Փաշինյանը գործակալ է. ԱԺ-ն պետք է արտահերթ նիստ աներ և Արցախում տեղի ունեցածն ընդուներ՝ որպես ցեղասպանություն. Հայկ Դեմոյան

Նախորդ տարի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակեց Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Ավելի քան 9 ամիս Արցախն ու արցախահայությանը պահելով շրջափակման մեջ, Ադրբեջանն սկսեց խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացնել ցեղասպանություն, որն ավելի բացահայտ բնույթ կրեց, երբ սեպտեմբերի 19-ին հարձակվեց Արցախի Հանրապետության վրա։ Ադրբեջանի ցեղասպանությանը զոհ են գնացել տասնյակ երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, շատերի ճակատագիրը մինչև այս պահն անհայտ է։ Ադրբեջանի այս ցեղասպան քաղաքականության արդյունքում արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտման և բռնի տեղահանման։

Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը պետական մակարդակով Արցախում տեղի ունեցողը չի հայտարարում՝ որպես արցախահայություն էթնիկ զտում, հատկապես, երբ Լեմկինի անվան միջազգային ինստիտուտն այդ գործողությունները համարել է արդեն ցեղասպանություն։

168.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն այս հարցի առնչությամբ նախ հիշեցրեց իր վերջին հարցազրույցն ադրբեջանական հարձակումից ընդամենը երեք օր առաջ, երբ բնութագրել է Նիկոլ Փաշինյանին։

«Ես այդ ժամանակ հստակ ասացի, թե ով է Նիկոլ Փաշինյանը, նա գործակալ է, միջին ինտելեկտուալ կարողություններով։ Հիմա որպեսզի այդ թեզը նորից վերահաստատվի, պիտի նայենք, թե ինչ է անում այժմ։ Նախ, ինքը զուտ մարդկային առումով որևէ կերպ ցույց չի տալիս, որ հուզված է տեղի ունեցածից, հազարամյակներ շարունակ հայապատկան հայրենիքի մի հատված հայաթափվել է, բայց նրա կողմից որևէ էմոցիոնալ դրսևորում չկա, միայն ճապաղ, ոչինչ չասող գործակալական տեքստեր, որի նպատակն է ուղղակի բուն խնդիրը հեռացնելը։

Կարդացեք նաև

Ի՞նչ պետք է աներ ՀՀ իշխանությունն այս պարագայում։ Նիկոլ Փաշինյանի տեքստերն առոչինչ են, ԱԳՆ հայտարարությունն առոչինչ է, ես սեպտեմբերի 21-ին շատ բաց գրեցի, որ մեր Ազգային ժողովը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, որտեղ  պետք է արձանագրվեր տեղի ունեցածը, որակավորվեր տեղի ունեցածը՝ պատերազմական հանցագործություն, էթնիկ զտում և ցեղասպանություն»,- նշեց Հայկ Դեմոյանը։

Հայկ Դեմոյանի համոզմամբ՝ նման հայտարարություն կարող էր անել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, սակայն չարեց, փոխարենը՝ գավառական խորամանկությամբ դրսևորվեց հետևյալ կերպ՝ ծիծաղ հարուցող տեքստ զետեղվեց թանգարան-ինստիտուտի էջին։

«Զարմանալի է, որ մեկ այլ ինստիտուտ՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ևս հանդես եկավ հայտարարությամբ, թե ինչո՞ւ, որովհետև ես ասել էի, որ ԱԺ-ի համար պետք է տեքստ պատրաստի ինստիտուտը։ Հնագիտության ինստիտուտում Հրանուշ Խառատյանն է և գիտաշխատող է Հարություն Մարությանը՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայտարարությունը ևս ոչինչ չասող է։

Պարզապես ծիծաղելի է, որ ադրբեջանական հարձակումից հետո ԱԺ-ն ժամանակ չի գտել արտահերթ նիստ հրավիրելու, քննարկելու և ելույթներ ունենալու։ Եթե իրենք վախենում են, ես նույնիսկ կարող եմ այդ հայտարարության տեքստը կազմել, որտեղ պետք է արձանագրվի, նաև պետք է կոչ լինի՝ ուղղված աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին, հատկապես այն երկրների, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Հայաստանը, որի վարչապետը ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ով չգիտես որտեղից հայտարարում է, որ Ադրբեջանին մանդատ չի տվել էթնիկ զտումներ իրականացնել, որը կարող է ասել միայն անմեղսունակը։

Այս ամենին պետք է հետևեր կոնկրետ ժամանակացույցով ճանապարհային քարտեզի հրապարակումը, որը տեղավորվում է չոր տրամաբանության մեջ։ Առաջին, որ այսպիսի ելքից հետո՝ բռնագաղթից հետո, ավտոմատ կերպով դադարում է Հայաստանի սոտրագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ։ Երկրորդ՝ արձանագրվում է, որ Հայաստանը չի կարող այլևս երաշխավորել իր ստորագրությամբ ռուս խաղաղապահների իրավական կարգավիճակն արդեն «Ադրբեջանի տարածքում»։ Երրորդ՝ արձանագրվում է, որ ռուս խաղաղապահների մուտքն Արցախ  ընդամենը ապահովեցին Արցախն Ադրբեջանի կողմից ռազմակալելու, էթնիկ զտումներ իրականացնելու և ինքնապաշտպանական ուժերին զինաթափելու գործընթաց։ Վերջում դեսերտի տեսքով կարելի է հաջողություն մաղթել Ակնայում տեղակայված ռուս-թուրքական շտաբին, որտեղ կարելի է նարդու չեմպիոնատ կազմակերպել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հայկ Դեմոյանը պարզաբանելով  իր հայտարարությունը Հրանուշ Խառատյանի մասին, թե նա լծվել է Հայաստանում ադրբեջանական հետք հայտնաբերելու գործընթացին, նկատեց՝ այստեղ որոշիչ դեր է կատարում նորին մեծություն փողը։

«Չմոռանաք, որ պատերազմից հետո խոսակցություններ եղան այս ընտանիքի անդամների կողմից հավանական դրամական վերաբաշխումների մասին։ Խոսենք փաստերով, Լուսինե Խառատյանն իր հանրային հրապարակումներով նշել էր ադրբեջանական հետքի ուսումնասիրության կարևորությունը, և դա մենք չենք կարող ժխտել։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի և աշխատակիցների միջև տեղի է ունեցել միջադեպ, որը ժողովներից մեկի ժամանակ տնօրենն ասել էր, թե՝ ի՞նչ է, Հայաստանում ադրբեջանցիներ չե՞ն ապրել, որ հետք թողած չլինեն։

Երրորդ՝ ուղղակի ունեմ տվյալ այն ՊՈԱԿ-ից՝ Հուշարձանների պահպանության և վերականգնման, որտեղից ինձ ասացին, որ ԿԳՄՍ նախարարությունից եկել է, բայց չգիտեմ՝ բաց նամակո՞վ, թե՞ գաղտնի գրիֆով ցուցում-նամակ, որպեսզի զբաղվեն Հայաստանի տարածքում մահմեդական հետքի ուսումնասիրությամբ, որը պետք է հասկանանք ադրբեջանական հետքի հայտնաբերմամբ։ Սա կարո՞ղ է դիտվել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նախապայման, կարծում եմ՝ այո, այստեղ կասկածները կարող են փարատվել Ալիևի ու Էրդողանի վերջին՝ Նախիջևանում դրած նախապայմանները հաշվի առնելով»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս