Պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու Օնիկ Գասպարյանի զեկույցը չի կարող նվազեցնել ո՛չ նրա, ո՛չ Դավիթ Տոնոյանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության չափը. Տիգրան Աբրահամյան
Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել էր, որ պատերազմի 4-րդ օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, ԱԽ նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը։ Նա, մասնավորապես, ասել էր. «Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»:
Այսինքն, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համաձայն չի եղել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի 4-րդ օրն արված այդ առաջարկի հետ։
Որքանո՞վ էր ճիշտ պատերազմի 4-րդ օրն առաջարկել կանգնեցնել պատերազմը, և որքանո՞վ էր իրատեսական դրա իրականացումը՝ առանց երրորդ կողմի կամ Ռուսաստանի ներգրավման։
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
– Քննիչ հանձնաժողովներում, դրանցից հետո տարբեր անձանց հայտարարությունները ցույց են տալիս, որ բացի իշխանության դրած թիվ մեկ խնդրից՝ պարտակելու պատերազմի հանգամանքների իրական դետալները, կա նաև մեկ այլ հանգամանք. փաստացի յուրաքանչյուրը փորձում է ինքն իրեն փրկելու համար՝ այլ մարդկանց զոհաբերել նաև այլ օղակներում: Եվ այս պարագայում շատ դժվար է ասել, թե ներքին գրագրությունում, ներքին զրույցներում ով ինչ տրամադրվածություն է ունեցել, ով ինչ է խոսել, ով ինչին է համաձայն եղել կամ չի եղել:
Իհարկե, կան որոշակի խորհրդակցություններ, որոնք ենթադրում են նաև ձայնագրում, և դրանք, ըստ օրենքի՝ պետք է արխիվացում ունենան: Բայց, բնականաբար, դա չի վերաբերում բոլոր հեռախոսազրույցներին, որոնք կարող են պայմանականորեն եղած լինել այդ ժամանակվա Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի միջև: Նույնը վերաբերում է նաև այլ պաշտոնյաների հետ զրույցներին: Այնպես որ, այս պահին դժվար է ասել, թե ինչպիսին են եղել տրամադրությունները, ով ինչպես է արտահայտվել, իրականում ով ինչպես է մտածել:
Ինչ վերաբերում է 4-րդ օրը պատերազմը կանգնեցնելուն, ապա այս դեպքում հիմնական դերակատարը կարող էր լինել ՌԴ-ն: Պաշտոնական Մոսկվան ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հավաստիացրել է, որ հնարավորություն եղել է կանգնեցնելու, բայց փաստացի հայաստանյան իշխանությունները տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ չեն համաձայնել, ինչի հետևանքը եղել են մեծաթիվ տարածքային և մարդկային կորուստները:
– Այն, որ պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է կանգնեցնել պատերազմը, դա նվազեցնո՞ւմ է պատերազմի ելքի համար նրա պատասխանատվության չափը։ Այսինքն, ԳՇ պետն առաջարկել է երկու-երեք օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար, հակառակ դեպքում՝ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում կունենանք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ, իսկ գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը չի ընդունել։
– Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե մինչև այդ ինչ է զեկուցել այդ ժամանակ գործող ԳՇ պետը, նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյանը: Եվ միայն այդ համատեքստում կարելի է գնահատել, թե պատերազմի 4-րդ օրն Օնիկ Գասպարյանն ինչքանո՞վ է եղել իրավաչափ: Սա ասում եմ հատկապես այն տեսանկյունից, որ գնահատականներ զինված ուժերի հետ կապված եղել են: Նույնիսկ Դավիթ Տոնոյանը Քննիչ հանձնաժողովում իր վերջին ելույթներից մեկում հայտարարեց, որ, իրենց գնահատականներով, իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ զինված ուժերը հնարավորություն ունեցել են իրենց 2-3 անգամ գերազանցող ուժերին դիմակայելու: Եվ այս համատեքստում նաև պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչն իրենց գնահատականներին չի համապատասխանել, սցենարային առումով ինչ փոփոխություն է եղել, որը բերել է պատերազմի 4-րդ օրը նման զեկույց ունենալուն:
Ես կարծում եմ, որ սրանում բավականին մեծ դեր ունի մի քանի հանգամանք, որոնք այս պատերազմի հանգամանքների բացահայտման հարցում առանցքային են: Դա այն է, որ, ըստ էության, Արցախի և ՀՀ-ի համապատասխան կառույցները տիրապետելով տեղեկատվության, որ մեծ հավանականություն կա ռազմական գործողությունների ծավալման, անհրաժեշտ միջոցառումներ չեն իրականացրել, կամ սահմանափակ միջոցառումներ են իրականացրել: Եվ Ադրբեջանը հնարավորություն է ստացել ոչ միայն անկանխատեսելիություն ապահովել պատերազմում, այլ պատերազմի առաջին մի քանի օրերի ընթացքում խոշոր վնաս հասցնել զինված ուժերի հակաօդային, հրետանային և այլ ստորաբաժանումներին, ինչը, մեծ առումով, ազդել է զինված ուժերի մարտունակության վրա, բավականին մեծ ազդեցություն է թողել և հանգեցրել ծանր հետևանքների:
Միգուցե նաև սա է եղել պատճառը, որ պատերազմի 4-րդ օրը ԳՇ պետը նման առաջարկ է արել: Բայց, իհարկե, այս զեկույցը չի կարող նվազեցնել պատասխանատվության չափը ո՛չ ԳՇ պետի, ո՛չ Պաշտպանության նախարարի, ո՛չ էլ այդ ժամանակ գործող վարչապետի, որովհետև, ըստ էության, նրանց անբավարար քայլերն են, ժամանակին ոչ համահունչ գործելն է, որ պատերազմի հենց սկզբում հանգեցրել է մեծ վնասների, իսկ հետագայում էլ՝ պատերազմը 4-րդ օրը կանգնեցնելու անհրաժեշտության:
– Որքանո՞վ է պատերազմում պարտության համար մեղավոր ԳՇ պետը, որքանո՞վ՝ Պաշտպանության նախարարը:
– Հրամաններով, օրենքներով, սահմանադրությամբ սահմանված են՝ ով ինչ լիազորություններ ունի խաղաղ և պատերազմական ժամանակ, դա վերաբերում է նաև Պաշտպանության նախարարին և ԶՈՒ ԳՇ պետին:
Անկասկած, երկուսն էլ այս պատերազմի ծանր հետևանքների համար ունեն իրենց պատասխանատվության չափը: Եվ դրանք ոչ միայն պատերազմի հետևանքներից են ակնհայտ, այլև այս ընթացքում առկա և հնչած հայտարարություններից, բացահայտումներից: Բայց իրական պատասխանատվության չափը՝ ըստ ծավալների, շատ ավելի պարզ կլինի, երբ ՀՀ-ում կունենանք այլ քաղաքական իշխանություն, որը որևէ ձևով չի ուղղորդի դատաիրավական համակարգին, և կկարողանանք ստեղծված իրավիճակում իրական պատկեր ստանալ: Եվ ըստ այդմ՝ հասկանալ, թե ռազմական և քաղաքական ղեկավարությունը որն ինչ չափով է պատասխանատվություն ունեցել այս ծանր հետևանքների համար:
– Մարտի 16-ից 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է «կարված», «ժամկետանց» քրեական գործով, և այս ընթացքում ՀՀ-ում և դրսում ապրող գեներալներից համատեղ կամ առանձին հայտարարություն չեղավ, ինչը մենք տեսնում ենք այս օրերին Սմբատյանների կալանավորումից հետո, երբ ՀՀ-ում և դրսում ապրող հայտնի երաժիշտներ, մշակույթի գործիչներ նամակով դիմում են Նիկոլ Փաշինյանին՝ փոխել նրանց խափանման միջոցը:
– Բավականին վատ եմ վերաբերվում այն հանգամանքին, որ Գրիգորի Խաչատուրովի անազատության մեջ հայտնվելուց հետո եղան սահմանափակ հայտարարություններ: Իհարկե, եղավ հանրային ընդվզում, եղան առանձին գործիչներ, այդ թվում՝ զինվորականներ, որոնք արձագանքեցին, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ հավաքական առումով նախկին զինվորականները, որոնք տարբեր փուլերում ծառայել են նաև Գրիգորի Խաչատուրովի հետ, այս ընթացքում որևէ հստակ դիրքորոշում չեն արտահայտում: Եվ այն պայքարը՝ ուղղված Գրիգորի Խաչատուրովի հնարավորինս արագ ազատմանը կամ գոնե խափանման միջոցի փոփոխմանը, դրանում զինվորականները և այն մարդիկ, որոնք ծառայել և ճանապարհ են անցել Գրիգորի Խաչատուրովի հետ, իրենց ակտիվ մասնակցությունը չունեն:
Դատական տարբեր նիստերի ժամանակ ինքս հանդիպել եմ զինվորականների, ովքեր Խաչատուրովի հետ ճանապարհ են անցել, նրա ընկերներն են և այսօր էլ նրա կողքին են, բայց հասկանալի է, որ խոսքն այն հիմնական անձանց մասին է, նաև ում ենթակայությամբ իր ծառայությունը կրել է Գրիգորի Խաչատուրովը, բայց այսօր նրա ապօրինի անազատության մեջ գտնվելու հետ կապված՝ որևէ հրապարակային դիրքորոշում չեն հայտնում:
– Վերջին շրջանում սոցցանցերում հաճախակի կարելի է հանդիպել հարցադրման՝ ինչո՞ւ չի խոսում Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ նրա աշխատելու փորձը, համատեղ ԱԽ նիստ անցկացնելու: Ի վերջո, 2019-ին Բակո Սահակյանի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» և այլն: Եվ այս հանգամանքները հաշվի առնելով, մարդիկ սպասում են նրա խոսքին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չի խոսում, ինչո՞ւ է լռում, ե՞րբ է նրա խոսելու ժամանակը։
– Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն իր դիրքորոշումը մի քանի ամիս առաջ արդեն իսկ արտահայտել է: Իհարկե, հանրային խոսքը մեկ այլ բան է, բայց այն, ինչ այսօր Բակո Սահակյանն իրականացնում է Արցախի ներքաղաքական իրավիճակում, Արցախում ստեղծված ճգնաժամային պայմաններում, շատ-շատերին հենց տեղում է հայտնի: Առհասարակ, Բակո Սահակյանն իր տեսակով միշտ էլ այդպիսին է եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ նախագահի պաշտոնն է զբաղեցրել, նա մշտապես փորձել է ավելի շատ գործել, քան խոսել:
Այս թեմայի հետ կապված՝ միգուցե կարելի է երկար խոսել և կարևորել տեղեկատվության հրապարակայնացումը, լուսաբանումները, բայց այս պահին հստակ ուզում եմ արձանագրել՝ Բակո Սահակյանը բավականին լուրջ ներդրում ունի՝ ինչպես Արցախի ներքաղաքական կայունության և համերաշխության ապահովման, այնպես էլ, համոզված եմ, Արցախի դեմ, բառի բուն իմաստով, իրականացվող պատերազմի գործում՝ Արցախի դիմադրության ապահովման հարցում: