«Արարատ Միրզոյանի հայտարարությունը սարսափելի է, Արցախում շատ վատ է ընդունվել». Դավիթ Բաբայան
Հուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմը հավատարիմ է շարունակելու իր ջանքերը հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան սկսելու ուղղությամբ
«Հայկական կողմը հավատարիմ է շարունակելու իր ջանքերը հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան սկսելու ուղղությամբ։
Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել՝ որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն։
Հասկանալի պատճառներով չեմ կարող շատ մանրամասնել ընթացող քննարկումների մասին և կցանկանայի պարզապես վերահաստատել մեր պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվել չափազանց բարդ և զգայուն հարցերի և իրավիճակների լուծումներ գտնելուն:
Այս բանակցություններում ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է գոյություն ունեցող միջպետական սահմանների փոխադարձ ճանաչմանը։ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական սահմաններ»,- հայտարարել է Միրզոյանը:
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արարատ Միրզոյանի այս հայտարարությանը, նշեց.
«Նման հայտարարությունը, իհարկե, սարսափելի ու անընդունելի է, որն իսկապես Արցախում շատ վատ է ընդունվել։ Սա առաջին հայտարարությունը չէ պաշտոնական Երևանի կողմից։ Ի՞նչ երկխոսության մասին է խոսքը, կարծում եմ՝ պատմությունն իր գնահատականը տալու է, առաջին հերթին պետք է մեր ժողովուրդը գնահատականը տա, հետո պատմությունն է տալու, անկախ ամեն ինչից։ Հետևաբար՝ թող որևէ մեկը կասկած չունենա՝ առանց Արցախի՝ Հայաստան չի լինելու»։
Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին այլընտրանք ճանապարհ համարելու վերաբերյալ հայտարարություններին, Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ ամենն Արցախի համար անընդունելի է, և տեսնում են, որ այդ ամենն աշխարհաքաղաքական իրողություն է, որտեղ չկա որևէ իրավունք և ժողովրդավարություն։
«Պարզապես արևմտյան ուժերը ցանկանում են, որ այստեղ աշխարհաքաղաքական լանդշաֆտը փոփոխության ենթարկվի, ռուսները դուրս գան։ Սա աշխարհաքաղաքական պայքար է, նույնիսկ, եթե այդ պայքարի զոհը դառնալու է 120 հազար հայ, դա նրանց չի հետաքրքրում։ Մենք չպետք է նրանցից նեղանանք, բայց որ մեր ներսում էլ են այդպես մտածում, սա է ողբերգությունը»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է այն քննադատություններին, որ Արցախում իշխանությունը բողոքի ակցիաներին մասնակցում է, սակայն հստակ չի ասում այն անձի անունը՝ Նիկոլ Փաշինյանի, որի պատճառով Արցախը հայտնվել է նման իրավիճակում, և հարցին՝ ինչո՞ւ հստակ չի նշվում մեղավորի անունը, Դավիթ Բաբայանը պատասխանեց.
«Ես ավելի կոշտ դիրքորոշում ունեմ այդ տեսակետից, բայց ո՞ւր է մեր ժողովուրդը, երբ հայտարարվում է, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում։ Երբ մեկ հոգին նման հայտարարություն է անում, ու դրանից հետո ոչինչ տեղի չի ունենում, ես կարո՞ղ եմ մտածել, որ բոլորը դա ընդունում են։ Ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտեր, բայց պետք է, չէ՞, ասեն, որ դա իրենց համար անընդունելի է, գո՞ւցե այս մարդիկ հայտարարում են այն, ինչ ուզում է հասարակությունը։ Եվ այս ամենից հետո Հայաստանում այդ մարդիկ նորից վերընտրվում են ու գալիս իշխանության, հարց եմ տալիս՝ հասարակությո՞ւնն է այդպես ուզում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։