
Արամ Վարդևանյանի պահանջով Բագրատ սրբազանի գործով դատական նիստն ընթանում է դռնփակ ռեժիմում. անհետաձգելի միջնորդություն է ներկայացվում

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկում է Բագրատ սրբազանի և ևս 18 հոգու մասնակցությամբ, այսպես կոչված, «ահաբեկչության» գործով դատական նիստը:
Այս գործով, բացի Բագրատ սրբազանից, կալանավորված են նաև Տավուշի թեմը ներկայացնող Լիդյա Մանթաշյանը, արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը, 44-օրյա պատերազմի նահատակ Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, Վահագն Չախալյանը, գնդապետ Մախսուդյանը, այլ անձինք:
Բագրատ սրբազանն ու գործով անցնող մյուսները մեղադրվում են ահաբեկչության, զանգվածային անկարգությունների կազմակերպման և իշխանության բռնազավթման մեջ։
Դատական նիստի սկզբում հայտնի դարձավ, որ մեղադրյալ Տիգրան Գալստյանը չի ներկայացել դատական նիստին, քանի որ ունի առողջական խնդիրներ և գտնվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում:
«Պաշտպանյալս պետք է ներկայացվեր դատարան, սակայն պետությունը նրան չի ներկայացրել: Նրա վիճակն այնքան վատ չէ, որ չկարողանար գալ, ցանկություն ուներ ներկայանալ, սակայն նրան չեն ներկայացրել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Ապա Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց՝ անհապաղ, անհետաձգելի բնույթի միջնորդություն ունի, սակայն այն պետք է ներկայացվի ու քննվի դռնփակության պայմաններում, որովհետև կա տեղեկություն, որը որևէ մեկի հայտնի չի եղել, պաշտպանյալիս էլ նոր է հայտնի դարձել:
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատարանը որոշեց բավարարել Արամ Վարդևանյանի միջնորդությունը և խափանման միջոցի հարցի քննությունն անցկացնել դռնփակության ռեժիմում:
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ ««Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն»:
Ինչպես հետո պիտի պարզվեր, անհերքելի ապացույցները հերքելի էին, և մասնավորապես հրապարակված ձայնագրությունները՝ մոնտաժված, ինչպես պնդում էին Բագրատ սրբազանն ու մեղադրյալների պաշտպանները:
Նախաքննության ավարտից հետո մասնավորապես Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը սկսեց հատվածաբար հրապարակել աղմկահարույց ձայնագրությունների չմոնտաժված տարբերակները, և Քննչական կոմիտեի ու դատախազության փչած փուչիկը պայթեց:
Մանրամասները՝ տեսանյութում: