«Ափսոսեցին կրթության համար փող ծախսել. երգչի համար փող կա, դասագրքերի համար չկա՞». Սերոբ Խաչատրյան

Հանրակրթության պետական չափորոշիչների մշակման գործընթացը սկսվել էր դեռևս 2015 թվականից, սակայն հետագայում այդ մշակված չափորոշիչը չընդունվեց և 2018 թվականին որոշվեց ԵՄ ծրագրով իրականացնել չափորոշիչների մշակումը, նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցներում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում դասագրքերի բացակայության և նոր չափորոշիչների ներդրման հետ կապված խնդիրներին։

Նրա դիտարկմամբ՝ բավարար ժամանակ ունեին գրքերի տպագրությունը չուշացնելու համար, որովհետև 2021 թվականին արդեն հաստատվել էր հանրակրթության պետական չափորոշիչը, իսկ ավելի ուշ՝ արդեն առարկայական չափորոշիչները։

Կարդացեք նաև

«Չգիտես ինչու, այս ծրագրով որոշվեց փորձարկել այդ չափորոշիչները Տավուշի մարզում, սա էլ ըստ պլանի գնաց։ Խնդիրը սկսվեց նախորդ տարվա ամռանը, երբ անցած տարվա մայիսին Տավուշում  իրականացվեց 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների չափորոշիչների փորձարկումը, ակնհայտ էր, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է ամբողջ ամառ լարված աշխատի, փորձի վերանայել չափորոշիչները՝ դրանք բերելու վերջնական տեսքի, պատրաստել դասագրքերի մրցույթի փաթեթը և սեպտեմբերին արդեն հայտարարել, որովհետև այս անգամ նախարարությունն արդեն բավականին խստացրել էր պահանջները։ Եթե նախկինում պահանաջվում էր դասագրքի 80 տոկոսը, ապա այս անգամ պետք է ներկայացվեր 100 տոկոսը։ Բացի այդ, բավականին խստացվել էին նաև ուսուցչի ձեռնարկին ներկայացվող պահանջները։ Ավելի աշխատատար է դարձել դասագրքի պատրաստումը, և ենթադրվում էր, որ նախարարությունը պետք է երեք ամիս գիշեր-ցերեկ աշխատեր, որովհետև դասագրքերի հարցը կարևոր հարց է, և սա միշտ նախարարության համար եղել է առաջնահերթություն, որ պետք է հասցնել։

Բացառիկ դեպքեր են եղել, որ 1-2 դասագիրք մեկ շաբաթով, 15 օրով ուշացրել են, մնացած բոլոր դեպքերում դասագրքերն առաջնահերթ հասցվել են։ Ըստ էության նախարարությունն ամռանը քիչ է աշխատել կամ չի աշխատել, և սեպտեմբերին մենք ոչ միայն չտեսանք նոր չափորոշիչները հաստատված, չտեսանք դասագրքերի մրցույթը, այլ ամբողջ աշունը գնաց, և մրցույթը հայտարարվեց միայն 2022 թվականի դեկտեմբերին, սա արդեն աններելի սխալ էր։ Սա չպետք է արվեր, որովհետև վստահ եմ, որ նախարարությունում կան մարդիկ, որոնք շատ լավ գիտեին, եթե մրցույթ են հայտարարում դեկտեմբերին, ապա սեպտեմբերին չեն հասցնելու, քանի որ այդ դասագիրքը գրելու համար մարդկանց ժամանակ է պետք։ Նաև՝ ժամանակ է պետք այդ դասագիրքը գնահատելու, մրցույթի բողոքարկման ընթացքի համար, և վերջապես ժամանակ է պետք, որպեսզի ուսուցիչներն ընտրեն այդ դասագրքերը, գումարած տպագրությունը։ Այսինքն՝ այդ ամենի համար նախարարությունն ուներ 9 ամիս, և ակնհայտ էր, որ նախարարությունը չի հասցնելու»,- նշեց փորձագետը։

Չնայած Սերոբ Խաչատրյանը նախարարության կողմից դիտավորություն չի տեսնում, այլ տեսնում է, որ մրցույթի պայմանները, չգիտես ինչու, վատացան, նախորդ մրցույթները հրատարակիչներին ավելի լավ պայմաններ էին առաջարկում, այս անգամ հատկացրել էին ընդամենը 6 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, որը չնչին գումար է, ինչպես նաև տպագրությունից 8 տոկոս հոնորար, ինչը կրկին չնչին գումար է։ Նախկինում եղել են դեպքեր, երբ մարդիկ 12-ից մինչև 15 տոկոս հոնորար են ստացել։

«Հենց սկզբից պարզ էր, որ որոշ դասագրքեր չեն լինելու։ Ընդ որում, երբ նախարարությունը դեկտեմբերին մրցույթ հայտարարեց, տրվել էր ծիծաղելի ժամկետ՝ մեկ ամիս, հունվարի 9-ին պետք է դասագրքերը ներկայացվեին, դրա հետ նաև՝ ուսուցչի ձեռնարկը, լուսանկարներ, դրանց համար թույլտվություններ։ Դե պարզ է՝ այդ մեկ ամիսը ծիծաղել էր, նախարարությունը որոշեց մինչև մարտի վերջ, երբ եկավ ժամանակը, հեղինակների մեծ մասը հայտարարեց, որ չեն հասցնում։ Եվ քանի որ նախարարությունը սխալն արդեն թույլ էր տվել, ստիպված ևս մեկ ամսով  երկարաձգեց, բայց դա էլ չբավարարեց, որ դասագրքերը լինեն, ու գնաց մինչև հունիսի 1։ Գործընթացը վատ է կազմակերպվել, և նախարարությունը հայտնվել է մի տրամաբանական սխալի մեջ, որը կոչվում է՝ երբ մի բան անում ես, կա ճանապարհ՝  կեսից այն կանգնեցնելու, բայց դու չես ուզում դա անես, որովհետև չես ուզում զիջես։ Հիմա ունենք շատ խնդրահարույց իրավիճակ»,- հավելեց կրթության փորձագետը։

Սերոբ Խաչատրյանի փոխանցմամբ՝ չնայած ըստ խոսակցությունների՝ կան դասագրքեր, որոնք սեպտեմբերին կլինեն, բայց կան նաև դասագրքեր, որոնք չեն լինելու, որովհետև հայտարարված մրցույթին ո՛չ մասնակից կա, ո՛չ հաղթող։

Փորձագետը հիշեցրեց, որ նման դեպք ՀՀ պատմության մեջ եղել է միայն 90-ականներին, երբ անցումային շրջանն էր, դեռ խորհրդային դասագրքերն էին, և դասագրքեր պատրաստելը շատ դժվար էր։

«90-ականներին եղել է նման իրավիճակ, բայց ոչ այս ձևով, որ չհասցնեն։ Խառը ժամանակներ էին, մարդ չկար գրող, ժամանակ էր պետք, հին գրքեր էին օգտագործում։ Սակայն վերջին 20-25 տարում այս գործընթացը հստակ կանոնակարգվել է, և նախարարությունը միշտ փորձել է ժամկետները պահպանել, որովհետև իրական ժամկետը ոչ թե սեպտեմբերի 1-ն է, այլ օգոստոսի 20-ը։ Դասագրքերը պետք է դպրոցներում լինեն ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ օգոստոսի 20-ին, որովհետև դրանք պետք է հաշվառվեն, գրանցվեն, և ուսուցիչները պետք է ծանոթանան։ Հիմա սա էլ է խնդիր, ուսուցիչները նստած՝ հեռախոսով գրքի հետ ծանոթանում են»,- շեշտեց Ս. Խաչատրյանը։

Փորձագետը հատկապես մատնանշեց 2-րդ դասարանի դասագրքերը՝ պարզաբանելով, որ 2-ր դասարանցիների հարցն ավելի նուրբ է, որովհետև նրանց համար գրքերը շատ կարևոր են՝ գունեղ են, նկարներ կան։ Այդ տարիքի երեխաներն առհասարակ չեն կարողանում հեռախոսներով կամ պատճենահանված նյութերով՝ սև ու սպիտակ, դաս սովորել։

«2-րդ դասարանցիների հանդեպ պետք է ավելի ուշադիր լինեին, որ ոչ մի դեպքում թույլ չտրվեր, որ նրանք մնային առանց դասագրքերի, թեկուզ ճիշտ կլիներ հին դասագրքերով սկսել, դա ավելի ճիշտ կլիներ։ Բայց այս պահի դրությամբ նույնիսկ այդ դասագրքերը տպագրողները պարզ չեն՝ դեռ մրցույթը չի ամփոփվել, նույնիսկ ընտրված չեն այն ընկերությունները, որոնք պետք է տպագրեն 2-րդ դասարանի դասագրքերը։ 2-րդ դասարանցիների հարցն այստեղ ամենազգայունն է»,- ասաց նա։

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ նախարարությունը կարող էր մեկ տարի սպասել, քանի որ այնպես չէ, որ այս նոր չափորոշիչները փրկելու են կրթությունը, և եթե մեկ տարի ուշանար, դպրոցը չէր փրկվի՝ այսպես թե այնպես իրավիճակը  վատ է։

Նա ընդգծեց՝ մրցույթը ձախողել է ոչ այնքան ընթացակարգերի, այլ ֆինանսական վատ պայմանների պատճառով, շատ հրատարակչություններ ու խմբեր չեն դիմել մրցույթին։

«Ինձ համար զարմանալի է, թե ինչու է պետությունն ափսոսում ներդրում անել այնպիսի կարևոր գործի համար, ինչպիսին դասագիրքն է։ Ինչո՞ւ եք 6 մլն դրամ տալիս, արդյո՞ք հնարավոր չէր՝ 10-12 մլն տայիք։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ երգչի համար փող կա, որը 2 ժամ պետք է երգի ու գնա՝ այսպես շոկոլադային էֆեկտ, բայց դասագրքերի համար չկա։ Ինչո՞ւ ենք ափսոսում մեր երկրի կարևոր գործի համար փող տալ։ Մենք հերթական անգամ ափսոսացինք կրթության համար փող ծախսել։ Մի ափսոսեք կրթության վրա փող ներդնել, այդքան ցածր մի գնահատեք ինտելեկտուալ աշխատանքը:

Հենց այս պահին նախարարությունը պետք է հայտարարի հաջորդ տարվա մրցույթը, եթե այս տարի էլ ձգձգեն մինչև դեկտեմբեր, հաջորդ տարի ունենալու ենք ավելի վատ վիճակ։

2019 թվականին կրկին չլսեցին խորհուրդները և երեք նախարարություն միացրեցին իրար՝ կրթությունը, մշակույթը և սպորտը։ Այն ժամանակ ասում էինք, որ չեք հասցնելու, այդ նախարարությունը շատ եք ծանրաբեռնում։

Ի՞նչ ունենք այսօր, եթե ուշադիր նայեք՝ նախարարն այսօր դարձել է արարողակարգային ֆիգուր, համակարգում է 5 ոլորտ և ամեն օր պետք է զբաղվի մեդալներ բաժանելով, դեսպանների ընդունելով, վարչապետին ուղեկցելով, կառավարական տարբեր քննարկումների ու նիստերի մասնակցելով, էլ ե՞րբ է  նախարարը զբաղվելու կրթության հարցերով»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս