Արցախն իմ հայրենիքն է, մարդիկ այնտեղ բլոկադայի մեջ են. Կամո Ունանյան
168.am-ի զրուցակիցն է Սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԸ։ Նրա հետ զրուցել ենք Կառավարությունից իր դժգոհությունների, դրանց պատճառների, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակի, 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտում տեսածի և առաջիկա իր ծրագրերի մասին։
– Կամո, վերջին օրերին մի քանի հրապարակում եղավ, և դուք՝ որպես Հայաստանը տարբեր մարզական հարթակներում ներկայացնող չեմպիոն, դժգոհում էիք, որ Կառավարության ուշադրությունից դուրս եք մնացել, որ ուշադրություն չեն դարձնում այն մարդկանց, որոնք ՀՀ դրոշն են բարձրացնում մարզական միջազգային հարթակներում։ Կոնկրետ ի՞նչ ուշադրության մասին է խոսքը, ինչի՞ համար են դժգոհությունները։
– Նախ, ասեմ, որ ես կոնկրետ ինձ հետ կապված եմ անդրադարձել այդ հարցին, ուրիշների հետ գործ չունեմ, ով ինչ ուզում է՝ թող անի։ Խոսքն այն մասին է, որ ես բավականին երկար ժամանակ, իսկ ավելի կոնկրետ՝ 26 տարի ներկայացնում եմ Հայաստանը, բայց զրո ուշադրություն։ Առաջին իմ մեդալը եղել է 1997 թվականին Հունգարիայում, իսկ 2022 թվականի սեպտեմբերին Չեխիայում դարձա չեմպիոն, որտեղ մեկ մրցաշարի ժամանակ հաղթեցի և՛ թուրք, և՛ ադրբեջանցի մարզիկների։ 26 տարին մեկ ամբողջ կյանք է, այդքան դու բարձրացնում ես երկրի դրոշը, դու հարգանքի ես արժանի։ Չնայած դրան, բազմաթիվ վնասվածքներ, վիրահատություններ և այլն։ Առհասարակ ֆինանսական ակնկալիքներ չեմ ունեցել և ոչ էլ դրա համար դիմել եմ։ Ինքս իմ միջոցներով ու հնարավորություններով գնացել եմ տարբեր երկրներ, հաղթել ու վերադարձել եմ, բայց զրո ուշադրություն։ Այսինքն՝ չեն հրավիրել շնորհավորեն, օդանավակայանում դիմավորեն, լուսաբանեն։ Եթե մարդիկ սպասում են, որ ես պետք է իրենց դիմեմ, ու դրանից հետո լինի ուշադրությունը, ապա նման բան չի եղել ու չի լինելու, որովհետև սպորտը մի կողմ, ես սկզբունքներով ապրող մարդ եմ, երբեք թույլ չեմ տա դիմեմ, որ դրանից հետո նոր ինձ ուշադրություն դարձնեն։ Ասացի՝ պրինցիպներով ապրող մարդ եմ, պաշտոնի չեմ ձգտում, ավարտել եմ 2 համալսարան, բավականին լավ սովորել եմ, 4 լեզվով խոսում եմ, բայց երբեք պաշտոն զբաղեցնելու ցանկություն չեմ ունեցել։
– Այսինքն՝ իշխանության կողմից Ձեզ նույնիսկ շնորհավորա՞նք չի եղել։
– Եթե վերջին տարիների մասին է խոսքը՝ ոչ։ Ասեմ, որ 2021 թվականից ստեղծել եմ Հայաստանի Կարատեի միությունը, որը Հայաստանը մի քանի վարկածով ներկայացնում է Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, այսինքն՝ իմ միությունն այդ համաշխարհային ֆեդերացիաների անդամ է։ 2021 թվականին եղել եմ ԿԳՄՍ նախարարությունում, տեղյակ են եղել, որ ստեղծել եմ նման միություն։ Բացի այն, որ ստեղծել եմ, ունեցել եմ հովանավոր, և իմ մարզիկները ստացել են աշխատավարձ, անվճար մեկնել են մրցումների և այլն։ Վերջին մրցույթը եղել է այս տարվա մայիսին, որտեղ ես դարձել եմ չեմպիոն, իսկ մեր մյուս մարզիկը դարձել է արծաթե մեդալակիր։ Վերադարձել են, կրկին ոչ մի բան։ Ես որ գնացի նախարարություն, իրենց ասել եմ, որ ֆինանսական ակնկալիքներ չունեմ իրենցից, ուղղակի իմանան, որ նման բան եմ ձեռնարկել։
– Հնարավո՞ր է՝ դուք դիմեք Նիկոլ Փաշինյանին:
– Նման բան չի կարող լինել՝ ես զանգահարեմ կամ ինչ-որ մեկին դիմեմ, երբեք որևէ մեկին ոչ մի հարցով չեմ դիմել ու չեմ էլ դիմի։ Ես դա համարում եմ սխալ, դա Կառավարությունը, պետությունն ինքը պետք է ժամանակին աներ, եթե իմ ասելուց հետո պետք է ինչ-որ բան արվի, ապա դրա կարիքը չկա, ցանկությունն էլ չկա։ Թող սա իմ կողմից լինի մի մեծ քայլ, որ վաղն այլ մարզիկներ անտեսված չլինեն։ Ուղղակի այն օրհասական պահն էր եկել, որ ես պետք է արտահայտվեի, ինչո՞ւ չարտահայտվեմ, եթե ես ունեմ դրա պատճառները։
– Դուք բազմաթիվ երկրներից առաջարկներ եք ստացել հանդես գալու իրենց դրոշի ներքո, հնարվո՞ր է՝ այս ամենից հետո ընդունեք որևէ երկրի առաջարկ։
– Առաջարկները բազմաթիվ չեն եղել, բայց եղել են տարբեր առաջարկներ, դրանցից մեկն էլ Ղազախստանի կողմից էր։ Իհարկե, չի կարող նման բան լինել, առավել ևս, այս պատերազմից հետո մենք մաքսիմալ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր դրոշը բարձրանա, տարբեր ազգեր իմանան, թե հիմա մեր երկրում ինչ է կատարվում։ Եվ ոչ միայն Հայաստանում, նաև Արցախում, ես Արցախը համարում եմ Հայաստանի մի մասը, իմ հայրենիքն է, մարդիկ այնտեղ 200 օրից ավելի բլոկադայի մեջ են։
– 2021 թվականին դուք ռինգ բարձրացաք մեր զոհված տղաների նկարներով շապիկով և հաղթանակն էլ նվիրեցիք տղաների հիշատակին։ Առհասարակ մարզական աշխարհում տեղյա՞կ էին, թե ինչ է եղել Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ։
– Հիմա որ ասացիք, ես հիշեցի ու նորից փշաքաղվեցի, որովհետև այդպիսի պահ էր։ Հավատացեք, կլինի ինչ-որ մրցաշար, Աշխարհի կամ Եվրոպայի, աշխարհի յուրաքանչյուր կետում, որտեղ մեր դրոշն է ծածանվում, դա մեր երկրի համար արդեն մեծ բան է, առավել ևս՝ հիմա, երբ մեր երկիրը շատ ծանր վիճակում է։ Եկեք թողնենք, որ տուրիստները եկել են, քաղաքի կենտրոնը եռում է, սրճարաններն աշխատում են, իրականությունն այլ է։ Եկեք գնանք փոքր քաղաքներ, մարզեր, գյուղեր, մի հատ տեսնենք՝ այնտեղ ինչ է կատարվում։ Ես Վայքից եմ, գնում եմ այնտեղ ու շատ բաներ իմ դուրը չի գալիս։
– Գիտեմ, որ դուք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտում եք եղել, թեպետ այդ մասին չեք խոսում, բայց ի՞նչ եք տեսել այդ օրերին և որպես ականատես, ի վերջո, ինքներդ ձեր մեջ վերլուծե՞լ եք, թե ինչո՞ւ պարտվեցինք։
– Ինքս եղել եմ Նախիջևանի կողմում, այդ հատվածի պոստերում, մեկ առ մեկ չասեմ՝ որտեղ եմ եղել, գնալով-գալով, 18 օր եմ եղել պոստերում։ Ցավոտ թեմա է, ինչու պարտվեցինք, ինչն էր պատճառը, տարբեր պատճառներ կան։ Մեր զինվորի ոգին միշտ էլ տեղն է եղել, շատ հայրենասեր տղաներ ունենք, ունենք նաև այնպիսի տղաներ, որոնք «ժելեած» մազերով գնացել էին, ֆոտոսեսիա էին արել ու հետո տանը դիվանին նստած ամեն օր մի նկար էին գցում։ Այս պատերազմում այն, ինչ տեսա, մեծ հիասթափություն ապրեցի, տեսա այնպիսի բաներ, որոնք չէի ուզում տեսնել։ Տեսել եմ, որ նույն զորքն անտեսված է եղել, պատճառները թող վերլուծի Կառավարությունը, որն այդ ժամանակ կար։ Փաստը մնում է փաստ, որ այդքան տարածքներ կորցնելով՝ կորցրեցինք նաև այսքան մարդ, ես կորցրել եմ մանկության ընկերներ, հարազատներ։ Կորցրեցինք Հայրենիքի մի մասը, 5 հազար զոհ, ու այսօր տեսեք՝ ինչ վիճակում է Արցախը։
2022 թվականի սեպտեմբերի 12-ին մրցույթից գալիս եմ, ու արդեն կարդում եմ, որ պատերազմ է սկսվել, գնացի Վայք ու այնտեղից կոչ եմ արել, հետո գնացի դիրքեր ու տեսա՝ այնպիսի բաների կարիք որւնենք, որը չպետք է լիներ, «լապատկայի», քլունգի կարիք ունեինք, զինվորական չեմ, բայց իմ աչքի տեսածն եմ ասում։
Նպատակ կա 44-օրյա պատերազմի վերաբերյալ ֆիլմ նկարահանեմ, բայց հիմա տեսնենք՝ ինչ է լինելու մեր երկրի հետ, ուղղակի այն վիճակում է, որ չգիտենք՝ վաղն ինչ է լինելու։ Ընկերներիցս այնպիսի բաներ են պատմում Արցախի վիճակի մասին, որ մարդու հաց ուտելը չի գալիս, այնտեղ երեխաներն են սոված, քաղցկեղով հիվանդ անձանց չեն կարողանում տեղափոխել։
Արցախում դարերով հայեր են ապրել, ո՞վ է ասում, որ այն Ադրբեջանինն է, դե եկեք այսպես տալով՝ դառնանք քոչվոր։ Լավ, այսպես ո՞նց կլինի, կեսն այնտեղից տվեցին, կեսը՝ այստեղից, հիմա Ջերմուկում թշնամին եկել-նստել է սարի գլխին։
– Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի, և այլևս խաղաղ կապրեն ադրբեջանցիների հետ։
– Իրենք մեր հարևաններն են, բայց երկու ազգերի միջև խաղաղություն չի լինի, այնքան արյուն է թափվել, ինչպե՞ս կարող է խաղաղություն լինել։ Այդպես է ստացվել, որ հարևաններ ենք, բայց չենք կարող բարեկամներ լինել, ես ազգայնական չեմ, բայց այս առումով թող ինձ չխոսեցնեն, ես ընկերներ ու հարազատներ եմ կորցրել, իրենց մասին ինչպե՞ս կարող եմ մոռանալ, պետք է միշտ հիշենք՝ հերոսների արյունը հո իզո՞ւր չի թափվել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում