Բաժիններ՝

Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Հայաստանը առաջին անգամ մեդալով է վերադարձել Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից (IOAI)․ Վանաձորից 11-րդ դասարանի աշակերտ Արամ Ամիրխանյանը Պեկինում կայացած անհատական մրցույթում նվաճել է բրոնզե մեդալ։

Օլիմպիադան անցկացվել է 2025 թ․ օգոստոսի 2-9-ը՝ ընդգրկելով շուրջ 284 աշակերտ ավելի քան 60 երկրից, որոնք մրցել են 80 թիմերում։ Հայաստանը ներկայացրել է մեկ թիմ՝ Արամ Ամիրխանյանի, Սերյոժա Նազարյանի, Վահե Պլուզյանի և Դավիթ Ջաղացպանյանի մասնակցությամբ։ Նրանք նախապատրաստվել են Generation AI («ԱԲ սերունդ») կրթական ծրագրի շրջանակում:

Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել է 16-րդ տեղը՝ առաջ անցնելով բազմաթիվ երկրների թիմերից։ Սակայն ամենամեծ հաջողությունը եղավ Արամ Ամիրխանյանի անհատական հաղթանակը, որը մեր երկրի համար դարձավ IOAI-ի առաջին մեդալը։

IOAI-ն նոր ձևաչափով միջազգային հարթակ է, որը ներառում է տնային առաջադրանքներ, թիմային փուլեր՝ ռոբոտների սիմուլյացիաներով, և անհատական խնդիրներ՝ հիմնված ալգորիթմների, մաթեմատիկական մոդելավորման ու AI-ի կիրառական լուծումների վրա։ Առաջին անգամ օլիմպիադան անցկացվել է 2024-ին Բուլղարիայում, իսկ այս տարի՝ Պեկինում։

FAST-ի ղեկավար Անուշ Այվազյանի խոսքով՝ այս հաջողությունը կարևոր քայլ է՝ Հայաստանը ընդգրկելու Արհեստական բանականության միջազգային քարտեզում։ Թիմի մարզիչ Տիգրան Իշխանյանը նշել է, որ աշակերտների ստեղծագործական մտածողությունը և ուժեղ բազային գիտելիքները վճռորոշ դեր են խաղացել մրցույթում հաջողություն ապահովելու գործում։

Generation AI ծրագիրը ներկայում ընդգրկում է 19 քաղաք և 23 դպրոց՝ նպաստելով, որ Հայաստանի աշակերտները ստանան ժամանակակից հմտություններ և մրցունակ լինեն տեխնոլոգիական համաշխարհային ասպարեզում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս