Դիակապտություն՝ համազգային ղալմաղալի պայմաններում
Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերջին՝ ժամանակագրորեն և իմաստային առումով վերջին, ռազմական ագրեսիային զոհ գնացին հարյուրավոր զինվորականներ և քաղաքացիական անձինք, իսկ Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհերի թիվը մինչև այսօր հայտնի չէ, թեև կրկին կարող է հաշվվել հարյուրներով:
Անցել է ավելի քան տասն օր: Հայաստանում ՀՀ հարյուրավոր քաղաքացիների մահվան կապակցությամբ սգո օր չի հայտարարվել:
Սգո օր չի հայտարարվել ոչ միայն այդ մարդկանց, այլ նրանց հայրենիքի մահվան ողբերգության առիթով:
Պատճառները բազմաթիվ են՝ սկսած Ադրբեջանի հնարավոր բացասական արձագանքի վախից, մինչև այլ ներքին ճղճիմություններ: Բայց կա սգո օր չհայտարարելու ևս մեկ կարևոր պատճառ, որը պայմանավորված է չհայտարարողների կեղտոտ հաշվարկով: Համապետական սգո օրը ոչ միայն սոսկ արարողակարգային ձևականություն է, այլ պարունակում է որոշակի ծիսականություն:
Ահա այդ ծիսականությունը, դրսևորման առումով ֆորմալիստական լինելով հանդերձ, ունի նաև բովանդակություն, խորհուրդ, որը արդեն կարող է հանգեցնել ոչ արարողակարգային հետևանքների:
Սգո օրերի կանոնիկությունը պարտադրում է լռություն՝ բառի ինչպես ուղիղ, այնպես էլ ու առավել ևս՝ փոխաբերական իմաստներով: Համազգային լռությունը՝ իր ողջ ծանրությամբ հանդերձ, բացի ցավի ապրումից, մարդկանց՝ անհատապես, և հասարակությանը՝ հավաքականորեն, ստիպում է մտածել, խորհել, վերլուծել, արժևորել կամ վերարժևորել շատ երևույթներ, ձևավորել դիրքորոշում, դրա հիման վրա՝ վարքագիծ, և այդպես շարունակ:
Լռությունը սգո արարողության ամենակարևոր կառուցակարգն է ու կարևոր է առաջին հերթին նրանով, որ լռությունն է ծնում մտածում, խոհ, միտք: Այն դեպքում, երբ աղմուկը, հիստերիան հակացուցված են մտածումին, որովհետև ինչպես մարդը, այնպես էլ հասարակությունը մտածելու համար պետք է լինի լռության մեջ:
Լռությունը նաև մեկուսացնում է մարդուն, մարդկանց խմբին ու դրանով նույնպես նպաստում է մտածումին:
Այդ առումով, սգո օր հայտարարելը կարող էր խիստ վտանգավոր լինել գործող իշխանության համար, որովհետև համազգային լռությունը ցավից կքված մարդկանց կստիպեր հույզերից բացի, նաև մտավոր ապրում ունենալ, փոքրիշատե վերլուծել կատարվածը, վերլուծելով՝ գտնել դրա պատճառները, գտնելով՝ նույնացնել մեղավորներին, նույնացնելով՝ քայլեր ձեռնարկել պատժի համար: Եվ ահա որպեսզի չգործի այս պատճառահետևանքային շղթան, կենսականորեն անհրաժեշտ է աղմուկ, ավելի շատ աղմուկ, մասշտաբային հիստերիա, հայհոյախոսություն, ղալմաղալ… այն ամենը, ինչով Արցախի ողբերգական իրադարձությունների մեկնարկից մինչև օրս զբաղված է գործող իշխանությունը՝ սեփական անդեմ դեմքերով և կեղծ դեմքերի տակ թաքնված իրական դեմքով:
Ակնհայտորեն ուղղորդվող ու հաշվարկված կերպով գեներացվող աղմուկը, ի թիվս այլ նպատակների, լուծում է նաև, իսկ գուցե առաջին հերթին այդ խնդիրը՝ մարդկանց զրկել լռությամբ ցավը հաղթահարելու ու նաև դրանով մտածելու ունակությունը վերգտնելու հնարավորությունից:
Հայաստանի իշխանությունը համազգային կորուստը սգալու նվազագույն պատեհություն ապահովելու փոխարեն, գործնականում զբաղված է սրբապղծությամբ, որովհետև այսպիսի աղմուկն այսչափ կորուստներից մեջ ու դրանից հետո հավասարազոր է դիակապտությանը:
Հարություն Ավետիսյան