Պետական մարմինները քնա՞ծ էին, թե՞ արթուն. զորավարժությունների «մարգարեական» սցենարների և դրանց՝ թղթի վրա մնալու մասին
Մամուլում հիմնականում քննարկում ենք պատերազմի առաջին րոպեներին Պաշտպանության բանակի (ՊԲ) և նրա ղեկավարության պատրաստ լինելուն վերաբերող հարցերը, ինչը, իհարկե, սխալ չէ, բայց հաշվի առնելով, որ պատերազմը պետությունն է վարում, և բանակն ընդամենը մի բաղադրիչ է, ինչպես մյուս պետական կառույցները, ապա պետք է հարց տանք՝ որքանո՞վ են պետական մյուս կարևոր մարմինները և նրանց ղեկավարները պատրաստ եղել պատերազմն ընդունելուն: Այսինքն, նրանք պատերազմը արթուն, իրենց աշխատավայրերո՞ւմ, թե՞ քնած են դիմավորել և միայն պատերազմը սկսելուց հետո են շտապել աշխատավայր:
24News-ի հետ հարցազրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանն ասել է՝ «պատերազմը որոշ տեղերում քնած են դիմավորել, դեպքեր կան, որ ես եմ արթնացրել»:
Իսկ պատերազմի ժամանակ Թևան Պողոսյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականն էր՝ հասարակական հիմունքներով: Հարցազրույցում նա, իհարկե, չի նշում՝ ում է արթնացրել և հայտնել պատերազմի սկսման մասին, հնարավոր է՝ պետական կարևոր կառույցների ղեկավարներին, պատասխանատու պաշտոն զբաղեցնողներին:
Հնարավոր է: Սա ինչ-որ առումով, թերևս, կարելի է կռահել պաշտոնական արձագանքների, գործողությունների ժամանակագրությունից: Այս թեմային ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:
Միայն նշենք, որ պատերազմը 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվել է 07:10-15-ի սահմաններում, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ժողովրդին պատերազմի մասին տեղեկացրել է ժամը 08:10-ի սահմաններում, Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ հրավիրելու մասին հայտնել է ժամը 12:00-ի սահմաններում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2021-ի հոկտեմբերի վերջին ԱԺ-ում հայտարարել էր, որ պատերազմի հավանականության մասին հստակ տեղեկություն ստացել է սեպտեմբերի 27-ից 1-2 օր առաջ՝ ռադիոկլանման միջոցով:
«Ռադիոկլանում էր տեղի ունեցել և մեկ նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել»,- շեշտել էր նա:
Սա նշանակում է՝ պետական մարմինները, ՀՀ զինված ուժերը, ՊԲ-ն առնվազն 2 օր ունեին հնարավորինս պատշաճ պատրաստվելու պատերազմին և դրա «դիմավորմանը»: Ավելին, եթե ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմը պատերազմից ժամեր առաջ եղել է շտաբում, համապատասխան կառավարման կետերում, ապա մյուս մարմիններում ևս սեպտեմբերի 25-ից պիտի պատրաստ լինեին պատերազմի սկսմանը:
Ի վերջո, ժամանակին «Շանթ» զորավարժությունները հենց այս խնդիրների լուծմանն են ուղղված եղել՝ հղկել պետական կառավարման համակարգի միասնական ու ներդաշնակ աշխատանքը` պետությունը խաղաղ պայմաններից ռազմականի փոխադրելու ընթացքում:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության մասին, որը ղեկավարում էր ՀՀ վարչապետը, շտաբի պետն էր աշխատակազմի ղեկավարը։
«Պայմանական պատերազմ ենթադրող զորավարժությունների հիմքում դրված էին այնպիսի սցենարներ, որոնք կապահովեին պետական կառավարման համակարգը առավել բարձր պատրաստականության աստիճանի բերելն ու նույնիսկ ամենածանր ու անսպասելի պայմաններում իր առջև դրված խնդիրների արդյունավետ կատարումը՝ ապահովելով ՀՀ անվտանգությունն ու բնականոն կենսագործունեությունը»,- «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում ՊՆ վարչական համալիրում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության սցենարն ու 2020-ի 44-օրյա պատերազմը
Նշենք, որ «Շանթ-2018»-ի ժամանակ խաղարկված սցենարները մենք տեսանք 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, այլ հարց է՝ որքանով ՀՀ իշխանությունները իրականություն դարձրեցին մեզանից պահանջվող հակաքայլերը:
Մասնավորապես, ըստ «Շանթ-2018»-ի սցենարի, փորձ է արվում նախապատրաստել այլ զորքերի ներգրավումը երկրի պաշտպանությանը, քանի որ Թուրքիայի սահմանից փախստականների խումբ է ներխուժել, որոնց մեջ կան ահաբեկիչներ, որոնց որոնում են:
Պայմանական իրադարձությունների շրջանակում տեղի է ունենում ԱԽ նիստ, որտեղ ուժային կառույցների ղեկավարները զեկուցում են պատերազմ հայտարարելու և ռազմական դրություն մտցնելու հայցի նպատակահարմարությունը։ Քննարկվում է այն հարցը, որ ՀԱՊԿ անդամ պետություններից ակնկալվող որոշակի օգնությունը կարող է դանդաղել կամ շեղվել, ուստի պիտի կազմակերպել առանց այլ օգնության Հայաստանի պաշտպանությունը:
«Ունենք Հայաստանի նկատմամբ ոչ դրական տրամադրված պետությունների ռազմաքաղաքական ղեկավարների հայտարարություններ, ՀՀ-ն փորձում է արտասահմանյան գործընկերների ուշադրությունը հրավիրել դրա վրա։ Բոլոր ճակատներում, որտեղ հակառակորդի հետ սահման կա, գործողություններ են կատարվում․ և Արցախյան, և հայաստանյան հատվածում, այդ թվում նաև Նախիջևանում»,- նախանշված էր «Շանթ-2018» զորավարժությունների սցենարում:
«Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Ազգային ժողովը հաշվի առնելով վերը նշված փաստերը, ընդունում է պատերազմ հայտարարելու մասին որոշում:
Ի՞նչ է ստացվում՝ այն մարտահրավերները, որոնց բախվեցինք 2020-ի պատերազմի ժամանակ, գործնականում հաշվի չէինք առել:
Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «գաղտնի» նամակ էր ուղարկել: Այս փաստաթղթում զորավարժությունների սցենարի համատեքստում ևս մանրամասն նկարագրված էր այն, ինչին հետագայում ականատես եղանք պատերազմի ժամանակ և ոչ միայն:
Հավելենք, որ 2020-ի պատերազմից առաջ նախատեսված էր, որ Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 16-20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը, արդեն 2021-ին Հայաստանում անցկացվում է «ԳՌՈՄ-2021» զորավարժությունը՝ ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանի համաձայն: