Վրաստանում աղջիկները վրացու կերպար ունեն, իսկ Հայաստանում չգիտեմ՝ հայուհիներն ի՞նչ ոճով են հագնվում․Դիզայներ
Հեքիաթային՝ երբեմն այսպես են բնութագրում դիզայների մասնագիտությունը․ ո՞վ է հագուստի դիզայները՝ դերձա՞կ, թե՞ նկարիչ։ Այս և այլ հարցերի պատասխանները փորձել ենք գտնել դիզայներ Սոնա Մարաբյանի հետ զրույցի ընթացքում։
– Սոնա, ո՞վ է դիզայները։
– Դիզայներն այն ստեղծագործ մարդն է, ով արարում է, ստեղծում այնպիսի մի գործ, որը հետո գնահատում է ժողովուրդը։
– Դեպի դիզայներական աշխարհ Ձեր ճանապարհը սկսվել է մայրիկի հետ տիկնիկների համար հագուստ կարելուց: Ե՞րբ հասկացաք, որ կարող եք անշունչ էակներին՝ տիկնիկներին, փոխարինել մարդկանցով։
– Սերը դեպի հագուստն ու նկարչությունը, այո, եղել է փոքր տարիքից, որը հետո զարգացրել եմ ու հասել այն կետին, որում հիմա կամ։ Տիկնիկներին փոխարինեցի մարդկանցով, երբ ընտրեցի հագուստի դիզայների մասնագիտությունը՝ աշխատելով մարդկանց հետ և մարդկանց համար։
– Ինտերիեր դիզայներները մարդկանց տունը կահավորելու համար շփվում են նրանց հետ, փորձում հասկանալ բնավորությունը, այն, թե ինչն են սիրում, ինչը՝ ոչ։ Ինչպե՞ս է հագուստի դիզայների դեպքում։
– Նույն կերպ։ Երբ աշխատում ես անհատի համար, ճիշտ եմ համարում հաճախորդի հետ զրուցելը, որպեսզի հասկանաս, թե ի՞նչ նախասիրություններ ունի, ի՞նչ աշխատանք է կատարում, ի՞նչ մասնագիտություն ունի, որտե՞ղ է սիրում ժամանակ անցկացնել։ Բնավորությունից կարողանում ես պատկերացնել, թե ի՞նչ ոճի մեջ է գտնվում քո հաճախորդը, ի՞նչ նախասիրություններ ունի, և փորձում ես իր համար ստեղծել հագուստ, որը հաճելի կլինի, ու նա կսիրի այն։ Իսկ, եթե արտադրում ես որոշ բրենդների համար, փորձում ես հասկանալ այն հաճախորդների նախասիրությունները, որոնց թիրախավորել ես։ Մինչև հավաքածուի ստեղծելն անձամբ հետազոտություն եմ անում, գնում այն սրճարանները, ժամանցի վայրերը, որտեղ հաճախում են տվյալ հաճախորդները։ Փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ տեսակի հագուստ են կրում և ինչո՞ւ․ կոմֆո՞րտ է, թե՞ գեղեցիկ։
– Ովքե՞ր են Ձեր թիրախում։
– Այս տարիների ընթացքում հիմնականում աշխատել եմ միայն կանանց ու աղջիկների համար, դեռևս բախտ չի վիճակվել աշխատել տղամարդկանց հագուստ ստեղծելու ուղղությամբ, որը ևս շատ հետաքրքիր է։ Իմ թիրախում միջին ֆինանսական ապահովվածություն ունեցող աղջիկներն են՝ թինեյջերներ, ուսանողներ, ովքեր սիրում են հաճախ փոխել իրենց զգեստապահարանը, միշտ լինել նորաձև, իսկ մյուսը լյուքս դասի հաճախորդներն են, որոնք սիրում են տարբերվել ու ընտրել հագուստ, որը կկրեն միայն իրենք։ Նրանց հետ հետաքրքիր ու շատ աշխատանք կա։ Շուտով ունենալու ենք նոր եվրոպական բրենդ, որն արտադրվելու է Հայաստանում և նախատեսված է լինելու այն կանանց ու աղջիկների համար, ովքեր ուզում են չկրկնվող հագուստ, որը կհագնեն և՛ առօրյայում, և՛ երեկոյան։
– Խոսեցիք առօրյա հագուստից։ Հաճախ, երբ փորձում ես հայկական արտադրության հագուստ գնել՝ դժվար է լինում։ Ավելի շատ տնային, քան առօրյա կամ աշխատանքային հագուստ է։ Այստեղ կա դիզայների՞ թերությունը, թե՞ արտադրողներն անհատներ են, ովքեր կարում ու վաճառում են հագուստը։
– Պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում հայկական հագուստ։ Հայկական կարող է լինել այն հագուստը, որն արտադրվում է Հայաստանում, և երկրորդը, կարող ենք հայկական համարել հագուստի այն ձևը, որտեղ օգտագործվել են հայկական զարդանախշեր, հայկական տարազի որոշակի ձևավորում։ Հիմա հայկական շուկայում շատ տարածված է հագուստը, որն արտադրվում է Հայաստանում, և ինչպես նշեցիք, առօրյա հագուստ է։ Կարծում եմ, պատճառն այն է, որ առօրյա հագուստի պահանջարկն ավելի շատ է, ու իրացումն ավելի հեշտ է կատարվում։
– Ինչպես հասկացա՝ այդտեղ դիզայներ չի աշխատում, բա ո՞ւր են դիզայներների աշխատանքները, որ միջին ապրելակերպ ունեցող մարդը կարողանա գտնել և գնել։
– Դիզայներներն աշխատում են, բայց այնպիսի հագուստ են ստեղծում, որը կլինի թրենդային։ Նման ոճի հագուստ կարող եք տեսնել արտասահմանյան որոշ բրենդներում։ Տվյալ բրենդը հայկական է համարվում, քանի որ արտադրվել է Հայաստանում, թեկուզև հայկական ոճ գուցե չկա։
– Ճիշտ հասկացա՞, որ եթե ուզում ես հայ դիզայների ստեղծած հագուստը կրել, պետք է նրա հետ կապ հաստատես, եթե ոչ, շուկայում առկա հագուստը սովորական դերձակի կարած է, որովհետև հայկական առօրյա հագուստը եթե համեմատենք եվրոպականի կամ թեկուզև չինականի հետ, այստեղ չենք կարող գտնել։ Խնդիրը ո՞րն է։
– Ունենք դիզայներներ, ովքեր ունեն իրենց show room-ը։ Կան նաև խանութներ, որտեղ ներկայացված է հայ դիզայների աշխատանքը։ Եթե անհատական, իրենց համար հագուստ են ուզում, կարող են հանդիպել դիզայների հետ և պատվիրել։ Մյուս կողմից՝ ունենք դիզայներներ, որոնք աշխատում են արտադրությունում։ Իրենց հետ չես առնչվում, բայց թիմային աշխատանքը տեսնում ես բրենդային խանութներում։ Այ, թե ո՞րն է հայկական ոճը, դեռ չեմ կարող ասել։ Օրինակ, հարևան երկրում կարող ես ասել, որ թիֆլիսյան ոճ է։ Երբ գնում ես Վրաստան, տեսնում ես, որ աղջիկները վրացու կերպար ունեն, իսկ Հայաստանում չգիտեմ՝ հայուհիներն ինչ ոճով են հագնվում։ Հուսով եմ, շուտով կլինի։
– Կարծիք կա, որ հայկական ոճը չեն գտնում, որովհետև հայ դիզայներները միմյանց հետ չեն համագործակցում։ Համամի՞տ եք։
– Համագործակցում են, բայց որ ասեմ՝ հայկական ոճի մեջ՝ չէ։ Թրենդային ենք, նորաոճ, բայց հայկականը չեմ տեսնում դեռ։
Մանրամասները՝ տեսանյութում