«Այդ վերադարձի իրավունքը որևէ առումով չի վերանում». Լարիսա Ալավերդյան
Միացյալ ազգերի կազմակերպությունն առաքելություն է ուղարկել հայաթափված Արցախ. հանրային տարբեր շրջանակներ, այդ թվում՝ միջազգային, քննադատել են ՄԱԿ-ի այս ուշացած քայլը:
Հիշեցնենք՝ հայկական կողմը դեռ Արցախի շրջափակման շրջանում բազմիցս պնդել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ուղարկվի Լեռնային Ղարաբաղ, իսկ առաքելությունը ժամանեց միայն այն ժամանակ, երբ ԼՂ բնիկ ժողովուրդը լքեց իր հայրենիքը:
168.am-ը ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պետք է անի ՄԱԿ-ը դատարկված Արցախում, և արդյո՞ք այդ միջազգային կառույցն ունի հնարավոր մեխանիզմներ, որոնց գործարկման դեպքում հնարավոր է նաև արցախահայերի վերադարձ ապահովել:
Ի պատասխան՝ իրավապաշտպանը նկատեց, որ այս հարցադրումներին հստակ պատասխանելու համար նախ պետք է տեղեկանալ, թե ՄԱԿ-ի որ մարմիններն են Արցախ ժամանել, կոնկրետ ինչ նպատակներով, ում և ինչ զեկուցելու նպատակով:
Վերջին դրվագի վերաբերյալ Լարիսա Ալավերդյանը մանրամասնեց. «ԵՄ առաքելությունն ամիսներ շարունակ ՀՀ կառավարությանն այդպես էլ չէր տալիս զեկույցները, թե ինչով են իրենք զբաղվում»:
Այդուհանդերձ, նրա կարծիքով՝ այս առաքելությունը գալիս է դիտարկելու այն ցեղասպանական գործողությունների և ագրեսիաների հետևանքները, որոնք Ադրբեջանն իրագործել է և այս տարիների ընթացքում չի ենթարկվել որևէ պատժամիջոցի:
«Չեմ կարծում, թե այս առաքելությունը գալիս է պատժամիջոցների հիմնավորման համար. նրանք գալիս են զուտ հումանիտար հետևանքները ուսումնասիրելու, որ հետագայում, երբ Հայաստանը դիմի օգնության համար, ունենան սեփական ինչ-ինչ տվյալներ»,- մանրամասնեց նա:
Արցախցիների հնարավոր վերադարձի հարցում ՄԱԿ դերակատարման մասին մեր մյուս հարցադրմանն ի պատասխան՝ իրավապաշտպանն արձանագրեց, որ այսպիսի առաքելություններն ինչ նպատակներ էլ ունենան, հնարավորություն չունեն վերադարձնելու բռնի տեղահանվածներին:
«Հանրահայտ կոնվենցիայում «Փախստականների կարգավիճակի մասին» և դրան կից արձանագրությունում գրվում է հստակ, որ վերադարձումն արգելված է, եթե տվյալ երկրում չեն ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովում են վերադարձողի անվտանգությունը:
Ի դեպ, այդ վերադարձի իրավունքը որևէ առումով չի վերանում, և նույնիսկ այն դեպքում, եթե փախստականն ընդունում է ընդունող երկրի քաղաքացիությունը, այդ երկրից ստանում է այս կամ այն օգնությունը, դա իրեն իր վերադարձի իրավունքից չի զրկում՝ հակառակ պնդումներին, որոնք հանրայնացնում են տարբեր կազմակերպություններ:
Երրորդ՝ կա մեկ այլ իրավունք. փախստականներն իրենց թողած գույքի հանդեպ ունեն փոխհատուցման կամ վերադարձի բոլոր իրավունքները: Եվ այս առումով գրանցումը, հաշվառումը պետք է շատ մանրակրկիտ արվի: Պետք է սկսվի կորուստների հաշվառումն ու գույքագրումը»,- պարզաբանեց Լարիսա Ալավերդյանը: