
Ինչո՞ւ Ալիևի առջև պահանջ չի դրվել գոնե 1 օկուպացված տարածքից դուրս գալ, կամ գոնե 1 գերի վերադարձնել
Կառավարության նիստից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ի պատասխան լրագրողների հարցադրումների՝ խոսեց Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի, Սյունիքով անցնող ճանապարհի, այդ համատեքստում՝ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, իրավազորության ու փոխադարձելիության սկզբունքների մասին։
Լրագրողներն իշխանության ներկայացուցչին հիշեցրին, որ վերջին տարիներին տարածքային ամբողջականության մասին խոսելով՝ Ադրբեջանը նաև ռազմական ճանապարհով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում հայկական տարածքներ է օկուպացրել։
Նախարարն արձագանքեց. «Հարցը հասցեագրվում է նաև սահմանազատման պրոցեսին, և մենք վստահ ենք, որ սահմանազատման պրոցեսի արդյունքում այդ խնդիրներն ամբողջությամբ կլուծվեն»։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս են հարգելու միմյանց տարածքային ամբողջականությունը, երբ դեռ սահմանազատումը չի եղել, սահմանը չի որոշվել, ու ի՞նչ է անելու Հայաստանի Հանրապետությունը, եթե Ադրբեջանն ինչ-որ պահի հայտարարի՝ Սև լճի հարակից տարածքները ձեզ չեմ տալիս, որովհետև դրանք իմն են, նա պատասխանեց․
«Հստակ ձևակերպվել է սահմանազատման այն պրոցեսը և տրամաբանությունը, որն արդեն իրականացվել է Կիրանցում։ Նախորդիվ իրականացված սահմանազատման պրոցեսը մեզ վստահություն է տալիս, որ նախ՝ այդ պրոցեսը շարունակական է լինելու, և երկրորդ՝ այդ պրոցեսով լուծում են ստանալու ձեր թվարկած խնդիրները»։
Դավիթ Խուդաթյանը վստահեցրեց՝ կա պայմանավորվածություն, որ սահմանազատման պրոցեսը շարունակվելու է, և ինքը հավատում է, որ խնդիրները, որոնք հասցեագրվելու են սահմանազատման գործընթացին, իրենց լուծումն են ստանալու խաղաղ ճանապարհով՝ սահմանազատման գործիքի կիրառմամբ։
Լրագրողի հստակեցմանը, թե ինչո՞ւ Ալիևի առջև պահանջ չի դրվել՝ թեկուզ մեկ տարածքից զորքերը դուրս բերել, գոնե մեկ գերի վերադարձնել, Դավիթ Խուդաթյանը արձագանքեց․ «Մենք սկսել ենք խաղաղության պրոցես, որի ընթացքում, վստահ եմ՝ ձեր թվարկած խնդիրները լուծվելու են»։
Մանրամասները՝ տեսանյութում