«Շառը գցում են ՌԴ-ի վրա, որ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց բարձրացնեն». Լևոն Նազարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի գործող իշխանություններն արտաքին ուժերի կողմից ֆինանսավորված և հեղաշրջմամբ իշխանությունը զավթած ուժեր են, որոնք որևէ աղերս չունեն հայկականության հետ:

«Այս իշխանությունները դեռ չեն շնորհավորել Արցախի նոր նախագահին, երևի սպասում են, որ թուրքական խամաճիկ կապիտուլյանտը հեռախոսազրույց ունենա թուրքական նոր սուլթանի հետ՝ ի դեմս Էրդողանի, և այնտեղից ստանան իրենց ինստրուկտաժները»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ իշխանությունները գտնվում են թուրքական ազդեցության ներքո:

««Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում այս իշխանությունը հայ ժողովրդի ազգածագման վերաբերյալ նշել է, այսպես կոչված, բալկանյան տեսությունը, ըստ որի՝ հայ ժողովուրդը եկվոր է, որոշ ժամանակ առաջ Բալկաններից եկել են Հայկական լեռնաշխարհ: Գիտական շրջանակներում բոլորը գիտեն, որ դա թուրքական թեզ է, ֆինանսավորվում է դեռևս 19-րդ դարից, և դա հիմք է ստեղծում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տեղահանման և ցեղասպանության համար: Սա կարևորում եմ, որովհետև դեռևս 19-րդ և 20-րդ դարերին, երբ նախապատրաստվում էր Հայոց ցեղասպանությունը, սկսվեց հենց այս արշավը՝ Մովսես Խորենացուն որակում էին զեղծարար, բարոյական կերպար էին ստեղծում, որ հայ ժողովուրդն այս տարածաշրջանում եկվոր է, հետևաբար, եթե եկվոր է, ինչո՞ւ չի կարելի նրանց տեղահանել: Այսինքն՝ Թուրքիայի հետ այս երկխոսությունները, կապերն ուղղակի իրենց աշխարհաքաղաքական կենտրոններից պատվերներ են, իրենք ստանում են հրահանգներ և երկու խնդիր լուծում. Երկսայրի սուր է, որոնցից մեկն ուղղված է մեր ֆիզիկական գոյության և պետականության դեմ, մյուսը հակառուսականությունն է, որը տեսնում ենք՝ հիստերիայի ինչ ալիք է բարձրացրել»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Լևոն Նազարյանի խոսքով՝ նախկինում տարբեր սոցիալական հարցումներ ցույց էին տալիս, որ Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ հակառուսականություն չկար, ռուս քաղաքական գործիչներն ունեին բարձր վարկանիշ, և ըստ նրա՝ տարբեր ուժեր պետք է հակառակն անեին. «Պետք էր կազմակերպել գործընթաց, որի արդյունքում հազարավոր զոհերը, հսկայական զոհերը պետք է կապվեին Ռուսաստանի հետ, այսպես ասած՝ շառը պետք է գցվեր ՌԴ-ի վրա և դրա արդյունքում հարց բարձրացվեր, որ եթե ՌԴ-ն իր պարտականությունները չի կատարում, ապա թող վերցնի իր 102-րդ ռազմաբազան և տարածաշրջանից հեռանա: Բայց տեսանք, որ 2020թ. պատերազմը կասեցվեց հենց ՌԴ միջնորդական ջանքերով: Պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու առաջարկ է եղել ռուսական կողմից, բայց կապիտուլյանտը գնաց այս տարբերակով, որպեսզի կորուստները լինեին ահռելի, հարվածները լինեին մեզ համար անբուժելի և հնարավոր լիներ այս ամենը բարդել ռուսական կողմի վրա, պահանջել, որ ՌԴ-ն մեր տարածաշրջանից հեռանա:

Դրա համար իրեն պետք էր լինելու որոշակի քարոզչական հենք. Եղավ պայմանավորված պատերազմ, որտեղ ինքը գնաց ամենաարյունալի, ամենացավոտ լուծմանը, և այդ ամենը նրա համար, որ հուզական ֆոնի վրա հնարավոր լիներ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց բարձրացնել: Իրավիճակը փոխվեց, երբ ՌԴ խաղաղապահ զորքերը մուտք գործեցին Արցախ, և հնարավոր եղավ գոնե պահպանել Արցախից այն ամենը, ինչը մնացել էր: Բացի այդ, այդ ամենից հետո ռուսական կողմը նաև պնդել է, որ Արցախը պետք է ունենա կարգավիճակ, և այդ կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին, ինչից նախորդ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս