«Եթե Փաշինյանն այդպես է ասում, ուրեմն նշանակում է Արցախի լրիվ հայաթափում. ազգը բռունցք դարձավ՝ գործը տեղից կշարժվի, չդարձավ՝ կորչելու ենք». Քաջիկ Հարությունյան

Արցախի Հանրապետությունում շարքային քաղաքացիները շատ վատ են ընդունել երեկ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությունը, թե իրեն հավաստի տեղեկություն է հասել, որ Ադրբեջանը պատրաստվում է միակողմանի բացել Բերձորի միջանցքը՝ ելք կլինի Արցախից, սակայն մուտք չի լինի։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանն այս հայտարարության առնչությամբ ասաց՝ եթե Նիկոլ Փաշինյանը դրանով ուզում է  արցախահայության տրամադրությունները ստուգել, ապա պետք է լավ իմանա՝ արցախցին սոված կմեռնի Արցախում, բայց իր տանից դուրս չի գա, եթե, իհարկե, չփորձեն բռնի տեղահանել։

«Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանն այդպես է ասում, ուրեմն դա նշանակում է Արցախի լրիվ հայաթափում, և իրենք դրան քայլ առ քայլ գնում են, այսպես են որոշել՝ Արցախն առանց հայի։

Իհարկե, այս ամենին արցախահայությունը շատ վատ է արձագանքել, բայց ինչ էլ լինի, հույսը չի կորցնում, մի տեղից լույսը բացվելու է։ Փաստորեն մեր երկիրն ամպամած է, ամպը պետք է քաշվի, որպեզի առաջներս տեսնենք։ Խելքս չի կտրում, որ արցախցին թողնի Արցախը, մեկ է՝ այստեղ էլ մնա՝ մեռնելու է, այստեղից էլ դուրս գա՝ մեռնելու է»,- նշեց Արցախի ժողովրդական արտիստը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, երբ Ստեփանակերտի փողոցներում տեսնում է տոպրակները ձեռքներին մարդկանց կանգնած հացի հերթերում, լացն է գալիս: Մարդիկ մի խանութից մյուսն են գնում, տեղից տեղ են շրջում, որ գոնե մի կտոր հաց գտնեն, տուն տանեն, որ գոնե երեխաները սովից չմահանան։

«Ժողովուրդը տրամադրություն չունի։ Ամենակարևորը՝ այդ անձը, չգիտեմ էլ՝ դա մա՞րդ է, թե՞ չէ, մարդուկ է երևի, անունը ցանկություն չունեմ տալու, որ նման բան է ասում, նոր է հիշել Արցախի մասին, որ բերեց ու հասցրեց անդունդի եզրին։ Չեմ հասկանում՝ սրանք ինչ խաղեր են, ինչ պայմանավորվածություններ են։

Մարդիկ նեղության մեջ են, իրենց հոգեբանությունը փոխվել է, այդտեղից էլ ճնշումներ են գործադրում»,- հավելեց Քաջիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ 90-ականներին Արցախում ստեղծված իրավիճակն այլ էր, մի կտոր հաց է եղել, բաժանել են տասը հատվածի ու կերել, մասունքի նման են բաժանել՝ հիմա մարդկանց հոգեբանությունը մի փոքր փոխվել է, սկսել են շատ անձնական մտածել։

«Այսքանով հանդերձ, արցախցին փորձում է չկոտրվել, մի քանի օր առաջ ներկայացում էինք դրել՝ լեփ-լեցուն դահլիճում անցավ, մարդիկ հացի հերթից անմիջապես հետո գալիս էին թատրոն։ Մեզ մոտ մի քիչ ուրիշ է, էլի, Երևանի նման չէ, մարդիկ քնած չեն, ժողովուրդն արթուն է, այս ցավը զգում է»,- շեշտեց դերասանը։

Մեր զրուցակցի կարծիքով, իրավիճակն այնքան է այսպես մնալու, քանի դեռ ազգը ոտքի չի կանգնել ու մեկ բռունցք չի դարձել։

«Ազգը բռունցք դարձավ՝ գործը տեղից կշարժվի, չդարձավ՝ անդարձ կորչելու ենք։  Եկեք նայեք այս ժողովրդին, ուղղակի ձեր լացը կգա, թե ինչ օրի է»,- եզրափակեց Քաջիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս