Սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5 տոկոս
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-հունիսին սպառողական գների փոփոխությունները:
Ըստ այդմ՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.4 տոկոս, սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.4 տոկոս:
Դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.7-1.2 տոկոսով (համեմատաբար բարձր գնանկում արձանագրվել է Վանաձոր և Իջևան քաղաքներում): Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.4 տոկոսով:
2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.5 տոկոս գնանկում,
Մասնավորապես, 12 ամսյա կտրվածքով 23.1 տոկոսով նվազել է հնդկաձավարի, 20.7 տոկոսով՝ ոսպի, 12.6 տոկոսով՝ ոլոռի, 7.9 տոկոսով՝ բրնձի, 4.2 տոկոսով՝ ձավարի, 3.0 տոկոսով՝ հաճարի, 2.6 տոկոսով՝ լոբու գները: Նաև արձանագրվել է ալյուրի, մակարոնեղենի, հացի, մարգարինի, կարագի, արևածաղկի բուսական յուղի գների նվազում:
Տավարի մսի, թարմ կաթի և պանրի գները 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ աճել են համապատասխանաբար՝ 9.0 , 4.7 , և 4.4 տոկոսով: Ձվի գինն աճել է 21.7 տոկոսով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2.8 տոկոս գնանկում, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 1.3 տոկոս գնաճ:
2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ծխախոտային արտադրատեսակների՝ 10.1 տոկոս, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 3.1 տոկոս գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 28.1 տոկոս գնանկում:
Նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38 տոկոս տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.21 տոկոսային կետով:
Նույն ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում ևս գրանցվել է գնաճ, սակագներն աճել են 3.9 տոկոսով:
գնաճ, գնանկում, վիճակագրական կոմիտե, սպառողական գներ, շաքարավազ, ձեթ, ձու,