Վարկերը կտրուկ թանկացել են
Դրսից տեղափոխված միջոցների հաշվին Հայաստանի բանկային համակարգում բավական մեծ գումարներ են կուտակվել։ Փող կա, բայց տեղաբաշխման հնարավորությունները սահմանափակ են։ Կուտակված միջոցները մնում են բանկերի հաշիվներին։
Փողի առաջարկն անհամեմատ ավելի մեծ է, քան պահանջարկը։ Վերջին տվյալներով, մոտ 2 մլրդ դոլարի հավելյալ փող կա կախված բանկերում։
Թվում է, թե այս պայմաններում վարկերը պիտի էժանանային։ Բայց հակառակն է եղել։
Մինչև մեկ տարի ժամկետով բանկային դրամային վարկերի միջին տոկոսադրույքն այս տարվա սկզբին կտրուկ բարձրացել է։
Պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարվա վերջին բանկերի այդպիսի վարկերի գինը 12,03 տոկոս էր։ Այս տարվա ապրիլին դարձել է 13,13 տոկոս։
Վարկերը թանկացել են, չնայած ավանդների էժանացմանը։ Տարեսկզբի չորս ամիսներին 0,13 տոկոսային կետով ավանդներն էժանացել են։ Բայց բանկերը կտրուկ բարձրացրել են վարկերի տոկոսադրույքը՝ չորս ամսում շուրջ 1,1 տոկոսային կետով, ինչը վարկային միջոցների բավական լուրջ թանկացում է։
Թանկացումն ավելի ակնհայտ է մեկ տարվա կտրվածքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև մեկ տարի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքն ավելացել է 1,64 տոկոսային կետով։
Երբ առանց այդ էլ բանկերը լիկվիդայնության մեծ պաշար են կուտակել, տարօրինակ է վարկերի այս թանկացումը։ Բայց դա էլ ունի իր պատճառները։ Հավանաբար ռիսկերն են ավելացել, ինչն էլ ստիպել է բանկերին ավելի կոնսերվատիվ վարքագիծ դրսևորել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։
Չնայած վարկային շուկայում որոշակի ակտիվություն կա, նախորդ տարվա համեմատ՝ բանկերի վարկային ներդրումներն ավելացել են գրեթե 10 տոկոսով, այն հիմնականում դրսևորվում է շատ սահմանափակ հատվածներում։ Այդ սահմանափակ ոլորտներն են՝ հիպոթեքը, սպառողական շուկան, որոշ չափով՝ նաև կապիտալ շինարարությունը։
Հիշեցնենք, որ հիպոթեքը և սպառողական վարկերն այն վարկերն են, որոնք տրամադրվում են քաղաքացիներին։
Դրանց ավելացումը, առավել ևս՝ թանկացումը, ավելի է ծանրաբեռնում քաղաքացու վարկային բեռը։
Առանց այդ էլ բանկերի վարկային պորտֆելի 2 ամենախոշոր հատվածները սպառողական վարկերն ու հիպոթեքն են, որոնք միասին հասնում են գրեթե 1,9 տրիլիոն դրամի կամ շուրջ 4,5 մլրդ դոլարի։
Ընդհանուր առմամբ վերջին մեկ տարվա ընթացքում հայաստանյան ռեզիդենտներին տրամադրված բանկերի վարկային պորտֆելն ավելացել է 317 միլիարդով։ Ամենամեծ աճը գրանցվել է հիպոթեքի պարագայում։ Մեկ տարվա ընթացքում այս տիպի վարկերն ավելացել են 212 մլրդ դրամով կամ 30 տոկոսով։
Բանկերի ամբողջ վարկային պորտֆելն ավելացել է 318 միլիարդով, միայն հիպոթեքը՝ 212 միլիարդով։ Աճի գրեթե 67 տոկոսը բաժին է ընկել այս վարկային շուկային։
Հիպոթեքային վարկերի աճի տեմպը 3-4 անգամ ավելին է, քան բանկերի ընդհանուր վարկային պորտֆելինը։
Միայն այս տարվա առաջին չորս ամիսներին հիպոթեքային վարկերն ավելացել են ևս 65 միլիարդով։ Հրապարակված վերջին տվյալներով՝ դրանք ընդամենը 25 միլիարդով են զիջում սպառողական վարկերի պորտֆելին։
Մի պահ արձանագրված սառեցումից ու նվազեցումից հետո վերստին աշխուժացել է սպառողական վարկերի տրամադրումը, թեև ակտիվությունն այստեղ անհամեմատ ավելի ցածր է, քան հիպոթեքի պարագայում։
Ամեն դեպքում, վերջին մեկ տարվա ընթացքում բանկերի սպառողական վարկերի պորտֆելը ևս բավականաչափ ավելացել է՝ գրեթե 111 միլիարդով։ Հիմա էլ այն վարկային շուկայի ամենամեծ հատվածն է՝ 939 միլիարդ դրամ պորտֆելով, բայց ամենայն հավանականությամբ, շուտով զիջելու է իր տեղ հիպոթեքին, եթե, իհարկե, մինչ այդ կանխարգելիչ քայլեր չարվեն հիպոթեքային վարկերի տրամադրման ուղղությամբ։
Գերհիպոթեքավորումը, որը տեսնում ենք վերջին մի քանի տարիներին, լուրջ սպառնալիքներ է ստեղծել՝ ինչպես բանկային համակարգի, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության ու քաղաքացիների համար։ Չհիմնավորված քաղաքականությունը բերել է նրան, որ այս հատվածում չափից մեծ չարդարացված բեռ է կուտակվել, որը չզսպելու պարագայում տխուր հետևանքներ կարող են լինել բոլորի համար։
Հիպոթեքի այս ակտիվությունն անուղղակիորեն մեծացրել է ֆինանսական միջոցների պահանջարկը նաև շինարարության և հատկապես՝ բնակարանային շինարարության ոլորտում, որտեղ ևս նկատվում է բանկային վարկերի աճ։ Չնայած այն դժվար է համեմատել հիպոթեքի հետ։
Շինարարության մեջ բանկերի վարկային պորտֆելն անցած մեկ տարում ավելացել է 45 միլիարդով։
Որքան էլ կարող է տարօրինակ լինել, արձանագրվող բարձր տնտեսական աճերի, տնտեսության զարգացումների ու բարեփոխումների վերաբերյալ իշխանությունների չդադարող հայտարարությունների ֆոնին արդյունաբերության մեջ բանկերի վարկային ներդրումները վերջին մեկ տարում ոչ միայն չեն ավելացել, այլև զգալիորեն նվազել են։ Եթե անցած տարվա ապրիլին դրանք կազմում էին 529 մլրդ դրամ, այս տարվա ապրիլին դարձել են 485 միլիարդ։
Նվազել է 44 մլրդ դրամով կամ ավելի քան 110 մլն դոլարով։
Տնտեսությանը ֆինանսավորելու փոխարեն, բանկերը ֆինանսավորում են հիմնականում վարկային շուկայի այն հատվածները, որոնք առնչվում են քաղաքացիներին։ Դա նշանակում է, որ վարկերի թանկացումն էլ առաջին հերթին վերաբերում է քաղաքացիներին։ Կարճաժամկետ կամ մինչև մեկ տարի ժամկետայնության դրամային վարկերը, որոնք հասցրել են բավականաչափ կտրուկ թանկանալ, հիմնականում սպառողական վարկերն են, որոնք վերցնում են քաղաքացիները՝ տարբեր սոցիալական ու կենցաղային խնդիրներ լուծելու համար։
Թեև դա չի նշանակում, որ թանկացումը վերաբերում է միայն կարճաժամկետ վարկերին։ Վերջին շրջանում թանկացել են նաև հիպոթեքային վարկերը, ու թանկացման բեռը կրկին կրելու են քաղաքացիները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ