Ռենտգենը, ԿՏ-ն, կարմիր միսը կարո՞ղ են հաստ աղու քաղցկեղի առաջացման պատճառ լինել. պարզաբանում է ուռուցքաբանը

Հաստ աղու քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ հաստ աղու առողջ բջիջների ԴՆԹ-ում զարգանում են փոփոխություններ (մուտացիաներ): Հիվանդության զարգացման, բուժման մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան Արմեն Նիկողոսյանի հետ։

– Հաստ աղիի քաղցկեղը նաև անվանում են կոլոռեկտալ քաղցկեղի՞նչ հիվանդություն է սա և ո՞ր դեպքում է զարգանում։

– Կոլոռեկտալ քաղցկեղը հավաքական հասկացություն է, որի մեջ մտնում են և՛ հաստ աղու բոլոր հատվածների ուռուցքային պրոցեսը, և՛ ուղիղ աղու, բայց, քանի որ բուժման տակտիկան տարբեր է, տարանջատում ենք, որովհետև ուղիղ աղու քաղցկեղի բուժումն՝ ըստ բուժման ընթացակարգերի, տարբերվում է հաստ աղու մնացած հատվածների բուժումից։

Հիվանդությունը բավական տարածված է, ամբողջ աշխարհում գրավում է 3-րդ տեղը՝ թոքի և կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Տարեկան ամբողջ աշխարհում գրանցվում է 1 միլիոն դեպք։ Երբ հաստ աղու բջիջները սկսում են վերակազմավորվել, աճում են և սկսում տարածվել հարևան օրգանների վրա՝ տալով մետաստազներ ավշային և արյունատար համակարգի միջոցով։

Կարդացեք նաև

Հիվանդության առաջացման գործում նշանակություն ունեն բազմաթիվ գործոններ։ Առաջնահերթ նշանակություն ունեն մարդու ապրելակերպը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ճարպակալումը, ոչ ակտիվ ֆիզիկական կյանք վարելը։ Նշանակություն ունի կարմիր մսի երկարատև օգտագործումը, իսկ արագ պատրաստվող սննդի մեծ քանակությամբ օգտագործումը հանգեցնում է որոշ պրոցեսների ի հայտ գալուն, քաղցկեղի առաջացմանը։

Գանգատները կարող են տարբեր լինել։ Հիմնական գանգատը կարող է լինել կղանքի մեջ արյուն, լորձային բնույթի արտադրություն։ Ուռուցքը մեծանալով՝ սկսում է փակել ուղու լուսանցքը, որն արդեն բերում է փորկապության։ Դրան կարող է հաջորդել լուծը, սրտխառնոցը, ընդհանուր թուլությունը, որոշ դեպքերում՝ ախորժակի բացակայությունը, քաշի կորուստը։

Հիվանդությունը մեծ մասամբ հայտնաբերվում է 3-րդ կամ 4-րդ փուլում, երբ բուժումն արդեն դժվարանում է։

Պոլիպները կարո՞ղ են հանդիսանալ հաստ աղու քաղցկեղի առաջացման պատճառ։

– Կարևոր նշանակություն ունեն նաև նախաքաղցկեղային հիվանդությունները, որոնց մեջ մտնում են պոլիպները, Կրոնի հիվանդությունը, խոցային կոլիտը, ինչպես նաև ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը, որը ևս նախաքաղցկեղային հիվանդություն է։ Նշանակություն ունի նաև ժառանգական գործոնը։

Պոլիպները հեռացնելով՝ կանխո՞ւմ ենք քաղցկեղը, դրանք ունե՞ն կրկնվելու հավանականություն։

– Պոլիպները հեռացնելուց հետո մենք հաստ աղու քաղցկեղի առաջացման հավանականությունը, կարելի է ասել, լրիվ վերացնում ենք։ Դրա համար կարևոր է ժամանակին դիմելը և կոլոնոսկոպիկ հետազոտություն անցկացնելը։

Կանխարգելման համար կարևոր նշանակություն ունի սկրինինգը։ Իրականացվում է կղանքի մեջ թաքնված արյան հայտնաբերումը։ Կղանքի իմունոքիմիական անալիզները թեստեր են, որոնք, եթե հայտնաբերում են կղանքի մեջ արյուն, նշանակում է, որ հաստ աղիում գոյություն ունի պրոցես, որը բերում է դրան։ Դրանք նախաքաղցկեղային հիվանդություններն են, պոլիպները։

Կարևոր նշանակություն ունի կոլոնոսկոպիան, որի ժամանակ հայտնաբերվում են փոքր պոլիպները, կասկածի դեպքում հեռացնում։ Կատարվում է նաև բիոպսիա, որը միակ վերջնական մեթոդն է, որի հետևանքով մենք քաղցկեղ ախտորոշումն ենք դնում։

– Կոլոնոսկոպիայի համար ո՞ր տարիքից կարող են դիմել։

– 45-50 տարեկանից բարձր անձինք տարեկան գոնե մեկ անգամ պետք է հետազոտվեն՝ հատկապես գանգատների առկայության դեպքում, որպեսզի պրոցեսները հայտնաբերենք ավելի վաղ փուլում։

Մարդկանց մեծ մասը տանել չի կարողանում կոլոնոսկոպիանինչպե՞ս պատրաստվել դրան։

– Ճիշտն ասած՝ հիմա բավականին փոխվել է նախատրամադրվածությունը, որովհետև հետազոտությունն անցկացվում է ներերակային անզգայացման տակ, և հիվանդը ոչինչ չի զգում։

– Ո՞ր տարիքի մարդկանց մոտ է շատ հայտնաբերվում հաստ աղու քաղցկեղը, վա՞ղ է հայտնաբերվում, թե՞ ավելի ուշ։

– Կարելի է ասել՝ վաղ շրջանում հայտնաբերված դեպքերը բավականին քիչ են։ Պատահում է, որ ուրիշ հիվանդության համար բժիշկը նշանակում է համակարգչային շերտագրում, որի ժամանակ հայտնաբերվում է գոյացություն՝ վաղ փուլում։

Ավելի շատ հիվանդությունը 2-3-րդ փուլերում է հայտնաբերվում, երբ արդեն մեծ ծավալի վիրահատություն է ցուցված։ Երբ հիվանդը ուշացած է դիմում, աղիի լուսանցքը փակվելուց հետո անհրաժեշտություն է առաջանում երկու էտապով վիրահատություն կատարել, երբ ուռուցքը հեռացնելուց հետո արհեստական սրբան է ձևավորվում, և որոշ ժամանակ անց հիվանդը կրկին ենթարկվում է վիրահատության, և նոր վերականգնվում է ստամոքսաղիքային տրակտի ամբողջականությունը։

Ուշ փուլերում հիվանդները ստանում են քիմիոթերապիա, ճառագայթային բուժում։

Կա տեսակետ, որ ռենտգենը և համակարգչային շերտագրումը (ԿՏ) հաստ աղու քաղցկեղի առաջացման պատճառ կարող են լինել, բայց ՄՌՏ-ն՝ ոչ։ Այդպե՞ս է։

– Տարբեր հետազոտություններ են, ռենտգենը և համակարգչային շերտագրումը (ԿՏ) իրենցից որոշակի ճառագայթում ներկայացնում են, բայց այսօրվա տեխնիկայի ճառագայթային ծանրաբեռնվածությունն այնքան չնչին է, որ չեն կարող որոշակի խնդիրներ առաջացնել հիվանդի մոտ։ Իսկ ՄՌՏ-ն ճառագայթում չունի, մագնիսական դաշտի միջոցով է կատարվում այդ հետազոտությունը։ Փոքր ճառագայթումը չի կարող առաջացնել չարորակ հիվանդություն։

– Չինացիները 2024թ ուսումնասիրություն են կատարել դեռևս մկների վրա, որը փաստում է, որ սթրեսը կարող է հաստ աղու քաղցկեղի պատճառ լինել, որովհետև, ըստ նրանց, աղիների օգտակար բակտերիաների թիվը նվազում է։ Հավանակա՞ն է։

– Սթրեսային գործոնը կարող է որոշակի նշանակություն ունենալ, բայց ավելի շատ հակված եմ նրան, որ պատճառը նախաքաղցկեղային հիվանդություններն են, կենսակերպը, ալկոհոլի չարաշահումը, ծխելը, բայց սթրեսը կարող է ինչ-որ փոփոխություններ բերել, որը կլինի նպաստող գործոն։

– Զրույցի սկզբում խոսեցիք կարմիր մսի մասինհայերը, կարելի է ասել, մսակեր են։ Կա՞ չափ, թե մեկ ամսում ինչքա՞ն օգտագործեն, որ խնդիր չառաջանա։

– Կդժվարանամ չափ ասել, բայց չարաշահումը հաստատ կհանգեցնի հաստ աղիի քաղցկեղի առաջացման։ Հատկապես տապակած կարմիր միսը կարող է բերել ստամոքսաղիքային տրակտի որոշակի փոփոխությունների, որը հետագայում կարող է քաղցկեղ առաջացնել։

– Թութքը և աղիների բորբոքումները ևս հանգեցնո՞ւմ են աղիների քաղցկեղի։

– Թութքը, խոցային կոլիտը բորբոքային հիվանդություն է, կարող է հանդիսանալ նախաքաղցկեղային հիվանդություն և երկար ժամանակ չբուժելու դեպքում, հնարավոր է, առաջացնի հաստ աղու քաղցկեղ։

Ինչպե՞ս է բուժվում հաստ աղու քաղցկեղը, աղին մասնատո՞ւմ են։

– Հաստ աղին ունի տարբեր հատվածներ՝ կույր աղիք, վերել հաստ աղիք, լայնական հաստ աղիք, փայծաղային անկյուն, սիգմայաձև հաստ աղիք։ Վիրահատական միջամտությունների ծավալը կախված է նրանից, թե ուռուցքն ի՞նչ տեղակայում ունի, այսինքն՝ հաստ աղու ո՞ր հատվածում է տեղակայված, ըստ դրա էլ՝ գոյություն ունեն վիրահատական տարբեր միջամտություններ։ Օրինակ, հաստ աղիի ձախակողմյան կեսի դեպքում, հատկապես, եթե ուղեկցվում է անանցանելիությամբ, արդեն կրկնակի վիրահատությունների անհրաժեշտություն է առաջանում, երբ առաջին էտապով աղին դուրս է բերվում արհեստական սրբանի ձևով։ Իսկ աջ կեսի դեպքում նմանատիպ վիրահատություններ ավելի քիչ են իրականացվում։

Աղին մասնատվում է, դրվում է բերանակցում, վերականգնվում է աղու ամբողջականությունը։

Վիրահատությունն արվում է լապարասկոպիկ մեթոդով, որը կրճատում է հետվիրահատական բարդությունների քանակը, բուժառուի՝ հիվանդանոցում գտնվելու տևողությունը։

Ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում են նաև կարող սարքերը, որոնք կրճատում են հետվիրահատական բարդությունները, ինչպիսիք արյունահոսություններն են, աղեստամոքսի կարերի անբավարարությունը։

Ինչպե՞ս կանխել հաստ աղիի քաղցկեղի առաջացումը։ Կա կարծիք, որ կալցիում պարունակող մթերքը կանխում է այն։

– Որոշակիորեն կանխում է, բայց չպետք է չարաշահել արագ սնունդը, պետք է վարել ակտիվ կենսակերպ, խուսափել ճարպակալումից, չծխել, ալկոհոլ չօգտագործել, ժամանակին կատարել պրոֆիլակտիկ հետազոտություն։

Տեսանյութեր

Լրահոս