Հռոմի ստատուտը холостой выстрел էր, ԱՄՆ-ը Հայաստանը ՌԴ-ի տակից տանելու պրոյեկտ չունի. Փաշինյանն ինքն է դա առաջարկել՝ իր իշխանությունը պահելու համար. Վլադիմիր Մարտիրոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Աշխարհաքաղաքական այս կծիկի մեջ Փաշինյանը գործոն չէ, նա սոսկ փորձում է պահել իր իշխանությունը։
- Գրանադայում ԵՄ-ն պետք է ավարտին հասցներ Արցախի վերաինտեգրման փուլը, ինչին Փաշինյանը համաձայն էր ի սկզբանե ու սպասում էր թուղթ ստորագրելուն։ Գրանադայի մերժումից հետո Ալիևի և Էրդողանի պահվածքից երևում է, որ նրանք շարունակելու են իրենց նկրտումները, և Գրանադան չէ այն հանգրվանը, որին պետք է հասնի թուրք-ադրբեջանական տանդեմը։
- Փաշինյանն Արցախի համար ծանր օրերին իր ուղերձների մեջ շեշտում էր պրոցեսների հումանիտար, այլ ոչ ինտերվենցիոն բնույթը։ Դրանով նա փորձում էր ստանալ Արևմուտքի հավանությունը։ Միևնույն ժամանակ նա կտրել էր այն թելերը, որտեղից պետք է ռազմական օգնություն ստանար։ Խոսքը Իրանի և Ռուսաստանի մասին է։ Նրա պատկերացմամբ՝ Արևմուտքի հումանիտար բլոկը պիտի աճեր ու բերեր ինչ-որ գնահատականների։ Չեղավ։ Արդյունքում՝ Արցախը հայաթափվեց, հումանիտար բլոկի գործիչները Արևմուտքից եկան, ցավացին, հայտարարություններ արեցին ու գնացին։ Իսկ Հայաստանը ո՛չ Արևմուտքից, ո՛չ Հյուսիսից չստացավ հասցեական գնահատականներ՝ Ադրբեջանի հետագա ագրեսիան Հայաստանի նկատմամբ կանխելու համար։
- Երբ Փաշինյանը սկսում է երևույթները գնահատել, այդտեղ որևէ քաղաքական կոնտենտ չկա։ Արցախը նրա տրամաբանությամբ տրվել է հանուն ոչնչի, մինչդեռ նա շեշտում էր, որ Արցախը տրվել է հանուն Հայաստանի։ Գրանադայի չեղարկմամբ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի բոլոր պլանավորումները շարունակվում են։
- Փաշինյանը ոչ մի տեղ չի գնում բանակցելու, ոչ մի տեղ չի ներկայացնում այն քաղաքական, պետական, ազգային շահերը, որին պետք է նվիրված լինի ՀՀ յուրաքանչյուր ղեկավար։
- Մենք պետք է ֆիքսենք՝ սեղանի տակի այդ գործարքը չե-ղարկ-ված է։ Եվ երեկ էլ, որ Փաշինյանն ասում էր՝ պատրաստ եմ գնալ ու ստորագրել այդ սկզբունքները, ինքն էլ գիտեր, որ դա այլևս չկա։
- ԵՄ միսիոներությունը՝ Արցախի հանձնման արդյունքում, այս կամ այն կերպ Հայաստանը պահելու, ձախողվել է։
- ԱՄՆ քաղաքական, դիվանագիտական և լոբբիստական միտքն այս փուլում Հայաստանը Ռուսաստանի տակից տանելու պրոյեկտ անմիջականորեն չունի։ Այլ հարց է, որ Փաշինյանն ինքն է այդ առաջարկը անում՝ իր իշխանությունը պահելու համար։ «Հռոմի ստատուտի» քեյսը այս երևույթի կարևորագույն ապացույցներից մեկն է, որն ուղղված էր ոչ թե ԱՄՆ-ին, այլ Եվրոպային՝ ԵՄ միսիոներությունը պահելու համար։
- Հռոմի ստատուտի վավերացումը ՔՊ-ի կողմից Գրանադայի չեղարկումից հետո холостой выстрел էր։
- Հայ հասարակությունը ռուսատյաց չէ, որքան էլ հիմա ունի նեղացվածություն Ռուսաստանից։ Երբ քաղաքացուն ասում ես՝ գազը, հոսանքը, մնացած ռեսուրսները գտնվում են ՌԴ-ի ազդեցության տակ, քաղաքացին սկսում է մտնել ռացիոնալ դաշտ։ Արևմուտքն օգտագործում է Հայաստանին Ռուսաստանի դեմ գործընթացում։
- Ռուսական քաղաքականության մեջ կա մեկ խորագույն դեֆեկտ․ նրանք միշտ աշխատում են իշխանությունների հետ՝ անկախ նրանից՝ դո՞ւր են գալիս նրանք իրենց, թե՞ ոչ։ Ռուսական կողմին անհանգստացնում են միայն այն քաղաքական հայտարարությունները, որոնք արվում են իշխանությունների կողմից։
- Նոյեմբերի 9-ի համաձայնագրի միակ գործող կամ կիրարկման ենթակա կետը դրա 9-րդ կետն է, որովհետև Արցախն այլևս հայկական շահի տեսանկյունից չկա։ Ռուս խաղաղապահներն այլևս ակտուալութուն չունեն, և կարծում եմ՝ ռուսներն առաջինը կխոսեն դրա մասին։ Ռուս խաղաղապահները կլքեն Արցախը։ Այս համատեքստում 9-րդ կետը վերաիմաստավորման կարիք ունի։ Ինչպիսի՞ն կլինի լոգիստիկ տրամաբանությունների ֆորմատը, տեղավորվում է Թուրքիա-Ռուսաստան-Իրան շահերի տրամաբանության մեջ, ու այդպես էլ կլուծվի։
- Ամեն անգամ այսպիսի վայրիվերումներից հետո Փաշինյանը վերադառնում է այն հասցեն, որին հայհոյում էր։
- «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պաշտոնական Երևանի պաշտոնական տեսակետը որևէ մեկը լսե՞լ է։ Երբ դու որևէ հստակ դիրքորոշում չես հայտնում, դրա մասին խոսում են շահառուները։ Այսօրվա դրությամբ այդ միջանցքի, Սյունիքի լինել-չլինելու միակ շահառուն Թուրքիան է։
- Այս տարիների ընթացքում Փաշինյանը շատ բաների է դեմ եղել, որ հետո կողմ է դարձել։ Նրա դիրքերն այնքան թույլ են, որ ինքը չի կարող գործոն լինել։
- Փաշինյանի քաղաքականության հենասյունային սկզբունքներից մեկը բոլորին բավարարելն է։ Նրա տրամաբանությունը հետևյալն է՝ ինչ ուզում եք, պայմանավորվեք, ես օկ եմ։
- Փաշինյանին մերկացնելու լավագույն եղանակը նրան հունից հանելն է։ Ընդդիմադիրները կարողացան երեկ քիչ թե շատ դա անել, իսկ դրանից մի օր առաջ հարձակվում էր ՔՊ-ն, մինչդեռ դա պետք է ընդդիմությունն աներ։ Փաշինյանին ռացիոնալի դաշտ բերելն ուղղակի անհնար է։
- Մենք անընդհատ գտնվում ենք կրիտիկական զանգվածի փնտրտուքի մեջ, ակնկալում ենք, որ դրա լինելու դեպքում լինելու է փոփոխություն, իշխանափոխություն։ Լավ, 4-րդ անգամ է՞լ գնանք այդ ճանապարհով։
- Գունավոր հեղափոխությունները ոչ թե մեթոդների ամբողջություն են, այլ տնային աշխատանք։ Մեթոդաբանությունը վերջին ակորդն է, երբ տնային աշխատանքները կատարված են, այսինքն՝ երբ կրիտիկական զանգվածը կրիտիկական զանգված դառնալուն պատրաստ է։ Ընդդիմադիրները կարծում են, որ ոչ թե իրենց աշխատանքի, այլ Նիկոլ Փաշինյանի թույլ տված սխալների ուժով կարող են հասնել իշխանափոխության։ Կրիտիկական զանգվածը չի հավաքվում, որովհետև տնային աշխատանքը արված չէ․ տնային աշխատանք՝ մեդիայում, մարդկանց տանը, սոցիալական հարթակում, հանրային հարթակներ ստեղծելու հարցում, մարդկանց հետ՝ աշխատելու ժամանակ։ Գործողություն անողը 100.000 հոգի չի լինում։ Գործողություն անում են մաքսիմում 000 հոգի, որից հետո մնում են 5000-ը։ Խնդիրն այն է, որ ամեն ինչ ավարտվում է Փաշինյանի չլինելու կետով։ Այդ կետից հետո ի՞նչ է լինելու, ումո՞վ է լինելու… Վերջին ցույցերի 4-րդ օրվա նոսրության պատճառն այդ հարցերի պատասխանների չլինելն էր։
- Խնդիրն այն է, որ Փաշինյանին հանդիմանող յուրաքանչյուր ոք մարդկանց բացատրի, որ ինչ-որ բան փոխելու համար ինքը պետք է իշխանություն ունենա։
- Դուք չեք պատկերացնում, թե հասարակության շրջանում ինչ ահռելի անտագոնիզմ կա նրանց նկատմամբ, ովքեր չեն կարողանում Փաշինյանի հարցերը լուծել։
- Եթե կան նորերը, թող գործեն, եթե կան հները, թող գործեն, եթե կա 3-րդ ճանապարհ, թող գործի… Միայն թե կանգնեցնեն Հայաստանի սրընթաց վայրէջքի վերջին կանգառը։ Եթե չի ստացվում միավորվել, ապա դա չի նշանակում, որ ընդդիմադիր շարժմանը պետք է արձակուրդ տրվի, մարդկանց հետ աշխատանքը պետք է դադարեցվի։ Որևէ կուսակցության կամ հանրային շարժման արձակուրդ տրված չէ։ Քաղաքական գործընթացներն ունեն ընդարձակ գործիքակազմ։ Եթե հիերարխիայի խնդիր կա, ու չեն կարողանում պայմանավորվել մեկ հուժկուի շուրջ, ապա թող իրենց համար առանձին ֆրոնտներ ստեղծեն ու նախապատրաստեն այդ հուժկուն։ Մենք ուզում ենք առանց ցանցային աշխատանքի հասնել հուժկուի տրամաբանությանը։
- Քաղաքական գործունեության ամենահստակ գործիքը քաղաքական կուսակցությունն է՝ իր հիերարխիայով, կառույցներով։ Այլ է քաղաքական շարժումների պարագայում: Քաղաքական գործունեությունը նաև պատրաստվածություն է ենթադրում․ դրա համար էլ քաղաքական շարժումները երկար կյանք չեն ունենում։ Իսկ քաղաքական կուսակցությունների պատասխանատվությունն այլ է, ու նրանք շատ դժվար են դուրս գալիս դրա տակից։
- Քաղաքականությունը վայրի, կատաղի մրցակցություն է։ Քաղաքականության մեջ հաղթում է նա, ով դիմանում է մրցակցությանը։ Հետևաբար, ով կդիմանա այդ մրցակցությանը, նա էլ կդառնա Փաշինյանի իշխանության հիմնական ու ապացուցված հավակնորդներից մեկը։ Բայց նա պետք է անցնի այդ դարբնոցով։
- Քաղաքական առաջարկ պետք է արվի մարդկանց։ Առաջարկը պետք է ունենա լիդերային տեսք՝ առաջնորդ կամ առաջնորդություն, ծրագիր՝ ինչպիսին պետք է լինի հետփաշինյանական շրջանը, և որն է լինելու հրապարակի ներգրավվածությունն այդ շրջանում։ Այս հասարակությանը առաջարկ պիտի արվի՝ ինչ է լինելու հետո։ Մենք դիմադրելո՞ւ ենք, պայքարելո՞ւ ենք մեր հայրենիքի համար, թե՞ շարունակելու ենք հանձնվել։ Մարդիկ սա, այս հարցերի պատասխանները չեն լսում։ Քաղաքականության մեջ էլ կա ապրանք։ Գնորդը կա, բայց մենք ապրանքը ցույց չենք տալիս, դրա համար էլ նա չի գալիս առևտրի։ Հրապարակ, 4–րդ օր, դատարկ… Գնորդը չկար, չէր եկել առևտրի, որովհետև չէր տեսել առաջարկվող «ապրանքը»։
- Միայն ռացիոնալիզմը բավարար չէ: Երբ պոպուլիզմը իսպառ բացառում ես ու ընտրում ես ռացիոնալիզմը, կհաղթի մեկը, ով չափավոր պոպուլիզմ կցուցաբերի, որովհետև մարդիկ ընտրում են ականջներով, հույսով։
Մանրամասները՝ տեսանյութում։