Էլի հույսը դրել են Ռուսաստանի վրա
Արտաքին գործոնների արդյունքում անցած տարի Հայաստանի տնտեսությունը բարձր աճեր արձանագրեց։ Դա թմբիրի մեջ է գցել իշխանություններին. կարծում են, թե այդ գործոնները հավերժ պահպանվելու են, ու իրենք էլ կարողանալու են հասարակության աչքին թոզ փչելով՝ հպարտանալ, որ արձանագրված աճերն իրենց «փայլուն« աշխատանքի արդյունքն են։ Այդ աշխատանքի արդյունքը կերևա այն ժամանակ, երբ վերանան արտաքին գործոնները։ Իսկ որ դրանք ժամանակավոր են և ինչ-որ պահից դադարելու են, կասկած չկա։ Ու որպեսզի այդ գործոնների վերացումից հետո տնտեսությունը, ինչպես նաև պետական բյուջեն չհայտնվեն կոլապսի մեջ, հարկավոր է ժամանակին քայլեր անել՝ հետևանքները մեղմելու համար։
Առավել ևս, որ արտաքին գործոնների արդյունքում բազմաթիվ հնարավորություններ են բացվել տնտեսության համար։ Մնում է ճիշտ կարողանալ օգտագործել այդ հնարավորություններն ու բացված հարթակները։
Բայց կառավարության քայլերը չեն երևում։ Էկոնոմիկայի նախարարին հարցնում են, թե ի՞նչ են անում այդ գործոնները վերանալու դեպքում տնտեսությունն անկումից պաշտպանելու համար, պատասխանում է, որ իրենց ու նաև միջազգային կազմակերպությունների կանխատեսումներով, առաջիկայում դրանք պահպանվելու են, իսկ այն քաղաքացիները, ովքեր ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տեղափոխվել, բնակվում ու աշխատում են Հայաստանում, մոտ ապագայում չեն գնալու։
Գործ անելու փոխարեն՝ հույսը դրել են արտաքին գործոնների վրա ու մի կողմ քաշվել։
Անցած տարի այդ գործոնների արդյունքում, իհարկե, բարձր աճեր գրանցվեցին, բայց դրանք երկարաժամկետ աճեր չեն։ Առավել ևս՝ մեր տնտեսության իրական աճերը չեն։ Դրանք քիչ կապ ունեին մեր տնտեսության հետ, ու այս տարի եթե շարունակեն պահպանվել, էլի քիչ կապ են ունենալու։
Էկոնոմիկայի նախարարը հպարտանում է, որ անցած տարի ունեցել ենք արտաքին առևտրի ռեկորդային ցուցանիշներ՝ ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման մասով։ Բայց չի ասում, որ դրանից մեր տնտեսությունը ոչինչ չի շահել։
Շահել են այն երկրների տնտեսությունները, որոնք արտադրել են այդ ապրանքները, իսկ մենք ընդամենը միջանկյալ ծառայություն են իրականացրել, Հայաստանի միջոցով մի երկրից տեղափոխել ենք մեկ այլ երկիր և ստացել միջնորդավճար։
Սա մեր տնտեսության արդյունքը չէ։
Կառավարության խնդիրն է մտածել ոչ թե առևտրային միջորդություններով արհեստական տնտեսական աճեր ստանալու, այլ ներքին տնտեսությունը զարգացնելու ճանապարհով՝ աճի հիմքեր ստեղծելու մասին։
Այստեղ է, որ ոչինչ չի արվում, ինչը սկսել է նյարդայնացնել նաև իշխանության որոշ ներկայացուցիչներին, ովքեր քիչ թե շատ պատկերացում ունեն տնտեսության իրական վիճակի ու առկա իրավիճակի վերաբերյալ։ Նրանք հասկանում են, որ այս ամենը ժամանակավոր է և ինչ-որ պահից ավարտվելու է։ Ուստի տնտեսությունը պետք է պատրաստել՝ հետագայում շատ ավելի ծանր խնդիրներից խուսափելու համար։
Միևնույն է, ինչ-որ պահից այդ բախումը լինելու է, ու եթե տնտեսությունը դրան պատրաստ չլինի՝ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու։
Այն, որ դրսից փող է գալիս Հայաստան, պտտվում բանկային համակարգում, մի մասը գնում է դուրս, մյուս մասը՝ կախվում մեր բանկերում, սա տնտեսության զարգացման կամ իրական աճերի հետ կապ չունի։
Բանկերում կախված փողը նույնիսկ չեն կարողանում օգտագործել տնտեսություն մեջ։
Այնպես է ստացվել, որ բանկերում ավելի շատ ավանդ կա, քան տրամադրվող վարկերն են։
Այս պահին ավելի քան 2 մլրդ դոլար կախված է բանկերում ու չի մտնում տնտեսություն։ Սա հսկայական ֆինանսական ռեսուրս է Հայաստանի տնտեսության չափանիշներով, բայց տնտեսության մեջ ներդրումների տեղ չկա։ Հաճախ էլ անվստահությունն է խանգարում, որպեսզի գումարները գնան տնտեսություն։ Տնտեսություն գնալու փոխարեն, ավելի ապահով տեղում են կուտակվում։
Իշխանությունների խնդիրն է՝ ստեղծել հնարավորություններ, որպեսզի այդ գումարները գնան տնտեսություն։ Թե որքանո՞վ է դա հաջողվում, վկայում են բանկերում կուտակված հսկայական գումարները։
Եթե հիպոթեքն էլ չլինի, դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչ էր կատարվում։ Դեռ լավ է, որ հիպոթեքի միջոցով գումարների մի մասը դուրս են գալիս բանկերից։ Չնայած դա էլ իր խնդիրն ունի և սկսել է անհանգստացնել բանկերին ու ֆինանսական համակարգին։ Այդ է պատճառը, որ վերջին շրջանում խստացրել են հիպոթեքի պայմանները, նաև բարձրացրել տոկոսադրույքները՝ ձևավորված բարձր պահանջարկը զսպելու և հետագայում սպասվող հնարավոր ցնցումներից խուսափելու համար։
Դրսից մեծ գումարներ են գալիս Հայաստան, ու հարկավոր է այդ գումարներն ուղղորդել դեպի տնտեսություն։ Այսօր այդպիսի հնարավորություն կա, վաղը չի լինելու։ Դրա համար այսօր է պետք մտածել ստացվող մեծածավալ հոսքերը տնտեսական կապիտալի վերածելու մասին։
Բայց սայլը տեղից չի շարժվում։ Հույսը դրել են նրա վրա, որ ռուսները կամ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայերը դեռ կմնան Հայաստանում ու իրենց ներկայությամբ պահանջարկ կձևավորեն՝ խթանելով առևտուրն ու ծառայությունները։
Առևտուրն ու ծառայությունները դրանից գուցե կշահեն, բայց տնտեսությունը՝ ոչ։
Պատահական չէ, որ տնտեսությունն անցած տարի բարձր տեմպերով աճեց, բայց տնտեսության կառուցվածքը շարունակեց մտահոգիչ լինել։ Նախկինում էլ վատ էր, անցած տարի ավելի վատացավ։ Եթե այսպես շարունակվի, միտումը առաջիկայում էլի խորանալու է։ Տարվա սկզբին դա արդեն նկատվում է՝ իրական հատվածում տեղաշարժերը թույլ են, իսկ ծառայություններն ու առևտուրը մեծ տեմպերով առաջ են գնում՝ էլ ավելի վատացնելով տնտեսության ու տնտեսական աճի կառուցվածքը։ Առաջին հայացքից թվում է, թե մեր տնտեսությունը փայլուն վիճակում է գտնվում, երկնիշ աճեր ու ռեկորդային բարձր ցուցանիշներ են արձանագրվում։ Իրականում, սակայն, այդ ամենը խաբուսիկ է, տնտեսական իրավիճակը չափից դուրս ռիսկային է և շատ անսպասելի կարող է փլվել՝ իր հետ քաշելով ոչ միայն տնտեսությանը, այլև ֆինանսական համակարգը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ