
Կլյուչևսկոյ հրաբուխը 6,5 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել․ կա սպառնալիք ավիափոխադրումների համար

Կամչատկայի Կլյուչևսկոյ հրաբուխը 6,5 կիլոմետր բարձրությամբ հզոր մոխրի ամպ է արտանետել՝ սպառնալիք ստեղծելով ավիափոխադրումների համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խումբը:
«Մոխրի ամպը տարածվել է հրաբխից 52 կիլոմետր արևելք», – նշել են գիտնականները:
Ավիացիայի համար սահմանվել է վտանգի նարնջագույն կոդ, ինչը սպառնալիք է համարվում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ավիափոխադրումների համար:
Հրաբխի ներկայիս արտանետումը երկրորդն է օրվա ընթացքում:
Կլյուչևսկոյը, որը գտնվում է Կլյուչի գյուղից 30 կիլոմետր հեռավորության վրա, մնում է Եվրասիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը։ Վերջին ուժեղ ժայթքումը սկսվել է հուլիսի 31-ին՝ հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից անմիջապես հետո։ Հրաբուխը 5-ից 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուներ է արձակել։ Մոխիրը թափվել է Ուստ-Կամչատսկի շրջանի բնակեցված տարածքներում։