«ՀՀ-ն պետք է լրիվ ուրիշ արտաքին քաղաքական գիծ ունենա և պետք է պատրաստ լինի ուժային լուծումների. ուրիշ տարբերակ չկա՛». քաղաքագետ

«Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է՝ դիվանագիտական եղանակներով, և ԼՂ-ում հաստատված իրավիճակը միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն և օբյեկտիվ ներկայացնելու միջոցով»,- կառավարության հերթական նիստում հերթական արձանագրումն է արել Նիկոլ Փաշինյանը՝ հանկարծ պարզելով, որ այս ընթացքում է՛լ ավելի է սրվել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ, գործադիրի ղեկավարն իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է համարել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը փաստահավաք առաքելության մասին Նիկոլ Փաշինյանի դիտարկումները համարում է ուշացած և կեղծ:

«Ո՞վ էր խանգարում նրանց դա անել անցյալ տարվա դեկտեմբերին, հունվարին,- 168.am-ի հետ զրույցում արձագանքեց քաղաքագետը՝ մանրամասնելով,- Փաստահավաք առաքելությունը պետք է փաստեր հավաքեր ադրբեջանական շրջափակման, մարդկության դեմ գործվող հանցագործություն մասին, բայց քանի որ Փաշինյանը համամասնակից է այդ գործություններին, չի դիմել: Այժմ՝ իր համար ընդամենն ալիբի է փորձում ստեղծել՝ թե այդ 7 ամիսներին սեփական փիառով չի զբաղվել, այլ Արցախի մասին է մտածել: Մինչդեռ ինքը համամասնակից է այդ իրավիճակին. իր խոսքերից հետո ամեն անգամ Արցախում իրավիճակը սրվել է, այսինքն՝ Ադրբեջանը դա համարել է քարտ-բլանշ:

Կարդացեք նաև

Դա շատ ուշացած քայլ է, որովհետև Արցախը սովի եզրին է, իսկ նա նոր է սկսում խոսել, թե պետք է սկսեն ինչ-ինչ քայլեր, երբ դրանք պետք է վաղուց ավարտված լինեին: Իրենք սպասեցին՝ մինչև Արցախի ռեսուրսները սպառվեն, նոր սկսեն խոսել՝ իբրև ինչ-որ բան են փորձում անել»:

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին թեզը ևս քաղաքագետը որակեց կեղծ՝ հիշեցմամբ, որ Բաքուն ուղղակի կոչ է անում ապազինվել, հանձնվել:

Թե միջազգային ո՞ր մեխանիզմի դեպքում, ո՞ր երաշխիքի դեպքում է այդ երկխոսությունը հնարավոր՝ հարցին ի պատասխան՝ էլ նա արձանագրեց. «Անհնա՛ր է դա, ուղղակի սուտ է: Ինքն էլ լավ գիտի, որ դա չի լինելու, բայց խոսում է»:

Արցախի հարցում այս փուլում իրավիճակի փոփոխությունը, այլընտրանքը քաղաքագետը ձևակերպեց մի քանի շեշտադրումներով. «Հայաստանը պետք լրիվ ուրիշ դիվանագիտական, արտաքին քաղաքական գիծ ունենա և պետք է պատրաստ լինի ուժային լուծումների. ուրիշ տարբերակ չկա՛:

Որևէ բանակցային հաջողություն չի կարող լինել. Ադրբեջանն արդեն իր գիծն ունի և լրիվ ուրիշ տրամաբանությամբ է գնում. պատրաստվում է նոր պատերազմի: Այստեղ հարցն այն է՝ մենք և՞ս պատրաստվում ենք պատերազմի, թե՞ ՝ ուղղակի հանձնվելու»:

Այս իրավիճակում բանակային խաղերի մասին կառավարությունից հնչող հայտարարությունները Հրանտ Միքայելյանը որակեց «կլոունադա»:

«Ինքը սպասարկում է թուրք-ադրբեջանական գիծը. այդքան բան»,- ամփոփեց նա:

Տեսանյութեր

Լրահոս