Կհեռանա՞ այս անգամ Ռուստամ Բադասյանը

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցություններն առաջիկայում կառավարությունում սպասվող փոփոխությունների վերաբերյալ։ Նախարարներից բացի, հեռացողների թվում շրջանառվում է նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի անունը։

ՊԵԿ նախագահի հեռացման խոսակցություններն իհարկե նոր չեն սկսվել։ Դրանք «թեժացան» տարվա սկզբին։ Այնուհանդերձ, այն ժամանակ Ռուստամ Բադասյանին հաջողվեց պահպանել աթոռը։ Այս անգամ, թերևս, ավելի դժվար կլինի։

Եթե մինչև վերջերս, արտաքին նպաստավոր գործոնների արդյունքում, ՊԵԿ-ին հաջողվում էր բավական բարձր հարկային եկամուտներ ապահովել, ապա տարվա երկրորդ կեսին իրավիճակը չափազանց լարվել է։ Հարկային եկամուտները, չնայած շարունակում են աճել, այնուհանդերձ աճի տեմպն էապես ընկել է։ Այսպես շարունակվելու դեպքում, կասկած չկա, որ տարեվերջին կառավարությունը կանգնելու է նախատեսված բյուջետային մուտքերը թերակատարելու խնդրի առաջ։

Չհաշված, որ նախորդ տարվա նման ձախողելու է ՀՆԱ մեջ հարկերի հավաքագրման բարելավման ցուցանիշը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՆԱ-հարկեր հարաբերությունը նույնիսկ վատացավ՝ բարելավվելու փոխարեն։

Սպասվում է, որ այս տարի ավելի վատ է լինելու։

Հարկերի հավաքման վրա, որքան թուլանում են արտաքին գործոնների ազդեցությունները, այնքան հավաքագրումների տեմպն ընկնում է։

Այդ միտումը նկատվում է հատկապես տարվա երկրորդ կեսին։ Հուլիս-օգոստոսին հարկային եկամուտների աճի տեմպը կտրուկ դանդաղել է։

Տարվա առաջին կեսի երկնիշ՝ 18,9 տոկոս աճից հետո, երկրորդ կիսամյակի առաջին երկու ամիսներին մուտքերն ավելացել են ընդամենը 15,2 մլրդ դրամով. 2,8 միլիարդով՝ հուլիսին, և 12,4 միլիարդով՝ օգոստոսին։

Հուլիս-օգոստոսին մուտքերի աճը նախորդ տարվա համեմատ 5 տոկոսի չի հասնում, այն դեպքում, երբ առաջին կիսամյակում կազմել էր 18,9 տոկոս։

Եթե սրան էլ ավելացնենք այն, որ օգոստոսին բավական մեծ վերականգնում է կատարել Հայաստանում իր գործունեությունը կտրուկ ակտիվացրած և փոքր ու միջին բիզնեսի մոտ լուրջ դժգոհությունների հիմքեր ստեղծած «Վայլդբերրիզ» ընկերությունը, ապա իրավիճակն ավելի պատկերավոր կլինի։

Վերջերս ՊԵԿ-ը հայտարարեց, որ իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում «Վայլբերրիզ» ընկերության մոտ հայտնաբերվել են ներմուծման ԱԱՀ մասով չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր։

«Մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, և շուրջ 20-օրյա բազմաթիվ քննարկումների և բացատրական աշխատանքների արդյունքում, ընկերությունն ընդունել է թերհայտարարագրման փաստը։

Կատարված համատեղ աշխատանքների արդյունքում, ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում, նախորդ՝ հունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով, հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ 3594,2 մլն դրամ հարկային պարտավորություններ, որից 175 մլն դրամ՝ տույժեր ու տուգանքներ»,- հայտարարել էր ՊԵԿ-ը։

Եթե այս մեկանգամյա վերականգնումն էլ չլիներ, ապա հարկային մուտքերի աճը տարվա երկրորդ կեսին շատ ավելի համեստ կլիներ՝ հազիվ 3,8 տոկոս։

Մինչդեռ բյուջեի այս տարվա հարկային եկամուտների ճշգրտված պլանը կատարելու համար անհրաժեշտ է ապահովել մուտքերի առնվազն 15,3 տոկոս աճ։

Իհարկե, տարեսկզբի բարձր աճերի հաշվին, ինչը հիմնականում մի շարք ոլորտներում և հատկապես բանկային համակարգում, նախորդ տարի արձանագրված շահույթների կտրուկ ավելացման ու շահութահարկի վճարների աճի, ինչպես նաև վերարտահանումների արդյունք էր, այս պահին հարկային եկամուտների կատարողականը դրա շրջանակներում է. ութ ամսվա արդյունքներով այն կազմել է 15,5 տոկոս։ Բայց հաշվի առնելով, թե վերջին ամիսներին ինչպիսի ակտիվությամբ է ընկնում աճի տեմպը, դժվար չէ պատկերացնել, թե այսպես շարունակվելու դեպքում ինչ իրավիճակ ենք ունենալու տարեվերջին։

Հուլիսի-օգոստոսին բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման աճի տեմպը կտրուկ ընկել է, ու դա սկսել է անհանգստացնել իշխանություններին։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ արտաքին գործոնների ազդեցությունը մուտքերի աճի վրա գնալով թուլանում է։ Օգոստոսին հավաքվել է 157,9 մլրդ դրամի հարկ, ինչն ավելի քիչ է, քան հուլիսին էր։

Օգոստոսի մուտքերն ավելի քիչ են եղել նաև, քան հունվարին, մարտին, հունիսին։

Ապրիլի մասին նույնիսկ չենք խոսում՝ տարբերությունը գրեթե կրկնակի է։

Չնայած թվում է, թե տնտեսական գործընթացների ակտիվացմանը զուգահեռ՝ տարեվերջին հարկային եկամուտները պիտի ավելի շատ լինեին, ավելի քիչ են։ Էապես ընկել է աճի տեմպը։ Առաջիկայում էլ այդպես է լինելու։ Թուլանում են այն գործոնները, որոնք մի պահ նպաստավոր ազդեցություն ունեցան հարկային եկամուտների բարձր աճերի գործում։ Հավանաբար նաև դա է պատճառը, որ իշխանություններն ակտիվ փնտրտուքի մեջ են. պատրաստվում են մի շարք ոլորտներում բարձրացնել հարկային բեռը, ավելացնել տույժ-տուգանքները։

Արդեն հասել են տաքսի ծառայություն մատուցողներին, որոնց ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ամբողջությամբ ազատել հարկերից և թողնել, որպեսզի հանգիստ աշխատեն։

«Կառավարությունում լրջորեն քննարկվում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցը, և ես կարող եմ ասել, որ մենք, կարծես թե, մի շատ լավ որոշման ենք հանգում՝ անհատ տաքսիների վարորդների համար, մենք քննարկում ենք և շատ մոտ ենք այն որոշմանը, որ ՀՀ-ի տարածքում և, բնականաբար, նաև Երևանում, անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից։ Այսինքն՝ նրանք, ըստ էության, հարկ չեն վճարի և ազատ կգործեն»,- ժամանակին ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Բայց դա 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էր։ Այդ հայտարարությունից հետո շատ ջրեր են հոսել։ Ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, այս մասին ևս Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն մոռացել է։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս