«Խաղաղության» օրակարգի պահպանման պարագայում թուրք-ադրբեջանական պրոյեկտն ավարտվելու է Երևանում և Սուրբ Էջմիածնում. Միքայել Մալխասյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հադրութի շրջանից հեռացած մարդիկ փախստականնե՞ր չեն։ Իհարկե, այդ մարդիկ չեն ցանկանա վերադառնալ ու ապրել Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց փախստականներ են։ Մինչդեռ հայկական կողմը՝ իշխանությունները, սրա մասին չեն բարձրաձայնում։
  • Ալիևի պահանջած ինտեգրացիայի դեպքում, ինչպես Հադրութում հիմա հայ չկա, նույնը վաղը լինելու է Ստեփանակերտում ու Մարտակերտում։
  • Արցախի հասարակությունը հիմա այնպիսի իրավիճակում է գտնվում, որ պառակտիչ ուժերի համար դժվար է լինելու այնտեղ հաջողության հասնել։ Ավելի շատ փորձեր են արվում ինֆորմացիոն աղմուկ ստեղծելու։
  • Այն ճանապարհ կոչվածը, որ մեզ առաջարկում է ադրբեջանական կողմը՝ Աղդամի ճանապարհը, 1993–2020թթ. եղել է հայկական վերահսկողության ներքո։ Ավելին, անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ դա չի եղել Ադրբեջանինը, հետո է այս իշխանությունների կողմից հանձնվել։ Խոսքն Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի մասին է։

  • Բանակցություններում հայկական կողմի ոչ մի շահ չի ներկայացվում կամ ներկայացվելու դեպքում էլ որևէ ուշադրության չի արժանանում։
  • Բացառված է, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չլիներ Շառլ Միշելի՝ Աղդամով ճանապարհի վերաբերյալ հայտարարության մասին։
  • Աշխարհաքաղաքական կենտրոններն ունեն իրենց սցենարները․ իրենք պարզապես ուզում են տեսնել՝ Հայաստանն ինչպես է դիրքավորվում։
  • Այսպես շարունակվելու դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի պրոյեկտն ավարտվելու է Երևանում և Սուրբ Էջմիածնում։
  • Ոմանք ասում են, թե այսպես շարունակվելու դեպքում Բաթումի պայմանագրին ենք հասնելու… Ոչ, թշնամին նույնիսկ չի բավարարվելու Բաթումի պայմանագրի 10.000 քկմ-ով։ Դա էլ չի լինելու։ Իրենք կբավարարվեն այն ժամանակ միայն, երբ վերանա Հայաստան հայկական պրոյեկտը։
  • Ժամանակին Վանում այնքան ժամանակ են հաջողությամբ պաշտպանվել, մինչև հասել են օգնական ուժերը՝ հայ կամավորականներն ու ռուսները։ Դրա համար Վանի նահանգի հայերի 95 տոկոսը փրկվեցին։
  • Չպիտի մոռանանք՝ Թուրքիան ոչ միայն ՆԱՏՕ-ի ամենամեծ մայրցամաքային բանակ ունեցող պետությունն է ԱՄՆ-ից հետո, այլև Թուրքիան խոշորագույն տնտեսություն ունեցող աշխարհի 20 երկրներից մեկն է։
  • Ադրբեջանի նավթագազային ինդուստրիայում ՌԴ-ի ներգրավվածությունը տարեցտարի նվազում է։
  • Մենք մեր շահերը պետք է հստակ ձևակերպենք, ու դա խաղաղություն մուրալով չի լինում։
  • Առանձին Արցախյան հարց գոյություն չունի։ Դա հայկական պրոյեկտի մաս է։
  • Հայաստանի իշխանություններն արդեն երկրորդ անգամ Ադրբեջանին ուղարկում են «Խաղաղության պայմանագրի» դրույթների նոր առաջարկներ, բայց արդյո՞ք ուժային կենտրոններն առաջարկների են սպասում։
  • Մենք ձևավորել ենք «հավաքական Արևմուտք» կատեգորիա ու բոլորին նայում ենք նույն ռուս-ուկրաինական հակամարտության պրիզմայի միջով, ինչը սխալ մոտեցում է:
  • Ֆրանսիան այն երկիրն է, որ միշտ նախապայմաններ է դրել Թուրքիայի առաջ։
  • Նույն իշխող ՔՊ-ն 2021թ․ ընտրությունների ժամանակ իրենց ծրագրի մեջ գրել էին Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի ու Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Ստացվում է, որ իրենք իրենց ընտրողներին խաբել են։ Բացի դրանից, անընդհատ քարոզ էր գնում, որ եթե իրենք չվերընտրվեն, պատերազմ կսկսվի։ Ընտրություններից հետո միանգամից շրջանառության մեջ մտավ խաղաղության օրակարգը։

Կարդացեք նաև

  • Աշխարհաքաղաքական կենտրոններն Արցախում մեծ պատերազմի բորբոքմամբ հետաքրքրված չեն։ Ռուս-ուկրաինական հակամարտությունն իրենց լրիվ հերիք է։
  • Էրդողանը սիմվոլիզմի մեծ սիրահար է։
  • 44-օրյա պատերազմի օրերին հատկապես շատ նմանություններ էի տեսնում 1920թ.-ի հետ, հետո՝ արդեն չէ։ Այսօրվա իրավիճակը 1990-ականների հետ չեմ համեմատի։ Նախ՝ ստարտային վիճակը տարբեր է։ 1990-ականներին ավելի շատ ռեսուրս ունեինք։
  • Եկեղեցու նկատմամբ խորհրդային իշխանությունը սկզբում շատ անհանդուրժող էր, նրանց համարում էին գաղափարական հակառակորդներ, բայց ստեղծվում էին ակադեմիական հաստատություններ։ Պատերազմի ժամանակ փոխվեց նաև վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ։
  • Պետք է մտածել՝ ինչպես անել, որ հաղթահարվի հասարակության մեջ ընդհանուր ապատիկ ֆոնը։
  • Սարդարապատի ճակատամարտի ժամանակ որևէ զինվոր երաշխիք չուներ, որ երկու օր անց Երևանը չէին գրավելու, բայց կռվում էին։ Գևորգ 5-րդ կաթողիկոսը որևէ դեպքում չհեռացավ Էջմիածնից ու քայլեր էր գործադրում։ Գևորգ 5-րդն ինքն էլիտա էր, արքեպիսկոպոս Հովսեփյանը թողեց ամեն ինչ ու գնաց ռազմաճակատ։ Բայց դա իրենց որոշումն էր։
  • Այսօր շատ տարօրինակ է, որ քաղաքական ու ակադեմիական որոշակի ճանապարհ անցած 50 տարեկան մարդիկ 70 տարեկան մարդկանց ասում են՝ ինչո՞ւ ոչինչ չեք անում։ Դա ամոթալի է։
  • Պատմության մեջ միշտ արհեստական է հանրային պահանջ փնտրելը։ Ասում են՝ Արամ Մանուկյանին հռչակեցին դիկտատոր։ Իսկ ինքը, ի՞նչ է, դրան չէ՞ր սպասում։ Ինչո՞ւ ինքը շատ արագ ամեն ինչ վերցրեց իր ձեռքը, որովհետև սպասում էր։ Հիշենք նրա հայտնի ճառը՝ ամեն ինչ ռազմաճակատի համար։
  • Կոնկրետ իրենց էլիտա համարող մարդիկ իրենք պետք է պատմությունից դասեր քաղեն ու ինչ-որ քայլեր ձեռնարկեն։
  • Եթե մենք ունենք արտասահմաններում կրթություն ստացած, դոկտորական պաշտպանած մարդիկ, բայց վտանգի դեպքում ասում են՝ հա, ոչինչ, կգնանք, ուրիշ տեղ կստեղծենք, ուրեմն մենք չենք կարող խոսել ազգային էլիտայի մասին։ Հայաստանում ձևավորվել է կոնտր էլիտա:
  • Արցախցիներն իրենց դիմադրությամբ Հայաստանն են պաշտպանում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում մի ստվար հատված չի ընկալում՝ ինչ է տեղի ունենում Արցախում։
  • Արցախյան վերջին պատերազմից հետո 41.5 հազար մարդ կորցրել է իր տունն ու բնակության մշտական վայրը։ Մենք անգամ տարրական պատկերացում չունենք աղետի ահռելի ծավալների մասին։
  • Արհեստական թեմա է մարդկանց կյանքը կազմակերպելը քննադատելը, թե՝ տեսեք, սրճարան գնացին, հաց կերան։ Ամուսնացող զույգ են, ինչքա՞ն պիտի սպասեն, կամ ծնողն ուզում է մկրտել երեխային, չանի՞։ Չի կարելի հոգեբանորեն կոտրվել, բայց դա չպետք է հասցնել վակխանալիաների, սոդոմական միջավայրի, փառատոների ու սնուփդոգերի։
  • Պաշտոնական վիճակագրությունը խոսում է այն մասին, որ բացասական է ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ մուտքերի և ելքերի հաշվեկշիռը։ Մեր քաղաքացիներն ավելի շատ հեռանում են։ Ավանդաբար մինչև ռուս-ուկրաիանական պատերազմը Ռուսաստանի միգրացիոն հոսքերում մենք 4-րդ տեղում էինք։ Այս տարի մենք վերադարձել ենք այդ ցուցանիշին։
  • Եթե 44-օրյա պատերազմից առաջ Ստեփանակերտում ապրում էր Արցախի բնակչության 1/3-ը, հիմա ապրում է կեսից ավելին։ Եվ երբ ինչ-որ մեկը խորհուրդ է տալիս արցախցիներին բադրիջան մշակել, պետք է ասել, որ Ստեփանակերտի ասֆալտի վրա բադրիջան չի աճում։ Դե գնացեք, Ազատության հրապարակում բադրիջան աճեցրեք։
  • Ուղղակի չեն պատկերացնում մեր քաղաքացիները, թե ինչ կլինի, եթե սկսվի ադրբեջանցիների վերաբնակեցում անգամ մեկ բնակավայրի օրինակով, պիլոտային ծրագրով։ Ադրբեջանցիները, բնականաբար, գալու են ադրբեջանական անձնագրերով՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սարսափելի բան տեղի կունենա:
  • Որևէ մեկը չի խոսում, թե Ադրբեջանական ԽՍՀ տարածքից որքան հայ է վտարվել։ Օրինակ, Բաքվի Արմենիքենդ թաղամասում ապրում էր 250 000 հայ։ Պատկերացնելու համար՝ որքան մեծ թիվ է դա, ասենք, որ ներկայիս մեր Կենտրոն վարչական շրջանի բնակչության թիվը 130 000 է։ ԽՍՀՄ փլուզման պահին հայերի քանակը Ադրբեջանական ԽՍՀ-ում 380 000 էր, երկու անգամ ավելի շատ, քան այստեղ ապրող ադրբեջանցիները։ Ընդ որում, իրենք այստեղից հեռացել են հանգիստ՝ վաճառելով իրենց տները, փոխհատուցում ստանալով։ Ավելին, գյուղական բնակավայրերում ապրող ադրբեջանցիները գիտեին, որ այստեղից հեռանալով՝ Բաքվում են բնակարան ստանալու, հայերի թողած բնակարանները։ Դրա համար շատ դեպքերում իրենք էին նախաձեռնում տեղափոխությունը։ Հայաստանում բնակվող ադրբեջանցիներից ոչինչ չեն խլել։
  • Եթե մենք ադրբեջանցիների պահանջներին շարունակենք պատասխանել զիջումներով, ապա բացառված չէ մեզ համար աղետալի որևէ սցենար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս