Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը, ի դեմս Սերգեյ Մարաբյանի, Արմեն Աշոտյանին վերագրվող փողերի լվացման հանցակազմի հիմնավոր կասկածը հաստատված չի համարել, իսկ դատավոր Դոլմազյանը մերժեց բոլոր միջնորդությունները. սկսվել են ՀՀԿ փոխնախագահի գործով հիմնական լսումները
Սեպտեմբերի 27-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, շարունակվում էր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ բողոքի քննությունը: Բողոքի քննությունը պետք է ընթանար գրավոր ընթացակարգով, սակայն դատավոր Մարաբյանը որոշում էր կայացրել այն անցկացնել բանավոր ընթացակարգով: Ավելի վաղ կայացած նիստն ընդհատվել էր դատախազի ու քննիչի չներկայանալու պատճառով:
Այդ օրվա նիստը նույնպես երկար չտևեց. Նիստի մեկնարկից մեկ ժամ անց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ խափանման միջոցի միջնորդության քննությունն ավարտվել է, և Արմեն Աշոտյանը չի կարող լինել ազատության մեջ, քանի որ այս ընթացքում դատախազը հասցրել է գործը հանձնել դատարան:
Եվ իսկապես, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքները և Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, սկսվեց Արմեն Աշոտյանի վերաբերյալ հարուցված շինծու քրեական վարույթով հիմնական դատալսումների առաջին նիստը: Դատական նիստերի դահլիճը բազմամարդ էր: Այստեղ էին Արմեն Աշոտյանի ընկերները, կուսակիցները, պարզապես սովորական ՀՀ քաղաքացիներ:
Ուշագրավ էր, որ կարծես թե միտումնավոր Արմեն Աշոտյանի գործի քննության համար ընտրվել էր դատական նիստերի բավականին փոքր դահլիճ. Համակիրների զգալի մասը չէր կարող հետևել նիստին դատական նիստերի դահլիճից: Դատական նիստերի դահլիճ չկարողացան մտնել լրագրողներ, ինչպես նաև Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության համար անձնական երաշխավորություն ներկայացնող անձինք, մասնավորապես՝ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը:
Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Ռուբեն Մելիքյան, Հաբեթ Մարտիրոսյան, Տիգրան Աթանեսյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:
Դատական նիստի սկզբին նույնականացվեցին դատավարության մասնակիցները:
Այնուհետև դատավոր Վահե Դոլմազյանն ասաց, որ Արմեն Աշոտյանի պաշտպաններից Հաբեթ Մարտիրոսյանի հետ միասին աշխատել են գլխավոր դատախազությունում, և թեպետ վերադաս-ստորադաս հայտարարություններ չեն եղել, ինքն այնուամենայնիվ տեղեկացնում է այդ մասին, որ եթե կողմերը բացարկի միջնորդություն ունեն, ներկայացնեն այն:
Տիգրան Աթանեսյանն ասաց՝ իրենց համար ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, հետևաբար՝ կարևոր չէ, թե ով կլինի այս գործով դատավորը. Բացարկ չունեն: Ռուբեն Մելիքյանը միացավ Տիգրան Աթանեսյանին, ապա հանդես եկավ միջնորդությամբ, որ առանց որևէ մեղադրյալի՝ դատական նիստը չշարունակել, նշեց, որ դա օրենքի իմպերատիվ պահանջն է: Պաշտպաններ Մարգար Սողոմոնյանը, Հաբեթ Մարտիրոսյանը, ինչպես նաև Արմեն Աշոտյանը ևս նման միջնորդությամբ հանդես գալու ցանկություն չունեին: Փոխարենը՝ պաշտպանական կողմը բացարկ ուներ դատախազներին, սակայն նշեցին, որ դա ոչ թե անձանց դեմ է, այլ այն բանի, որ մեղադրանքը կապ չունի պետական իշխանության դեմ հանցագործության հետ, հետևաբար՝ այդ վարչության դատախազների ներկայությունը նիստին պատճառաբանված չէ:
Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ պետք է արձանագրել դատախազության ազնվությունը: Փաստացի գործն այս վարչության դատախազներին հանձնելն ապացուցում է, որ դատախազության կողմից այս գործը կարվել է բացառապես սեփական իշխանության պահպանության համար:
Դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց:
Միջնորդությամբ հանդես եկավ նաև Մարթա Սիմոնյանի պաշտպան Սիմոնյանը: Ռուբեն Մելիքյանը դատարանին միջնորդեց իրենց ժամանակ տրամադրել ծանոթանալու վերջինիս ներկայացրած միջնորդությանը, սակայն դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ միջնորդությունն իր կողմից ոչ թե մերժվել է, այլ հետաձգվել, հետևաբար՝ իրենց իրավունքների սահմանափակման մասին խոսք լինել չի կարող: Այնուհետև տևական ժամանակ քննարկում ընթացավ հին և նոր քրեական օրենսգրքերի մեջ Արմեն Աշոտյանին վերագրվող հանցակազմին: Վերջինիս պաշտպանական կողմը պնդում էր՝ հոդվածը վերացել է, հետևաբար՝ գործն այդ մասով պիտի կարճվի: Մեղադրող կողմն առարկեց, դատարանն էլ մերժեց Տիգրան Աթանեսյանի ներկայացրած միջնորդությունը:
Միջնորդություն ներկայացրեց նաև պրոֆեսոր Նարիմանյանի պաշտպանը. միջնորդությունը վերաբերում էր 308-րդ հոդվածի սուբյեկտներին, այն է՝ պաշտոնատար անձանց: Վերջինս պնդեց՝ իր պաշտպանյալը հատուկ պետական սուբյեկտի՝ պաշտոնատար անձի կարգավիճակ չի ունեցել, մինչդեռ հոդվածը դրա մասին է: Ըստ նրա՝ ողջ նախաքննության ընթացքում չի հիմնավորվել, որ Միքայել Նարիմանյանը պետական սուբյեկտ է, հետևաբար՝ ինքը միջնորդում է իր պաշտպանյալի վերաբերյալ վարույթը կարճել: Պաշտպանի՝ տևական ժամանակ հարցի էությունը բացատրելուց հետո դատավոր Դոլմազյանը վերջապես հասկացավ՝ ինչի մասին է խոսքը, բայց հարցրեց՝ արդյո՞ք հիմա է ժամանակը այդ միջնորդությունը քննելու: Պատասխանը միանշանակ էր՝ այո:
Ռուբեն Մելիքյանը նույնպես պնդեց՝ հարցը պիտի քննվեր դեռ նախնական լսումների փուլում, այնպես որ, հիմա դրա քննությունը պարտադիր է: Տիգրան Աթանեսյանն էլ նկատեց՝ եթե անձը հանցագործության սուբյեկտ չէ, ինչո՞ւ է պետք հարցի քննությունը հետաձգել:
Այս միջնորդությունը նույնպես մերժվեց:
Այնուհետև Տիգրան Աթանեսյանն ասաց՝ վաղը իրենք կստանան Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի կայացրած որոշումը, ըստ որի՝ Արմեն Աշոտյանին վերագրվող փողերի լվացման հանցակազմի հիմնավոր կասկածը բացակայում է:
Ըստ այդմ Տիգրան Աթանեսյանն առաջարկեց հետաձգել դատական նիստը, քանի որ նաև աշխատանքային օրն է ավարտվում, և հաջորդ դատական նիստին անդրադառնալ նշված հիմքով քրեական հետապնդումը Արմեն Աշոտյանի նկատմամբ դադարեցնելու միջնորդությանը:
Պետական մեղադրողները սակայն առարկեցին. վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող հարցը լուծող համարվել, համենայն դեպս ներկայացվելիք միջնորդության տեսանկյունից:
Դատավորը հետաձգեց նիստը: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին:
Հեռանալիս Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց իրեն սատարելու եկած յուրաքանչյուրին: Լրագրողների այն հարցին, թե երբ կբարձրանա շալվարը՝ նկատի ունենալով նրա՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրած հոդվածներից մեկը, և Արցախի հարցով նշաձողը, վերջինս պատասխանեց՝ շալվար հագնող է պետք, որ նշաձողը բարձրանա:
Նկատենք, որ մեղադրյալների ու նրանց պաշտպանների բոլոր միջնորդությունները դատավոր Դոլմազյանը մերժում էր հապճեպորեն, և առհասարակ, ինչպես նշեց հաջորդիվ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Ռուբեն Մելիքյանը, իր համար անհասկանալի էր դատավորի շտապողականությունը:
Տիգրան Աթանեսյանի խոսքով էլ նորմալ երկրում Վահե Դոլմազյանի նման դատավարություն անցկացնող դատավորին կզրկեին դատավորի պաշտոնից:
«Նիստը գնահատում եմ վատ: Առանց մեղադրյալի դատավորը նիստ է անում, ասում ենք՝ օրենքը չկա, ասում է՝ մեղադրանք առաջադրենք, բայց կդատեմ նորով: Այս նիստն իրավազոր չէր»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը կալանավորված է այս տարվա հունիսի 23-ից՝ այսպես կոչված, Բժշկական համալսարանի գործով խափանման միջոցի պայմանի խախտման համար: Արգիշտի Քյարամյանն Արմեն Աշոտյանին մեղադրում է փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: ՀՀԿ փոխնախագահը, բնականաբար, մեղադրանքը չի ընդունում:
Մանրամասները՝ տեսանյութում: