Վենսը հայտարարել է, որ երկրները ոչ բացահայտ կերպով օգնում են ԱՄՆ-ին Իրանին մեկուսացնելու գործում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Տնտեսական վտարանդի» գործողությունը, որն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեկնարկել է Իրանին տնտեսապես մեկուսացնելու համար, արդյունավետ է, և շատ երկրներ մասնավոր կերպով միացել են դրան։ Ճեպազրույցի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
Վենսին հարց են ուղղել, թե արդյոք Արաբական Միացյալ Էմիրություններից բացի որևէ երկիր միացել է Իրանի մեկուսացմանը, և թե ինչպես կարող է գործողությունը հաջողության հասնել առանց Չինաստանի մասնակցության։
«Նախևառաջ, կարծում եմ, որ չինացիները, ՉԺՀ-ն պատրաստ են խաղալ այստեղ, և մենք բոլորս դա գիտենք», – ասել է Վենսը՝ նշելով, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև կան տարաձայնություններ, շահերի բախում, բայց երկու երկրի նախագահները շատ լավ հարաբերություններ ունեն։
«Ես չեմ ասում, որ նրանք անում են այն ամենն, ինչ մենք խնդրել ենք նրանց, բայց կարծում եմ՝ ՉԺՀ-ն շատ ավելի պատասխանատու է եղել, քան իրանցիները, և շատ ավելի պատասխանատու, քան մի քանի այլ երկիր», – նշել է ԱՄՆ փոխնախագահը։
Վենսը հավելել է, որ Իրանի դեմ ճնշման արշավում ներգրավված են նաև այլ երկրներ։
«Բայց միայն ՉԺՀ-ն չէ։ Եթե նայեք Թուրքիային, եթե նայեք Ադրբեջանին, եթե նայեք ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային, Կատարին, Պարսից ծոցի արաբական կոալիցիայի երկրների մեծ մասին և եթե նայեք ամբողջ աշխարհին, մենք իրականում տեսնում ենք բազմաթիվ երկրներ։ Երբեմն նրանք պատրաստ չեն հրապարակայնորեն դա ասել, բայց մասնավոր կերպով նրանք շատ լավ բաներ են անում՝ օգնելու մեզ ապահովել, որ իրանցիները գին վճարեն առևտրային նավերի վրա կրակ բացելու համար», – ասել է պաշտոնյան։
ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։
Չինաստանը գնում է Իրանից արտահանվող նավթի ավելի քան 80%-ը։ Չինաստանը և հարևան Պակիստանը հայտարարել են, որ չեն հետևի ԱՄՆ պատժամիջոցներին և մտադիր են շարունակել առևտրային կապերն Իրանի հետ։

