Պատերազմի պատճառների մասին փաշինյանական չաշխատող թեզերը, կամ՝ պարզ քաղաքական մանիպուլյացիա

Իշխանամերձ փորձագետները շարունակում են գեներացնել իշխանության որոշ թեզերը և առաջ բերել նորերը: Այսինքն, քաղաքական թեզերը, նպատակները փորձ է արվում ներկայացնել ռազմական իրողությունների համատեքստում, եթե չասենք՝ արդարացնել:

Թեզ առաջին

Հակաթեզ N 1

«Առանց ներքին խժդժությունների, առանց ներսից թուլացնելու պետությունը, առանց ապակայունացման, ադրբեջանական հարձակումը քիչ հավանական է Հայաստանի վրա»՝ հասնելու հաղորդուղիների կամ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը: Սա բավականին մանիպուլյատիվ թեզ է, եթե հաշվի առնենք, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմից առաջ ներքաղաքական կայուն վիճակ էր:

Կարդացեք նաև

Ավելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որպես Արցախի դեմ պատերազմ սկսելու պատճառ՝ բերում էր Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բացման կապակցությամբ իր տեսաուղերձում նշել էր, որ՝ «ՀՀ վարչապետը նպատակադրված խախտում է այն բանակցությունների ձևաչափը և էությունը, որոնք իրականացվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»:

«Նրա՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին: Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»,- ասել էր Ալիևը՝ հավելելով, որ «ՀՀ պաշտպանության նախարարն էլ սպառնում է Ադրբեջանին «նոր պատերազմով՝ նոր տարածքների համար»:

Ի դեպ, Ալիևը նաև շեշտել էր. «Մենք ունենք միայն մեկ պայման խաղաղության հասնելու համար՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ բոլոր տարածքներից»: 

168.amանդրադարձել էր Դավիթ Տոնոյանի՝ ԱՄՆ-ում արված այդ հայտարարարությանը, որն առնվազն ստացել էր Նիկոլ Փաշինյանի հավանությունը: Այսինքն, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, ըստ էության, Փաշինյանի արտաքին քաղաքական «դավադրության» զոհը դարձավ:

Այս տարվա հունիսին 168.am-ը մանրամասն ներկայացրել էր նաև 2020 թվականի պատերազմական նախազգուշացումների խրոնոլոգիան:

Հակաթեզ N 2

2018 թվականի ապրիլին վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, մասնավորապես, ասել էր. «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, որ այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար: Պետք է ասեմ, որ մինչ այս փուլը մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի, իրոք, բանակցային պրոցեսում աշխուժություն տիրի, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան և հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Բայց, ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու և այլ հարցերով մեր հանդիպումները և բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետև մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում»:

2023 թվականի մայիսին հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե՝ «2020-ի պատերազմը 2016-ի պատերազմի շարունակությունն էր, որ դեռ 2018-ին Սերժ Սարգսյանն այդ պատերազմի անոնս արել էր»:

Այսինքն, կար պատերազմի հավանականություն, բայց դա Նիկոլ Փաշինյանին հետ չպահեց իշխանափոխության գնալ, սրել ներքին իրավիճակը, ներսից թուլացնել պետությունը: Իսկ 44-օրյա պատերազմից հետո բազմիցս ստեղծելով պատերազմական իրավիճակներ, Փաշինյանը պարբերաբար պատերազմի մեղավոր է հռչակել իր ընդդիմախոսներին:

Հակաթեզ N 3

2008 թվականի մարտիմեկյան դեպքերի օրերին, Ադրբեջանը, փորձելով օգտվել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից, հարձակում էր գործել Արցախի զինված ուժերի դեմ, մասնավորապես, Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ Լևոնարխ գյուղի մոտ: Նրանց հաջողվել էր վերահսկողության տակ վերցնել առաջնային հենակետային դիրքեր: Սակայն, մի քանի ժամվա ընթացքում Արցախի ստորաբաժանումներին հաջողվել էր դրանք ետ գրավել: 2018 թվականին Yerevan.today-ին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից: Առավել ևս՝ Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների` շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա»:

Այսինքն, այսօր պատերազմական տարածաշրջանում իր ընդդիմախոսներին ներքին իրավիճակ չսրելու կոչեր անող Փաշինյանը, կարելի է ասել, երկու անգամ ինքն է անտեսել այդ իրողությունը՝ շատ լավ հասկանալով դրա հետևանքները: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի պարտվողական քաղաքականությունն այնպես է բացել թուրք-ադրբեջանական տանդեմի «ձեռքերը», որ ներքին հատուկ իրավիճակ պետք չէ ՀՀ-ի վրա հարձակվելու համար, ինչի ականատեսը ևս եղել ենք: Եվ հետո Ադրբեջանը ՀՀ-ի ինքնիշխան տարածքից քառակուսի կիլոմետրեր է օկուպացրել՝ «քայլելով» կամ ուղղակի Փաշինյանին պատերազմով սպառնալով:

Հակաթեզ N 4

2021 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից շատ չանցած՝ դեկտեմբերին, միանձնյա որոշել էր Սյունիքից հետ քաշել զորքը, երբ առաջին կետը հստակ է սահմանում է՝ «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

«Ինչո՞ւ է կայացվել այդ որոշումը: Որոշումը կայացվել է հասցեագրելու համար ձեր՝ հիմա հնչեցվող քննադատությունները, կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»,- արդարացել էր Փաշինյանը:

Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանն առաջխաղացումներ չունեցա՞վ, հարձակումներ, ագրեսիա, տեղի ունեցավ, չէ՞:

168.am-ը հուլիսին ներկայացրել է պատերազմի հրձիգի փաշինյանական փնտրտուքը, թե ինչպես է Փաշինյանը տարբեր ժամանակներում պատերազմի հանգեցնող տարբեր պատճառներ գտել՝ երկրում բովանդակային և համակարգային փոփոխություններից մինչև քաղաքական հակառակորդներ:

Թեզ երկրորդ

Իշխանամերձ փորձագետները շրջանառում են այն միտքը, որ Փաշինյանը Պրահայում փորձում էր հավելյալ երաշխիքներ բերել Արցախ, որը չէր մտնում ՌԴ-ի և Ադրբեջանի ծրագրային նպատակների մեջ, դրա համար ստացանք այդ հարձակումը: Այսինքն, Ադրբեջանը չէր կարող ՀՀ-ի վրա հարձակվել, այն էլ՝ «11 կմ խորությամբ մուտք գործել»՝ առանց ՌԴ-ի հետ առնվազն դա համաձայնեցնելու, եթե չասենք համատեղ պլանավորման մասին: Ավելին, իշխանամերձ փորձագետները նշում են, որ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի մասշտաբները ՌԴ-ն փորձեց փոքրացնել և ներկայացնել՝ որպես սահմանային վեճ, որտեղ դարձյալ դիտավորություն կար: Նախ՝ Հայաստանի իշխանություններն իրենք խուսափեցին 2022 թվականի մարտերը պատերազմ անվանել, որի հետևանքով 1-2 օրում ունեցել էինք 225 զոհ և տարածքային բավականին լուրջ կորուստներ:

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ 4 ուղղություններով, հետագայում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է:

Իսկ սեպտեմբերի 16-ին Ջերմուկում ԳՇ պետը հայտարարել էր, որ Ջերմուկի հատվածում հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա էր:

Ըստ Ասրյանի, հակառակորդն ապահովել էր 1-1.5 կմ մխրճման խորություններ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն Շորժաների ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ մոտ 0.5 կմ խորությամբ հաջողություն»:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ վերջին գործողությունների հետևանքով հայկական կողմը կորցրել է 50 դիրք:

Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել էր նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը։

«Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմը 50 կետում մտել է, 50 հայկական դիրք է զավթել, որոնցից 17-19-ը, ինչքանով տեղյակ եմ, 19-ը, հավանաբար, Հանդ, Ներքին Հանդ, Ճակատեն հատվածում, մյուսները՝ Ջերմուկի, Վերին Շորժայի, Վարդենիսի, Կուտականի հատվածներում»,- մանրամասնել էր նա՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանն առնվազն 100 կետերում ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք։

Ընդհանուր առմամբ, 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից վերահսկողության տակ է վերցվել Հայաստանի Հանրապետության մոտ 150 քկմ տարածք: Սա առաջին:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ համաձայնությամբ հարձակվելուն և դրա պատճառներին, ապա Ադրբեջանը, ՌԴ-ի հետ, թե առանց նրա, հարձակվելու էր:

Մոտ մեկ ամիս առաջ 168.amգրել էր, թե ինչ հարցեր լուծեցին Փաշինյանն ու Ալիևը սեպտեմբերյան մարտերով:

Սեպտեմբերի մարտերի օրերին՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն էր արել.

«Գուցե շատերին տարօրինակ կթվա, որ Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից: Ես հասկանում եմ, որ հիմա շատ տարօրինակ բան եմ ասում: Հիմա շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց նաև պետք է արձանագրեմ հետևյալը՝ ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար»:

Այնուհետև Փաշինյանը շարունակել էր, որ Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ. առաջինը, որ կա ԼՂ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի և պաշտպանության գծի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է՝ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապ ապահովելու համար:

«Այս 3 դրույթներն ունեն անկյունաքարային նշանակություն, և փաստն այն է, որ Ադրբեջանը պայքարում է այս երեք դրույթների դեմ: Իմ կարծիքով՝ իր դիրքորոշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է, օրինակ՝ ասելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, և ինքը Խորհրդային Միության սահմանները չի ճանաչում, այդտեղից տրամաբանական հարց կարող է ծագել՝ ինչի՞ հիման վրա են ադրբեջանցիները պնդում, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Իմ կարծիքով՝ Ադրբեջանն արտահայտում է 44-օրյա պատերազմի արդյունքներից իր անբավարարվածությունը»,- հավելել էր Փաշինյանը:

Իսկ ինչ վերաբերում է իշխանական հաջորդ թեզին, որ եթե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն անցնեին ՀՀ սահմանը և օգնեին Արցախի ՊԲ-ին, ադրբեջանական գործողությունները կտեղափոխվեին ՀՀ տարածք, մասնավորապես, Սյունիք, ապա հիասթափեցնենք իշխանություններին և նշենք, որ եթե Ադրբեջանը չստանա փաստաթղթով այն, ինչ ուզում է, ապա պատերազմը ՀՀ տարածքում անխուսափելի է, և ոչ միայն Սյունիքում:

Այս մասին բազմիցս նշել են ռազմական փորձագետները և ռազմական նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Շարունակելի…

Տեսանյութեր

Լրահոս