«Հավանաբար, պարոն Փաշինյանի հետ կխոսեմ». Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի ունեցող G20 Գագաթաժողովի շրջանակներում հրավիրված ասուլիսում խոսել է Արցախում կայացած նախագահական ընտրությունների ու Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հնարավոր հեռախոսազրույցի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Իլհամ Ալիևի հետ այս թեմայի շուրջ խոսեցի: Այս խոսակցությունից հետո էլ հավանաբար պարոն Փաշինյանի հետ կխոսեմ: Իհարկե, տարածաշրջանը խաղաղության հրավիրելուց բացի, այլ ճար չունենք: Բայց, իհարկե, Ղարաբաղում, հատկապես Խանքենդիում այս պահին արված քայլերը ճիշտ քայլեր չեն: Հնարավոր չէ դրանք ընդունելը: Եվրոպական միության անդամ երկրներն էլ դա չեն ընդունում»։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Փաշինյանի հետ կայանալիք զրույցի ընթացքում այդ թեմային անդրադառնալու է և հայտնելու է իրենց համար այդ ընտրությունների ընդունելի չլինելը։

Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ, Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ։ Ըստ Արցախի խորհրդարանի՝ քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր։ Շահրամանյանն ընտրվել է ձայների 22 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս