2018-ի «հեղափոխության» իրական շահառուները. ովքեր են իրականում օգտվել իշխանության բարիքներից

2018թ. «հեղափոխություն» կոչվածի օրերին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հայտարարում էին, թե դրա շահառուն ժողովուրդն է, թե իշխանափոխություն անում են՝ ժողովրդի կյանքը լավացնելու համար։

Տարիներ հետո տեսնում ենք, թե ով էր այդ «հեղափոխության», այդ իշխանափոխության իրական շահառուն, ում կյանքն է բարելավվել, ումը՝ ավելի վատացել։ Իշխանության եկածներն արագ հարստացան ու մեծ եկամուտների տեր դարձան։ Սա ոչ թե մենք ենք ասում, այլ իրենք են խոստովանում՝ գույքի ու եկամուտների վերաբերյալ իրենց ներկայացրած հայտարարագրերով։

Նախկինում ոչինչ չունեին, կարճ ժամանակում մեծ կարողություններ կուտակեցին։

2018-ին իշխանության եկածներից ում հայտարարագիրը բարձրացնում ես՝ տուն ու ավտոմեքենա է գնել, նախկինում սուրճի փող չունեին, ապառիկը չէին կարողանում փակել, հաշիվները կալանքի տակ էին, իշխանափոխությունից հետո միլիոնների եկամուտներ ու ճոխ նվիրատվություններ են ստացել, տներն ու ավտոմեքենաներն են թարմացնում, հանգիստը արտերկրում են վայելում՝ թանկարժեք հյուրանոցներում ու ռեստորաններում ժամանակ անցկացնում։

Կարդացեք նաև

Իշխանափոխությունից առաջ գոյություն էին քարշ տալիս, հիմա մեծահարուստների կյանքով են ապրում։

Ո՞ւմ հաշվին հարստացան. Քաղաքացի, քո՛ հաշվին

Ո՞ւմ հաշվին են դա անում կամ ինչի՞ հաշվին են հարստացել, եկամուտների ու ունեցվածքի տեր դարձել։ Իբր իշխանափոխության շահառուն ժողովուրդն էր, սակայն ժողովրդի մեծ մասի կյանքը վատացել է, իրենցը՝ անգամներով, տասնյակ ու հարյուրավոր անգամներով լավացել։

Արդարանում են, թե աշխատավարձով են անում։ Չեն ասում, որ եկան ու պետական բյուջեի հաշվին իրենց աշխատավարձերը կտրուկ բարձրացրեցին։ Պետական լծակներն օգտագործելով՝ հարստություն են դիզում, իսկ ժողովուրդը, որ հավատացել էր, թե ինքն է իշխանափոխության շահառուն ու իշխանության իրական տերը, մի կողմ է քշվել։

Մի քանի հազար դրամով կենսաթոշակ են բարձրացրել՝ Նիկոլ Փաշինյանը դա աննախադեպ իրադարձություն է համարում թոշակառուի կյանքում։

«Այսօրվանից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99,5 տոկոսն է: Իսկ այն կենսաթոշակառուները, ովքեր իրենց թոշակը ծախսում են անկանխիկ և օգտվում են 10 տոկոսի չափով ետվճարի ստացման ծրագրից, փաստացի կստանան պարենային զամբյուղի 106 տոկոսից բարձր գումար:

Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար: Առաջին անգամ կենսաթոշակառուն կենսաթոշակի ծախսումով կկարողանա հոգալ իր նվազագույն պարենային ծախսերը: Ընդ որում, նվազագույն կենսաթոշակ ստանում է կենսաթոշակառուների միայն 12 տոկոսը (շուրջ 73 հազար մարդ): Մյուս՝ շուրջ 500 հազար կենսաթոշակառուների թոշակը 36 հազարից ավելի բարձր է և հուլիսի 1-ից նրանց կենսաթոշակը նույնպես կբարձրանա»,- օրերս կենսաթոշակառուներին այսպիսի աչքալուսանք էր տվել Նիկոլ Փաշինյանը։

Կենսաթոշակառուն ընդամենը մի քանի հազար դրամով ավել գումար է ստանալու, ու դա, պարզվում է, աննախադեպ իրադարձություն է։ Եթե դա է աննախադեպ իրադարձությունը, ապա ի՞նչ ասել նրան, որ սուրճի ու ապառիկի փող չունեցող ՔՊ-ականների եկամուտներն այս ընթացքում միլիոններով են ավելացել, թանկարժեք ավտոմեքենաներ ու ճոխ բնակարաններ են հայտնվել նրանց անուններով ու հայտարարագրերում։ Կենսաթոշակառուների եկամուտներն ավելացել են մի քանի հազարով, այս մարդկանցը՝ ՄԻԼԻՈՆՆԵՐՈՎ։

Դե հիմա ասեք՝ ո՞վ է 2018 թվականի «հեղափոխություն» կոչվածի իրական շահառուն։ Այն 500-550 հազար կենսաթոշակառունե՞րը, թե՞ փողոցից իշխանության եկած կիսասովածները, որոնք այլևս կարող են իրենց թույլ տալ 200-300 հազար դոլարանոց բնակարաններ, ամառանոցներ, թանկարժեք այլ գույք ու տասնյակ հազար դոլարանոց ավտոմեքենաներ գնել։

Մինչ նրանք տասնյակ ու հարյուրավոր անգամներով են ավելացրել իրենց եկամուտներն ու ունեցվածքը, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՄԱՍԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսության ճյուղերի մեծ մասում 2017-2021թթ. ընթացքում աշխատավարձերի կշիռը՝ տվյալ ճյուղի եկամուտներում, ոչ միայն չի ավելացել, այլև նվազել է։

Աճ է եղել ընդամենը 42,2 տոկոսի մոտ, իսկ 57,8 տոկոսի դեպքում՝ նվազում։ Եվ դա վերաբերում է հարյուր-հազարավոր աշխատողների։

Հանքագործական արդյունաբերության մեջ, որտեղ 2021թ. զբաղված է եղել գրեթե 11 հազար մարդ, նվազումն անցնում է 15,4 տոկոսային կետից, փոխադրումների և պահեստային տնտեսության ճյուղում, որտեղ զբաղված է եղել 20 հազարից ավելի մարդ, նվազումը կազմել է15,3 տոկոսային կետ, կացության և հանրային սննդի ոլորտում, որտեղ զբաղված է եղել գրեթե 29 հազար մարդ, նվազումը հասնում է 10 տոկոսային կետի։

2017-2021թթ. ընթացքում աշխատավարձի տեսակարար կշիռը հանքագործական արդյունաբերության եկամուտների կառուցվածքում 48,8-ից իջել է 33,4 տոկոսի, փոխադրումների և պահեստային տնտեսության ճյուղում՝ 45,95-ից 30,6 տոկոսի, կացության և հանրային սննդի ոլորտում՝ 45,25-ից 35,30 տոկոսի։

Տնտեսության բազմաթիվ այլ ճյուղերում ևս, այդ թվում՝ մշակող արդյունաբերության, շինարարության մեջ, առևտրում և այլուր աշխատավարձի կշիռը ճյուղի եկամուտներում կրճատվել է։

Արժե հիշեցնել, որ շինարարության մեջ զբաղված է եղել գրեթե 24 հազար, մշակող արդյունաբերության մեջ՝ 76,5 հազար, առևտրում՝ 112 հազարից ավելի մարդ։

Մինչ 2018-ին իշխանության եկածների եկամուտներն անգամներով ավելացել են, այս մարդկանց մոտ իշխանափոխության առաջին չորս տարիներին աշխատավարձերի հետընթաց է տեղի ունեցել՝ ճյուղում ձևավորվող եկամուտների համեմատ։

Հայտնի արտաքին գործոնների արդյունքում, անցած տարի որոշ ոլորտներում աշխատավարձերի որոշ աճեր գրանցվեցին։ Եթե չլինեին այդ գործոնները, դա էլ տեղի չէր ունենա։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի, ոչ թե ժողովրդի նկատմամբ այս իշխանությունների հոգածության արդյունքն էր, այլ պատահական ի հայտ եկած արտաքին գործոնների հետևանքը (ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ Ռուսաստանից արտագաղթողների հոսք, դրսից փողի հոսք, բանկային համակարգում առևտրային միջորդություններ, և այլն)։

Կասկած չկա, որ երբ վերանան արտաքին այդ գործոնները, նույնքան արագ կանհետանան նաև աշխատավարձերի անցած տարվա աճերը, ու կրկին կվերադառնանք նախկին իրավիճակին։

Իրավիճակ, որը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ 2018-ի իշխանափոխության արդյունքները վայելել են իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի անդամները, ովքեր հասցրել են ոչ միայն տիրանալ իշխանության բարիքներին, այլև միլիոններով եկամուտներ են ստացել ու կտրուկ բարելավել իրենց կյանքը՝ թանկարժեք գույք, բիզնեսներում բաժնեմասեր, ընկերություններ են ձեռք բերել, երբեմնի դատարկ գրպանները լցրել են պետության հաշվին, այնինչ՝ հասարակության մեծ մասը նույնիսկ կորցրել է եկամուտներն ու աղքատացել։

Իսկ թոշակների այն «աննախադեպ» աճերի ու «իրադարձային» փոփոխությունների մասին, որ խոսում են՝ թոզ փչելով մարդկանց աչքերին, թող բարի լինեն խոսել նաև աննախադեպ բարձր գնաճից ու դրամի գնողունակությունից։ Ի՞նչ կարող էին նույն գումարով գնել 5 տարի առաջ և ի՞նչ կարող են գնել այսօր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս