Պետական միջոցները յուրացնելու, վատնելու այսպիսի բացահայտ ու արատավոր պրակտիկա Հայաստանում երբեք չէր եղել

Հայաստանի «հպարտ» քաղաքացուն ժամանակին հզոր ու բարգավաճ երկիր խոստացող Նիկոլ Փաշինյանը վեց տարում հասցրեց եղածն էլ քանդել, երկիրն ու ժողովրդին կանգնեցնել լինել-չլինելու խնդրի առաջ։

Երբեմնի հաղթանակած, ամուր բանակ ունեցող երկրի ապագան վեց տարի հետո անորոշ է ու անհայտ։ Պատերազմը չավարտված, ժողովրդին սպառնում են նոր պատերազմով՝ գուժելով անխուսափելի պարտություն։ Երեք տարի է, խաղաղությունից են խոսում, բայց պատերազմ են գուժում։ Պատերազմով են վախեցնում ժողովրդին՝ արդարացնելու իրենց պարտվողական ու հանձնողական քաղաքականությունը։

Արցախը հանձնեցին՝ անցան Հայաստանին։ Արցախի թեման ընդհանրապես փակել են, մաս-մաս Հայաստանն էլ են հանձնում։ Ու դեռ վերջը չի երևում։

Երկիրը բերել-կանգնեցրել են աշխարհաքաղաքական ցնցումների կիզակետում։

Կարդացեք նաև

Անկախացումից հետո երբևէ Հայաստանն այսքան վտանգներով լի ժամանակահատվածում չէր գտնվել, այսքան անպաշտպան ու անօգնական չէր եղել։

Արտաքին մատահրավերները սպառնում են մարտադաշտի վերածել երկրի նոսրացող տարածքները։

Աշխարհաքաղաքական հակամարտությունների այս ծայրահեղ սրված հարաբերությունների պայմաններում, քաղաքական կողմնորոշումներ են փոխում ու երկիրը ներքաշում նոր ցնցումների մեջ՝ առանց հետևանքները գիտակցելու ու հաշվի առնելու։ Ամեն ինչում միայն սեփական իշխանության քաղաքական շահն են փնտրում։ Երկրի ու ժողովրդի շահերը ստորադասել են իշխանական աթոռները պահելու մոլուցքին։

Իրենց քաղաքական ամբիցիաները դարձել են պետական քաղաքականություն։

Իշխանությունների քաղաքական ձախողումներն այնքան շատ են ու այնքան խորքային, որ կբավականացնեին նրանց տասնյակ անգամներ իշխանությունից հեռացնելու, ամենախիստ պատժի ու պատասխանատվության ենթարկելու համար։ Բայց ճակատագրի հեգնանքով, նրանք շարունակում են պահել իշխանությունը ու Հայաստանը ներքաշել անդունդը։

Մինչդեռ՝ վեց տարի առաջ մարդիկ ինչպիսի խանդավառությամբ էին Նիկոլ Փաշինյանին բերում իշխանության։ Նրա հետ մեծ հույսեր էին կապում՝ երկրի ու իրենց ապագայի համար։ Վատագույն երազում անգամ չէին կարող պատկերացնել, որ Արցախը դատարկվելու է, թշնամին Հայաստան է գալու։

Կարծում էին, թե Նիկոլ Փաշինյանը գալու է ու կախարդական փայտիկով իրենց բոլոր խնդիրները մեկ հարվածով լուծելու է։ Աշխատավարձերն ու թոշակներն այնքան է բարձրացնելու, որ բոլորը գոհ ու երջանիկ ապրելու են՝ իրենց երազած Հայաստանում։ Այլևս չի չի լինելու ո՛չ կաշառակերություն, ո՛չ կոռուպցիա, ո՛չ հովանավորչություն։ Ծանոթ-բարեկամները չեն նշանակվելու պետական բարձր պաշտոններում։ Պետությունն այլևս վարկեր չի վերցնելու, պարտքերը չի ավելացնելու այնպես, ինչպես նախկիններն էին ավելացնում ու երկիրը թաղում պարտքերի տակ։

Այնքան ներդրումներն են գալու Հայաստան, որ տնտեսությունը փողի խնդիր չի ունենալու։ Մարդիկ գոհ ու երջանիկ ապրելու են ապահով Հայաստանում։ Այլևս չեն գնալու Հայաստանից, գնացածներն են վերադառնալու։

Եկել էին շենացնելու երկիրը։

Շենացնելու փոխարեն՝ երկիրը վերածել են ավերակների, հզորացնելու փոխարեն՝ թուլացրել ու դարպասները բացել են թշնամիների առաջ, անվտանգությունն ու պաշտպանությունը հասցրել են զրոյի, բյուջեն թալանելուց փրկելու փոխարեն՝ իրենք են թալանում, պարտքեր կուտակելուց հրաժարվելու փոխարեն՝ խելահեղ տեմպերով պարտքեր են կուտակում, ժողովրդի կյանքը բարելավելու փոխարեն՝ իրենցն են բարելավել, կոռուպցիան ու կաշառակերությունը ոչ միայն չեն վերցրել, այլև չափերն են ավելացրել, հովանավորչությունը դրել են ամուր հիմքերի վրա, պետական ապարատը լցրել են ծանոթ-բարեկամներով։

Չկա արդարություն, սոցիալական բևեռացումը խորացել է, տնտեսությունը քայքայված է։

Հանգամանքների բերումով տնտեսական աճեր են գրանցվում, որոնք, սակայն, բացարձակ կապ չունեն մեր տնտեսության հետ։

Դրա համար էլ սոցիալական իրավիճակը երկրում շարունակում է նույնքան լարված լինել։

Պետական միջոցները յուրացնելու, վատնելու այսպիսի բացահայտ ու արատավոր պրակտիկա Հայաստանում երբեք չէր եղել։ Վեց տարում պետական բյուջեի հաշվին այնքան փողեր են դուրս գրել՝ սեփական բարեկեցության բարելավման համար, որ նախկին «թալանչի» իշխանությունները պարզապես կերազեին։

Հարյուրավոր միլիոն դոլարների հասնող միայն պարգևավճարներ են բաժանել բյուջեից։ Դա էլ քիչ է, անգամ բյուջե վճարած հարկերն են հետ քաշել։

Յուրայիներին դարձրել են պետական բյուջեի միջոցների իրացման հիմնական շահառուները. մեկ անձից գնումների միջոցով մասսայաբար պատվերներ են իջեցնում, գնումներ են կատարում՝ առանց հիմնավորումների, շուկայականից անհամեմատ թանկ, երբեմն՝ անգամներով բարձր գներով։

Պետության միջոցների, հարկատուների վճարած գումարների նկատմամբ բացարձակ ափսոսանք չկա, պատասխանատվություն չկա, ինչպես ուզում, այնպես էլ ծախսում են։

Կարող են բյուջեից միլիորդավոր դրամներ վերցնել տալ սրան-նրան, իսկ վերջում ոչինչ չստանալ։

Թե ինչքա՞ն փողեր են այս ընթացքում վատնել պետության հաշվին իրենց անպատասխանատու որոշումների պատճառով, դժվար է անգամ հաշվել։

Բայց այդ ամենը, իհարկե, մանրուքներ են այն ամենի դիմաց, ինչ արել են պետության հիմքերը թուլացնելու ու քանդելու, Արցախը կործանելու, հազարավոր մարդկանց ճակատագրերը խեղելու ու մահվան հասցնելու, ընտանիքները որբացնելու առումով։ Անասելի են այն բոլոր արհավիրքներն ու դժբախտությունները, որոնք երկրին ու ժողովրդին պատճառել են այս իշխանությունները՝ իրենց գոյության ընդամենը վեց տարիների ընթացքում։

Դեռ ինչքա՞ն պիտի շարունակվի այս մղձավանջը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս