«Որքան կարելի է ցած իջնել, անինքնասեր լինել, որ նման արտահայտություններով առաջնորդվես, պետք է եկեղեցու կողքին լինենք». Նուռ

Նիկոլ Փաշինյանը հանրությանը համախմբվելու կոչ է արել, բայց ոչ թե արտաքին թշնամու դեմ, այլ Ամենայն Հայոց վեհափառի՝ նրան ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու համար։

Նիկոլ Փաշինյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Գարեգին Բ վեհափառը զավակ ունի, և եթե նա հերքի, ապա ինքն ապացույցներ կհրապարակի։

Դիզայներ, նկարիչ, քանդակագործ Նուռի համար ակնհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահ է՝ սա Հայաստանի թշնամու կողմից իջեցված պատվեր է, ինչն այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, քանի որ ամեն ինչ արդեն բացահայտ է։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ այս ամենը որևէ մեկի մոտ այլևս չպետք է որևէ հարց առաջացնի, Կովկասի մուսուլմանների առաջնորդ Փաշազադեի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց այս ամենը։

Պետությունը, Կառավարությունն առհասարակ իրավունք չունի միջամտել ու խառնվել եկեղեցական օրենքներին, սա Սահմանադրության խախտում է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նուռը։

Նա շեշտեց՝ եթե եկեղեցականը խախտում է օրենսգրքային որևէ օրենք, ապա այդ դեպքում նա, ինչպես և ցանկացած քաղաքացի, պետք է ենթարկվի պատասխանատվության։

«Կառավարությունը չպետք է միջամտի ներեկեղեցական օրենքներին, բոլոր հարցերը եկեղեցին լուծում է ներսում, այլ ոչ թե դրսում։

Ինչ վերաբերում է կաթողիկոսի երեխա ունենալու մասին հայտարարություններին, սա ուղղակի տգեղ և առհասարակ մարդուն ոչ սազական ասեկոսեներ ու բամբասանքներ են։ Ես չգիտեմ ուղղակի՝ որքան կարելի է ցած իջնել, այդքան անինքնասեր լինել, որ նման արտահայտությունների հավատաս կամ նման արտահայտություններով առաջնորդվես»,- հավելեց դիզայները։

Նուռի կարծիքով՝ այս իրավիճակում հայ ազգն ունի մեկ անելիք՝ գնալ ու կանգնել Առաքելական եկեղեցու կողքին։

«Մեր եկեղեցին դարեր շարունակ պաշտպանել է մեր պետականությունն ու ինքնությունը, հետևաբար՝ բոլորս պետք է եկեղեցու կողքին կանգնած լինենք»,- ընդգծեց դիզայները։

Հիշեցնենք, որ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Հայաստանում մեկնարկեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, նպատակ ունենալով հեռացնել Գարեգին Բ վեհափառին։ Այս նախաձեռնության անդամները նույնիսկ ներխուժել են Մայր Աթոռի դիվանատուն և պահանջում են, որպեսզի կաթողիկոսը հեռանա։ Նաև Վայոց ձորում  փակել էին կաթողիկոսի ճանապարհը։ Այս նախաձեռնության ակտիվ անդամներից մեկը Կարեն Պետրոսյանն է, ով այս շարժումից հետո նշանակվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճուղի տնօրեն։

 

Տեսանյութեր

Լրահոս