Երևան-Բաքու բանակցություններում բարդություններ է մտցնում միայն ԼՂ հարցը․ ՌԴ-ն ստիպված կլինի որոշում կայացնել
ԱՄՆ-ը անհամբերությամբ սպասում է Վաշինգտոնում (հայ-ադրբեջանական) բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղ ապագայի: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն իր ավանդական ճեպազրույցում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս նշել էր, թե հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Նա ասել էր, որ հայկական պատվիրակությունն ԱՄՆ է մեկնում այն տրամադրվածությամբ, որ բոլոր ջանքերը պետք է գործադրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար։ Պաշտոնական Բաքուն, որը հրաժարվել էր ծրագրված նախորդ վաշինգտոնյան բանակցություններից, դեռ չի հաստատել այս տեղեկությունները և իր մասնակցությունը վաշինգտոնյան բանակցություններին։
Այնուամենայնիվ,Պատելը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ըշարունակում է հավատալ, որ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար:Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ կրակոցների հաճախակիացմանը՝ Պատելը նշել է, որ ամերկյան կողմի համոզմամբ՝ քայլերը, որոնք հրահրում են և բարձրացնում են լարվածությունը, անկասկած, այս պահին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, անարդյունավետ են:Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակացություններում ԱՄՆ-ի միջնորդական դերի վերաբերյալ Ռուսաստանի քննադատական գնահատականին՝ Պատելն ասել է. «Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ այս հարցում, իհարկե, ողջունելի է, բայց մենք շարունակում ենք զգալ, որ այդ բանակցություններն առաջընթաց են ապրում, դրանք շարունակվում են։ ԱՄՆ-ը այս հարցում կարևոր գործընկեր է եղել։ Այդ հարցով զբաղվել է անձամբ պետքարտուղարը»։ Նա հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ բոլոր բարձր մակարդակի հանդիպումների մասին՝ հավելելով, որ այս գործընթացում երկխոսությունը չի կարող փոխարինվել։
Ի դեպ, ուշագրավ է, որ Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում «Ուկրաինայի բարելավման 2023 կոնֆերանսի» շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ առաջին հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Անադոլուն»-ն դիվանագիտական աղբյուրներին հղում կատարելով՝ նշում է, որ կողմերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումների համատեքստում:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն անդրադառնալով հնարավոր բանակցություններին՝ ասաց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները Վաշինգտոնում և արևմտյան հարթակներում ընդհանուր առմամբ առաջ են գնում առանց մեծ խնդիրների։ Ըստ նրա, առաջիկա բանակցությունները Երևանի և Բաքվի միջև Վաշինգտոնում բնականոն ընթացք կունենան, գուցեև որոշակի առաջընթաց արձանագրվի, քանի որ ընդհանուր առմամբ դիրքորոշումները կոնսենսուսային են, չնայած վերջին օրերի սահմանային միջադեպերին։ Վերլուծաբանի համոզմամբ, գործընթացում բարդություններ է մտցնում ԼՂ հարցը, որը չի լուծվում, ու դրա լուծման հեռանկարները շատ աղոտ են։
«ԼՂ-ն իր դիրքորոշմամբ, որի էությունը նրանում է, որ դեմ է Երևան-Բաքու պայմանավորվածությունների տրամաբանությանը, խնդիր է դառնում Արևմուտքի ու բանակցող կողմերի համար։ ԼՂ-ն պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնում, որին առաջին հերթին դեմ է լինելու Բաքուն, քանի որ ՄԽ ձևաչափի վերականգնումը ենթադրում է ինքնորոշման իրավունքի հարցի քննարկում ևս, որը Բաքուն լիովին բացառում է։ Եվ այստեղ շատ լուրջ տարաձայնություն կա, որը սրելու է Ղարաբաղում իրավիճակը։ Եվ պատահական չէր, որ տարածվեցին տեղեկություններ ԼՂ-ի նկատմամբ արևմտյան ճնշումների մասին, չի բացառվում, որ այդ ճնշումները մեծանան, Արևմուտքի համար հեշտ կլինի, եթե ԼՂ-ում դիմադրություն չլինի։ Սակայն որքան է հնարավոր դիմադրել այս ընդհանուր միտումներին, մեծ հարց է, սակայն ՌԴ ԱԳՆ անդրադարձերը թեմային, կարծում եմ՝ կարևոր էին։ Այդ թեման ըստ էության բացեց և ուշադրություն հրավիրեց հնարավոր զարգացումների վրա ռուսական կողմը, սա ևս քաղաքականություն է։ Երբ չկան շատ ավելի լուրջ ռեսուրսներ իրավիճակի վրա ազդելու համար, գործի են դրվում տեղեկատվական գործիքները»,-ասաց Լուկիանովը։
Նրա խոսքով, ներկայումս միայն ՌԴ-ն է, որը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ունի բոլոր միջնորդներից ու բանակցողներից տարբերվող դիրքորոշում։
«Սակայն այդ դիրքորոշումը բարձրաձայնելու և առաջ մղելու համար քաղաքական ռեսուրս չկա, այն կսրի առանց այն էլ լարված իրավիճակը Ռուսաստանի շուրջ, այս դեպքում արդեն՝ Հարավային Կովկասում էականորեն։ ՌԴ-ն հակված է երկարաձգել այս հարաբերական իրավիճակը, որքան հնարավոր է, սակայն, բնականաբար, կարծում եմ՝ որոշակի փուլում ՌԴ-ն ստիպված կլինի լուրջ քայլերի դիմել և դիրքորոշում հայտնել, դուրս գալով իր ներկայիս պասիվ դիրքերից»,-ասաց Լուկիանովը։