոման։

– Խոսենք բուժման եղանակներից։ Օրինակ, արտերկրում կիրառվում է ստամոքսի քաղցկեղի բուժման հիպերտերմիկ ներպերիտոնեալ քիմիաթերապիա, երբ տաքացված հեղուկը լցվում է որովայնի խոռոչ, ներգործում քաղցկեղային ուռուցքի վրա։ Որքանո՞վ է այն արդյունավետ։

Այն իրականում շատ ծանր պրոցեդուրա է համարվում։ Որոշ երկրներում կիրառում են, որոշներում՝ ոչ։ Բավարար ապացուցված չէ ստամոքսի քաղցկեղի համար, բայց ապացուցողական հոդվածներ կան՝ ձվարանի քաղցկեղի դեպքում դրա կիրառման համար։

Ամբողջ աշխարհում ընդունված բուժման մեթոդները մի քանիսն են։ Քաղցկեղի բուժման դեպքում իրականացվում է հիմնականում դեղորայքային թերապիա, ճառագայթային թերապիա և վիրաբուժություն։ Ստամոքսի քաղցկեղի դեպքում ավելի ակտուալ է քիմիաթերապիան և իմունոթերապիան։

– Հայաստանում ի՞նչ վիճակ է, ո՞ր փուլում են դիմում բժշկի։

– Ցավոք, 3-րդ, 4-րդ փուլերում է հիմնականում ախտորոշվում և 65 տարեկանից բարձր անձանց մոտ է հանդիպում, բայց երիտասարդացում է գնում։

Տեսանյութեր

Լրահոս