Հայաստանը դառնալու է ոչ միայն թատերաբեմ վաղվա կռիվների համար, այլև զոհաբերվելու է՝ ինչպես Ուկրաինան. Թուրքագետ

Ռեջեփ Թայիբ Էրդողանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի ունեցող G20 գագաթաժողովի շրջանակներում հրավիրված ասուլիսում խոսել է Արցախում կայացած նախագահական ընտրությունների ու Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հնարավոր հեռախոսազրույցի մասին։

«Իլհամ Ալիևի հետ այս թեմայի շուրջ խոսեցի: Այս խոսակցությունից հետո էլ հավանաբար պարոն Փաշինյանի հետ կխոսեմ: Իհարկե, տարածաշրջանը խաղաղության հրավիրելուց բացի, այլ հնարավորություն չունենք: Բայց, իհարկե, Ղարաբաղում այս պահին արված քայլերը ճիշտ քայլեր չեն: Հնարավոր չէ դրանք ընդունելը: Եվրոպական միության անդամ երկրներն էլ դա չեն ընդունում»,- նշել է Թուրքիայի բռնապետը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք զրույցի ընթացքում այդ թեմային անդրադառնալու է և հայտնելու է իրենց համար այդ ընտրությունների ընդունելի չլինելը։

168.amթուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Թուրքիայի նախագահի հայտարարությունը հերթական փորձն է ընդգծելու իր ազդեցությունը տարածաշրջանում, արդյո՞ք ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որը կասկածի տակ է դնում հայ-ռուսական հարաբերությունները, ճանապարհ չի բացում թուրքական հեգեմոնիայի համար:

«Ես բազմիցս նշել եմ, որ երեք պետությունների ղեկավարները՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, միասին են աշխատում:

Կարդացեք նաև

Իհարկե, դրա հետևում կանգնած են նաև արևմտյան ուժերը՝ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները, քանի որ նրանց շահերը համահունչ են,- ի պատասխան՝ արձանագրեց թուրքագետը՝ պատահական չհամարելով, որ Ադրբեջանը հերթական ակտիվությունը սկսել է հենց ՀՀ և ՌԴ դիվանագիտական շոշափվող  խնդիրների ֆոնի վրա,- Քանի որ քաղաքականության մեջ պատահական բան չկա, փաստորեն, սա միմյանց հետ կապված ծրագիր է. մի կողմից՝ Ադրբեջանը պետք է ակտիվանա, մյուս կողմից՝ այդ նույն ժամանակ պիտի ՀՀ-ն իր հարաբերությունները վատացնի ՌԴ հետ, որ  ինչ-որ արդյունքի հասնեն:

Իսկ հիմնական ու սկզբնական ծրագիրը եղել է Արցախի հանձնումը Ադրբեջանին, քանի որ դա բխում է  ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, այնպես էլ՝ ԱՄՆ և Իսրայելի: Ի դեպ, Իսրայելի ակտիվությունը նկատելի էր ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ՝ այսօր»:

Տիրան Լոքմագյոզյանը հիշեցրեց՝ այս խաղացողների համար հիմնական խնդիրը Իրանն ու Ռուսաստանն են: Ըստ նրա՝ ՌԴ հեռացումը տարածաշրջանից հավանական է նախ Արցախից խաղաղապահների դուրսմղմամբ (իսկ խաղաղապահների անհրաժեշտությունը չի լինի, եթե Արցախին ճնշումների տակ ինտեգրեն Ադրբեջանին), որին կհաջորդի նաև ՌԴ դիրքերի թուլացումը Հայաստանում:

Թուրքագետը թեև Արցախում տեղի ունեցած գործընթացներն այս սցենարի կանխման առումով համարեց կարևոր, սակայն նկատեց, որ Արցախը միայնակ՝ առանց ՀՀ աջակցության, չի կարող որևէ քայլ անել:

«Հաջորդ խնդիրն  Իրանի հետ է կապված: Իրանը դա վաղուց գիտի և իր քայլերն անում է՝ զորք է կուտակում սահմանի վրա: Թուրքիան ևս Իրանի հետ սահմանի վրա սկսել է զորք կուտակել. Թուրքիայի երրորդ բանակը շարժվում է  դեպի Իրանի սահման:

Սակայն Իրանի շուրջ օղակը սեղմվում է, որովհետև միայն Թուրքիան ու Ադրբեջանը չեն լծվել այդ գործին. Ադրբեջանում վխտում են իսրայելցիները՝ ամեն տեսակետով՝ զենք-զինամթերքով: Իրանը խնդիր ունի նաև Աֆղանստանի հետ, ու այն, որ ԱՄՆ-ը միանգամից շատ հեշտությամբ դուրս եկավ Աֆղանստանից, նաև «Թալիբան»-ի հետ սկսեց լավ հարաբերություններ մշակել, կամ, երբ իր ամբողջ զենք-զինամթերքն առանց ոչնչացնելու այնտեղ թողեց, արդեն հետաքրքիր էր և ցույց էր տալիս ԱՄՆ նպատակը: Այսօր «Թալիբան»-ն էլ է զորք կուտակում Իրանի սահմանի վրա,- մանրամասնեց թուրքագետը՝ նկատելով, որ հենց այս պատճառով են շտապում Արցախի ու Հայաստանի հարցը լուծել, որպեսզի տարածաշրջանն Արևմուտքի համար ավելի ապահով լինի,- Եվ եթե ՌԴ զորքերն այս տարածաշրջանից դուրս բերվեն, իրենց վերջին կետին կհասնեն»:

Տիրան Լոքմագյոզյանը նախ շեշտեց՝  թեև պարզ է, թե ինչ պետք է անի այս իրավիճակում Հայաստանը, ապա ավելորդ համարեց դա նորից բարձրաձայնել՝ հիմնավորելով. «Անող է պետք. մեր այսօրվա կառավարությունը դա անողը չէ: Մեր այսօրվա կառավարությունն աշխատում է Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ՝  ինչը հակահայկական կեցվածք է: Հայաստանը դառնալու է ոչ միայն թատերաբեմ վաղվա պայքարի, վաղվա կռիվների համար, այլև զոհաբերվելու է՝ ինչպես Ուկրաինան, որ զոհաբերվում է հանուն մեծ քաղաքականության»:

Տեսանյութեր

Լրահոս