Կավելաշվիլին Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու հետ։ Վրաստանի նախագահը պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, Գազայում տիրող իրավիճակը և Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Մասնավորապես անդրադառնալով Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին՝ Քուրթուլմուշը նշել է.

«Ադրբեջանի և Հայաստանի միջև մոտ 35 տարի շարունակված գործընթացն Ադրբեջանի տարածքների ազատագրումով մտել է նոր փուլ և, ի վերջո, Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է կարգավորման գործընթաց»։

Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ ի սրտե հավատում է, որ Ադրբեջանի և Հայստանի միջև կարգավորման գործընթացը կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև խաղաղությանը, այլև կաջակցի ողջ տարածաշրջանի խաղաղությանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ Քուրթուլմուշը նշել է.

«Անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ 33 տարի առանց որևէ բան անելու գործընթացին հետևած և միայն մի քանի առաջարկություն ներկայացրած Մինսկի խմբի անգործությունը հիմա լիովին ապացուցվել է»։

Տեսանյութեր

Լրահոս