Շատ կարևոր է ճշտել՝ Փաշինյանի վերջին հեռախոսազանգն Էրդողանին որտեղի՞ց է տեղի ունեցել, ո՞ր շենքից. Աղվան Վարդանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ես չեմ հիշում, որ վերջին գոնե 2-3 տարում Փաշինյանն Ալիևին ռազմական հանցագործ անվանած լինի։ Նիկոլ Փաշինյանը 2020թ․ պատերազմից հետո շատ է փոխվել․ շատ ավելի կիրթ ու նրբազգաց է դարձել Ալիևի և Էրդողանի նկատմամբ։
- Չեմ կարծում, որ Փաշինյանի համար էական է, որ Ալիևն ու Էրդողանը չեն մասնակցելու Գրանադայի հանդիպմանը, ինքը կգնա, որ հերթական անգամ ԵՄ ներկայացուցիչներից գովեստի խոսքեր լսի իր հասցեին։
- Ընդամենը երեկ է ՔՊ-ն ընդունել Հռոմի ստատուտը․ կտեսնենք՝ էթնիկ զտում, ցեղասպանություն իրականացրած Ալիևի դեմ կդիմե՞ն միջազգային քրեական դատարան, թե՞ ոչ։
- Ինձ հետաքրքիր է՝ Փաշինյանի վերջին հեռախոսազանգն Էրդողանին որտեղի՞ց է տեղի ունեցել, ո՞ր շենքից։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։
- Այդ զրույցի արդյունքում Էրդողանն արձանագրեց, որ Փաշինյանը դժգոհ էր Արցախում իշխանափոխությունից, բացի դրանից, ասաց նաև, որ Փաշինյանը տեղյակ էր, թե ինչ է տեղի ունենալու Արցախում։ Սրանից ամեն ինչ պարզ է։ Դավաճանությունն ու թշնամանքը էլ ի՞նչ կերպ են լինում։ Քո քաղաքացիներին բռնի տեղահանում են, իսկ դու ասում ես՝ ես չեմ խառնվում։
- Որոշ ժամանակ առաջ ՀՀ իշխությունների բոլոր հայտարարությունների մեջ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին խոսք չկար։ Խոսում էին Բրյուսելի և Պրահայի հայտարարությունների մասին։ Հիմա նորից վերադարձել են Նոյեմբերի 9-ի փաստաթղթին։
- Մենք չգիտենք, թե Բրյուսելում և Պրահայում կամազուրկ, խեղճացած այդ մարդը ի՞նչ բանավոր խոստումներ է տվել Ալիևին, որ նրա կոկորդից բռնած՝ ստիպում են կատարել դրանք, հիմա էլ ասում են, որ եթե հանկարծ չանի, էլ իր իշխանությունը չեն պահի։ Ճիշտ տեղը գտել են։ Այդ մարդու միակ վախը իշխանություն կորցնելն է, դրանով էլ վախեցնում են նրան:
- Բացարձակ հետաքրքիր չէ՝ ՀՀ-ում նախագահ կա՞, թե՞ չկա։ Առաջին օրից էլ չի եղել։ Մենք ունենք իշխանություն, որտեղ բոլոր հարցերը լուծում է մեկ մարդ։
- Այս մարդիկ մեր ազգային, պետական շահը պաշտպանելու ոչ միայն ունակ չեն, այլև հակառակ են գործում այդ շահին։ ԱԳՆ-ի հայտարարությունը Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի նախկին նախագահների վերաբերյալ ոչ այլ ինչ է, քան հերթապահ հայտարարություն։
- Արցախի նախկին նախագահները, գեներալները հսկայական ծառայություն են մատուցել ազգի ու պետության առաջ՝ պաշտպանելով նաև Հայաստանի անվտանգությունը։ Այս մարդիկ ՀՀ իշխանությունների հանցավոր արարքների պատճառով հայտնվել են Բաքվի բանտերում, ՀՀ իշխանությունն ինչ-որ բան անո՞ւմ է։ Սա նվաստացում է, բայց այս իշխանությունները չեն նվաստանում, որովհետև նվաստ են, արժանապատվություն, ազգային նկարագիր չունեցող անասունների ոհմակ, գոնե նրանց մի մասը։ Նրանք ոչինչ չունեն, բացի իշխանությունից։
- Ռուս խաղաղապահները մնում են, որ ի՞նչ անեն, եթե Արցախում այլևս հայ բնակչություն չկա։ Ռուսների մնալը պետք չէ նաև Ադրբեջանին և Հայաստանին։
- 2018թ․ մայիսյան այդ օրերին անընդհատ տարբեր շփումների մեջ էի մարդկանց հետ։ Մի բան պատմեմ․ դեռևս 2018թ․ փետրվար-մարտին այդ մարդը, որ կամ Նիկոլ էր, կամ Փաշինյան, ուներ իր ծրագիրը, և նա «Ելք» խմբակցության անդամներին առանձին-առանձին կանչել է ԱԺ այգի, ասել է՝ ինչ ծրագրեր ունի։ Նրանցից մեկը հետ է եկել ու ասել՝ «էս բանի տղեն էս ի՞նչ է անում, բոլորիս գլխին փորձանք է բերելու»։ Ի դեպ, հետո այդ մարդը դարձավ նրա ամենամոլի մանկլավիկներից մեկը։ Այո՛, 2018 թվականին ես ունեի ողբերգության կանխագուշակում, բայց եղավ ավելի վատ, քան ես կանխագուշակում էի, և հիմա բոլոր նրանք, ովքեր ասում են՝ բոլորս ենք մեղավոր, եկեք միասնական լինենք, ասում եմ՝ ես կենդանիների հետ միասնական լինելու ցանկություն չունեմ։ Բոլորը մեղավոր չեն, մեղավոր է կոնկրետ խումբ։
- 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ-մեծ խոսում էին, խաբում էին ժողովրդին, բայց հետո ոչ մի անգամ չգնացին Արցախ, երբ ունեին դրա հնարավորությունը։ Դեռ այն ժամանակ էին հրաժարվել Արցախից։
- Այսօրվա ուժային կառույցների ղեկավարները, տարբեր նախարարներ այդ մարդու հիստերիկ նոպաներին հաճախ են ականատես եղել։ Դրանցից մեկի ժամանակ՝ Ռոբերտ Քոչարյանի բանտից դուրս գալուց հետո, ասել է՝ դուրս եմ գալիս ՀԱՊԿ-ից, և երբ ներկաներն ասել են՝ դա խաղուպար չէ, պատերազմ կսկսվի, այդ մարդու կողակիցն (Աննա Հակոբյանը) ասել է՝ հա, ի՞նչ է եղել, որ, թող զոհվեն, ուզում են հող պահեն, չեն ուզո՞ւմ մի 5000 հոգի էլ զոհվի։ Այդ կինը սարսափելի մեծ ներկայություն ունի այս ամենի մեջ։ Փաստն այն է, որ այս զույգը Հայաստանի ու Արցախի հանդեպ թշնամական գործունեություն է ծավալում։
- Հիմա ՔՊ-ականները կրկնում են այն, ինչ արեցին Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան գաղտնալսումից հետո․ իրենք սկսեցին հարձակվել բոլորի վրա։ Հիմա էլ են նույնը անում․ Արցախի հանձնման մեղքը փորձում են դնել այլոց վրա։
- Ես էլի վստահ եմ, որ ՔՊ չի լինելու․ ժամկետներում միգուցե սխալվել եմ, բայց հիմա էլ եմ պնդում։
- Այսօր Ադրբեջանի բանտերում այն մարդիկ են, ում հետ աշխարհը հանդիպում, հարցեր էր քննարկում ու հաշվի էր նստում։
- Այո՛, հայկական Արցախի էջը փակված չէ, քանի դեռ մեր մեջ կա մեր տեսակի միջուկը։ Գուցե ժամանակավոր փակված է, բայց ընդհանրապես փակված չէ։ Սրանք ուրացել են Հայրենիքը, Արցախը։ Կփոխվի՞ այս իշխանությունը, կհեռացնե՞ք, կունենա՞նք արժանավորների իշխանություն, իրական առաջնորդներ, դա կլինի օր առաջ։
- Այս մարդը չունի որևէ սրբություն, որևէ սկզբունք։ Երբ 2018-2019թթ․ ընթացքում գնում-պարում էր Արցախում, դիֆերամբներ էր ձոնում Բակո Սահակյանի հասցեին։
- 2020թ․ պարտությունից հետո Արայիկ Հարությունյանը պիտի հեռանար։ Եթե 2020թ․ դեկտեմբերին Արցախում ձևավորվեր իշխանություն, որը սրա հետ չէր համագործակցի, կլիներ այլ իրավիճակ։ Պահեցին այնքան, մինչև փակուղային իրավիճակ ստեղծվեց։
- Սամվել Բաբայանի վերջին տարիների գործունեությունը բոլորիս աչքի առաջ է, պատերազմի ժամանակ՝ ևս։ Պարզ է, որ նա սերտ կապեր ունի ոչ միայն Ադրբեջանում, այլև այս իշխանության վերին էշելոնների 2-3 մարդկանց հետ։ Նա ամեն ինչ արեց, որ Արցախում միասնականություն չլինի, հիմա էլ առոք-փառոք շրջում է Երևանում։
- Որքան տեղյակ եմ, այդ մարդը՝ Անդրանիկ Թևանյանը, Ռոբերտ Քոչարյանին ասել է, որ ուզում է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, նա էլ ասել է՝ ուզում ես, մասնակցիր։ ուղիղ կապ կամ հովանավորություն չի եղել։ Բայց քանի որ այդ մարդը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը, հայտարարություն եղել է՝ ի աջակցություն, բայց ամբողջ խմբակցությունից նրա կողքին եղել է մեկ պատգամավոր։
- Մենք այսօր ունենք առաջնորդության, համախմբվածության և ռեսուրսների ճիշտ տեղաբաշխման խնդիր։ Չկա առաջնորդությունը, չկա կազմակերպված աշխատելու կարողությունը։ ՔՊ-ին կամ Էդմոնենց («Լուսավոր Հայաստան» կուսակցություն.- խմբ․) որևէ բան ասելու ցանկություն չունեմ։ Իմ խոսքը ես պիտի ուղղեմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։ Իրենք որևէ ասելիք ունե՞ն, թե՞ չէ։ Իրենք պատրա՞ստ են գալ հրապարակ, կանգնել ժողովրդի կողքը, ասել, որ այս իշխանությունը մեր ժողովրդին պաշտպան չէ, մենք ենք առաջնորդում։ ՀՀ Երկրորդ, Երրորդ նախագահները կարո՞ղ են ասել՝ թեպետ իշխանության գալու կարիք չունենք, բայց պատրաստ ենք ամեն ինչ անել՝ մեր պետությունը այս վիճակից հանելու համար։ Կան հեղինակություն ունեցող մարդիկ, ո՞ւր են։ Ով էլ որ գա վաղը Հրապարակ, լինելու են այն պիտակավորումները, որն անում են Իշխան Սաղաթելյանին, բայց դրանից վախենալն ու ոչինչ չանելն ընդունելի չէ։
- Սփյուռքում, Ռուսաստանում ապրող գործարարները հսկայական ներդրումներ են կատարել Հայաստանում և Արցախում։ Արցախում ամեն բան զրոյացվեց, նրանք ասելիք չունե՞ն։
- Մեզ՝ ԱԺ ընդդիմությանը, մեղադրում են մանդատները վայր չդնելու մեջ, բայց այս իշխանության հեռացումը պիտի ձևակերպվի Խորհրդարանում։ Եթե մենք մանդատները դնում ենք, այս ճանապարհը փակում ենք, ու հնարավոր չի լինում նոր վարչապետ ընտրել։ Եթե մենք մանդատները դնենք, առաջանա լեգիտիմության խնդիր, նոր ընտրություն առաջարկեն, արժե՞ այս իշխանության օրոք ու նրանց հետ գնալ ընտրության։
Մանրամասները՝ տեսանյութում։