Երասխի ուղղությունից հարձակումը քիչ հավանական է, առավել հավանական է Սիսիանի, Կապանի հատվածից հարձակումը. Արտակ Դավթյան

Արցախին հարված հասցնելուն զուգահեռ՝ թուրքական մամուլը բավականին ակտիվ առաջ է մղում այն մոտեցումը, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը ցանկացած գնով պետք է լուծեն: Այսինքն, թուրք-ադրբեջանական տանդեմի ուշադրությունը կենտրոնանալու է Սյունիքի ուղղության վրա:

Արդյո՞ք հնարավոր է Սյունիքը կտրելու հնարավոր սցենարի իրականացումը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց.

«Սյունիքը «կտրելը» ռազմական գործողությունների արդյունքում հնարավոր է՝ հաշվի առնելով մեր և Ադրբեջանի զինված ուժերի վիճակը, ուժերի բալանսը»:

Կարդացեք նաև

Հարցին՝ որքանո՞վ եք հնարավոր համարում Նախիջևանի կողմից հարձակումը, շատերը նախիջևանյան ուղղությունից հնարավոր հարձակման մասին խոսելիս՝ նշում են Սադարակ-Երասխ ուղղությունը, Արտակ Դավթյանը պատասխանեց, որ հարձակումը Երասխից քիչ հավանական է համարում:

«Առավել հավանական է Սիսիանի, Կապանի հատվածից հարձակումը»,- ընդգծեց նա:

Հակադարձմանը, որ ՀՀ իշխանությունները զորքի հայելային հետքաշման առաջարկներ են արել Ադրբեջանին և՛ նախիջևանյան թևի՝ Երասխի հատվածի, և՛ այլ տեղերի հետ կապված, ի՞նչ ռիսկեր է պարունակում զորքի հետքաշումը, ԳՇ նախկին պետը պատասխանեց.

«Հայելային հետքաշումը քաղաքական որոշում է լինելու, որում պետք է լինեն երկկողմանի երաշխիքներ: Ռազմական առումով, եթե զորքը պետք է զբաղեցնի նոր բնագծեր, ապա անհրաժեշտ է այն կահավորել: Իսկ եթե զորքերը վերադառնում են իրենց մշտական տեղակայման վայրեր, ապա պետք է հստակեցվեն սահմանի պահպանման հարցերը»:

Տեսանյութեր

Լրահոս