Այս հարցը ոչ միայն տնտեսական ու արտադրական բաղադրիչ ունի, այլև քաղաքական, աշխարհաքաղաքական. տնտեսագետ

Վիճակագրական կոմիտեն իր վերջին հաղորդագրությամբ սպառողական շուկայում արձանագրել էր գնանկման միտումներ: 2023թ. հունվար-հունիսին սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.4 տոկոս, սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.4 տոկոս:

2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.5 տոկոս գնանկում:

Գների աճը զսպող հիմնական գործոնների թվում են հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումը, հումքային ապրանքների համաշխարհային գների նվազումը։

Տնտեսագետ Վարդան Ալեքսանյանը 168.amի հետ զրույցում դժվարացավ կանխատեսումներ անել գների անկման կամ աճի միտումների մասին՝ պարզաբանելով, որ այդ տնտեսական զարգացումները պայմանավորող ներքին ու արտաքին գործոնները բազմաթիվ են:

Կարդացեք նաև

«ՀՀ տնտեսական իրողությունները բավականաչափ հակասական են, որովհետև այստեղ տնտեսական աճի տեմպերը, սպառողական գների ինդեքսները, կենսամակարդակի, աղքատության մակարդակի բոլոր այդ կարևոր ցուցանիշները որքան էլ փոխկապակցված են, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ ունենք նաև ոչ օրինաչափ բազմաթիվ զարգացումներ,- նշեց տնտեսագետը, ապա անդրադառնալով պարենային արտադրանքին, որի գնանկումն առավել շոշափելի է, քան ընդհանուր սպառողական գների ինդեքսը, շեշտեց,- Սա բացատրվում է ներքին ու արտաքին գործոններով՝ թե ինչպիսին է գյուղատնտեսական տարին Հայաստանում, և թե ինչպիսի միտումներ կան համաշխարհային շուկայում:

Օրինակ, անցյալ տարի պարենամթերքի խիստ բարձր գնաճը նաև պայմանավորված էր համաշխարհային միտումով, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ: Հետո՝ հայտնի հացահատիկի գործարքը մեղմեց իրավիճակը, և անմիջապես տեսանք դրա ազդեցությունը գների վրա:

Այսինքն՝ այս հարցը ոչ միայն տնտեսական ու արտադրական բաղադրիչ ունի, այլև քաղաքական, աշխարհաքաղաքական:

Պարենամթերքի առումով պետք է նաև հստակ արձանագրենք, որ  Հայաստանի Հանրապետության գյուղոլորտում զարգացումները նույնպես օրինաչափ չեն. վերջին տարիներին, երբ նայում ենք ցուցանիշներն արտադրական իմաստով, տեսնում ենք անկում:

Նաև չմոռանանք ներկրումների գործոնը, որովհետև ունենք արտահանումից ավելի մեծ կշռով ներկրումներ, և այդտեղ իր կարևոր ազդեցությունն է ունենում դրամի արժևորումը (այսինքն՝ որքան դրամի արժևորման մակարդակը շարունակում է մնալ, այնքան այդ ներկրվող ապրանքների գների անկման միտումներն  էլ են շոշափելի դառնում), նաև՝ ներկրման գոտին (օրինակ, ռուսական շուկայից ներկրումը պետք է դիտարկել ռուբլի-դրամ փոխարժեքի համատեքստում)»:

Վարդան Ալեքսանյանը ապագայի միտումները պայմանավորեց նախևառաջ աշխարհաքաղաքական զարգացումներով՝ հիշեցնելով, որ այսօր դարձյալ համաշխարհային օրակարգում է հացահատիկի գործարքի շարունակականության խնդիրը:

«Լրատվամիջոցներում, ռուս-ուկրաինական խնդրով պայմանավորված, կրկին շրջանառվում է հարցը՝ հացահատիկի գործարքը շարունակականություն կստանա՞, թե՞  ոչ: Եթե ոչ, ապա համաշխարհային շուկան նոր խնդիրների է բախվելու, որովհետև այն ոչ միայն հացահատիկի խնդիրն է, այլև ռուսական ձիթայուղերի և հացահատիկի արտահանումը համաշխարհային շուկաներ:

Դրանք գնաճային սպասումներ են ձևավորում տարբեր երկրների շուկաներում, որոնք իրենց հերթին՝ ռեզոնանսային ազդեցություն են ունենում՝  որոշակիորեն ազդելով գների ընդհանուր մակարդակի վրա»,- մանրամասնեց նա:

Հիշեցնենք՝ հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին, պաշտոնական Մոսկվան զգուշացնում է՝ դուրս կգան Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի համատեղ սևծովյան համաձայնագրից, քանի որ ռուսական կողմի շահերը ոտնահարվում են:

Տեսանյութեր

Լրահոս