«Մենք ամեն օր Փաշինյանի սխալ հայտարարության հետևանքներն ենք կրում տարբեր ճակատներում». Սասունյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի և ՀՀ պաշտոնյային իր զանգի մասին
«Մենք այս Խորհրդից ակնկալում ենք դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ, որպես պատերազմի մեթոդ, սովի կիրառումը, հումանիտար օգնության ապօրինի մերժումը, Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն և տուժած բնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն»,- երեկ շուրջ երկու ժամ տևած քննարկման ընթացքում մասնավորապես այս շեշտադրումներն էր արել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում՝ հստակեցնելով, թե ինչ ակնկալիքներով է հայկական կողմը նման հրատապ նիստ հրավիրելու դիմում ներկայացրել:
Ակնկալիքներն՝ ակնկալիք, բայց ի՞նչ սպասել իրականում. հստակ չէ` արդյո՞ք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներից հետո Արցախի հարցով որևէ բանաձև կամ հայտարարություն կընդունի:
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը, որը շուրջ տասը տարի ծառայել է ՄԱԿ-ում՝ որպես ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ, 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ որևէ բանաձևի սպասել պետք չէ:
«Ես ուշի ուշով հետևեցի այդ երկու ժամ տևած նիստին, և ինչպես սպասում էի՝ այդ նիստը որևէ արդյունք չտվեց. ոչ մի որոշում չի առնվել, ոչ մի հայտարարություն չի արվել. սա ընդամենը երեսը ճերմակեցնելու փորձ է, մի քիչ էլ՝ շոու:
Մի քանի երկրներ բավական քննադատեցին Ադրբեջանին, որ չի բացում միջանցքը, որ ստեղծել է հումանիտար աղետ, Ադրբեջանի անունը վատ կողմով երևաց ժողովում, սակայն դրանից այն կողմ՝ ոչ մի գործնական քայլ չարվեց, որովհետև Անվտանգության խորհրդում, որը ՄԱԿ բարձրագույն մարմինն է, այդքան էլ հեշտ չէ որևէ երկրի համար (մանավանդ՝ ՀՀ-ի նման փոքր ու տկար մի երկրի, որը միջազգային քաղաքականության մեջ որևէ դերակատարում չունի), գալ և հաջողության հասնել,- մանրամասնեց ամերիկահայ գործիչը՝ թվարկելով անհրաժեշտ այն քայլերը, որոնց դեպքում Հայաստանն ինչ-որ հաջողություն կարձանագրեր,- Նախ՝ Հայաստանի կառավարությունը պետք է շատ լուրջ բանակցություններ վարեր, կապեր հաստատեր ՄԱԿ 15 անդամ երկրների հետ, նաև նրանց մտերիմ երկրների ղեկավարների հետ, որոնք ավելի հայամետ են՝ խնդրելով, որ նրանք էլ ճնշում բանեցնեն անդամ պետությունների վրա:
Մեծ դիվանագիտական աշխատանք պետք է տարվեր նախքան ժողով մտնելը: Ո՛չ ելույթները, ո՛չ հայտարարությունները որևէ ազդեցություն չէին կարող ունենալ, որովհետև ինչ որ պետք է արվեր, նախօրոք պետք է արվեր՝ թե՛ բանակցությունները պետք է նախօրոք վարվեին, և թե՛ բանաձև պետք է ներկայացվեր»:
Հնարավո՞ր է՝ օրեր անց ինչ-որ որոշում լինի՝ մեր ճշտող հարցին ի պատասխան՝ Հարութ Սասունյանը նկատեց՝ երբ նիստի ավարտին հայտարարում են՝ վերջ, նիստը փակվեց, դա ավարտի մասին է վկայում, ապա կրկնեց, որ բանաձևերը նախօրոք պետք է բերվեն:
Ի դեպ, սփյուռքահայ գործիչը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը դրական գնահատեց՝ կարևորելով հատկապես այն կետը, երբ նախարարը առաջարկով է հանդես գալիս միջգերատեսչական առաքելություն գործուղել Լաչինի միջանցք, սակայն բացթողում համարեց նիստի ընթացքում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարություն չանելը:
«Արարատ Միրզոյանը պետք է իր խոսքում ասեր՝ քանի որ ճգնաժամային իրավիճակ է Արցախում, 120 հազար հայեր սովամահության վտանգի առջև են, սիրելի՛ դեսպաններ, խնդրում եմ ձեզ, հիմա փրկեք այս մարդկանց կյանքը, և դա անելու համար առաջարկում եմ որոշում, բանաձև որդեգրվի, որով ՄԱԿ-ը կպահանջի իրագործել Համաշխարհային դատարանի վճռի գործադրումը և ստիպել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը՝ հակառակ պարագայում պատժամիջոցներ կիրառել:
Որպես ՀՀ ԱԳ նախարար՝ սա ասելն իր պարտավորությունն էր՝ նույնիսկ, եթե մերժվելու էր այս առաջարկը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե որքանով է արժեքավոր Արարատ Միրզոյանի ելույթը, եթե նա ոչ վաղ անցյալում միջազգային հարթակում համաձայնել էր Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության հետ, Հարութ Սասունյանն արձագանեց. «Այո, այստեղ ամենակարևոր խնդիրը, որ մեր բոլոր աշխատանքները՝ բանակցություններ, լոբբիստական աշխատանքներ, այլ գոծընթացներ, քայքայում է, կործանում է՝ վարչապետի հայտարարությունն է, թե ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի տարածք: Եթե ՀՀ վաչապետն ինքն է ճանաչում՝ որպես Ադրբեջանի տարածք, ինչպե՞ս կարելի է սպասել աշխարհի որևէ այլ երկրից, որ ավելի հայամետ դիրքորոշում ունենա Արցախի վերաբերյալ, քան Հայաստանը:
Մենք ամեն օր Փաշինյանի սխալ հայտարարության հետևանքներն ենք կրում տարբեր ճակատներում: Սա է մեր մակարդակը, որովհետև ունենք անփորձ ղեկավարներ բոլոր տեղերում, և իրենք իրենց արածը չեն գիտակցում, հետևաբար՝ իմաստալից արդյունքի չեն հասնելու»:
Ի դեպ, Հարութ Սասունյանը տեղեկացրեց, որ հանուն հայրենիքի՝ մի կողմ է դրել իր ընդդիմադիր կեցվածքը և օրեր առաջ կապ է հաստատել ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ իր օգնությունն առաջարկելով ՄԱԿ-ում, սակայն նրան ասել են, որ այս պահին անելիք չկա:
«Քանի որ տարիներով աշխատել եմ ՄԱԿ-ում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի (10 տարի աշխատանքից հետո վերջապես ճանաչվեց, և դա երբ դեռ Հայաստանի Հանրապետություն չկար՝ Սովետական Հայաստան էր), 1 շաբաթ առաջ ՀՀ կառավարության մի կարևոր պաշտոնյայի զանգահարեցի՝ ասելով, որ պատրաստ եմ նույնիսկ այսօր թողնել Լոս Անջելեսի իմ տունն ու աշխատանքը, մեկնել Նյու Յորք և լոբբինգ անել ՄԱԿ-ում ներկայացված բոլոր երկրների հետ (ի դեպ, այդ ժամանակ ՀՀ կառավարությունը դեռ չէր հայտարարել, որ դիմելու է ՄԱԿ ԱԽ նիստին, բայց սպասում էի այդ քայլին):
Ասացին՝ մենք գնահատում ենք Ձեր փորձառությունը, բայց հիմա բան չկա անելու, եթե պետք ունենանք, ձեզ կտեղեկացնենք,- պաշտոնյայի մասին փակագծեր չբացելով՝ նշեց ամերիկահայ դիվանագետը և օբյեկտիվ լինելու համար՝ հավելեց, որ անկախությունից ի վեր՝ երեսուն տարիների ընթացքում ևս իր աջակցությունը մերժվել է ՀՀ իշխանությունների կողմից,- Բայց այժմ, որ ամենավատ ժամանակաշրջանում ենք անկախությունից ի վեր, այժմ ավելի են պետք փորձառու մարդիկ»: