Կրծքագեղձի քաղցկեղը հստակ զարգացման պատճառ չունի։ Հիվանդության միայն 20 տոկոսն է պայմանավորված ժառանգական մուտացիայով, որի դեպքում որոշակի տարիք հետո նույնիսկ խորհուրդ է տրվում ապահովության համար հեռացնել կրծքագեղձերը։ 80 տոկոսի դեպքում հիմնականում համարվում է առաջին անգամ ի հայտ եկող հիվանդություն։ Պատճառները զանազան են․ շրջակա մթնոլորտը, սնունդը․․․ քաղցկեղածին նյութերն այսօր շատ են և՛ մեր սննդում, և՛ օդում, ու ինչ-որ մի պահի գենային մակարդակում գնում է վնասում, և ձևավորվում են քաղցկեղային բջիջները։
Ցավոք, ունենում ենք դեպքեր, երբ տարբեր պատճառներով հրաժավում են բուժումներից: Դա խելամիտ չէ, որովհետև գալիս է մի պահ, որ, ցավոք, արդեն ստիպված են դիմում: Գուցե չհավատաք, բայց լինում է, որ ընտանիքի անդամները մի կերպ, զոռով բերում են, որովհետև արդեն անհնար է տվյալ մարդու հետ ապրել՝ ուռուցքը սկսում է քայքայվել: Հոտի առկայության և սանիտարական անտանելի վիճակից ելնելով՝ պարզապես հարկադրում են, ստիպում ու բերում բժշկի: