«Փաշինյանն իսկապես «շատ բաներ» է արել Արցախի համար, հասել է այն բանին, որ 120.000 արցախահայեր բռնի տեղահանվել են՝ «կեցցե՛»». Արամայիս Աղաբեկյան
Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկման իր եզրափակիչ ելույթի ժամանակ կրկին հայտարարեց, թե Արցախի համար որևէ մեկն այնքան շատ բաներ չի արել, ինչքան արել են ինքն ու իր իշխանությունը։
«Հայաստանը դուրս է բերվել թակարդից, մեզ ասում են՝ ինչ ուզում են, տալիս եք, հակառակը՝ ինչ ուզել են, մենք ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել Ղարաբաղ են լացում, ոչ մեկը մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար։
2018 թվականին ինչո՞ւ մենք զիջումների չգնացինք, հես ա, մինչև տարվա վերջ այդ թեման էլ կփակենք, այդ բանակցային փաթեթն էլ կհրապարակենք։ Մեզանից ուզում էին, որ զիջենք ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը «համաձայն« է Նիկոլ Փաշինյանի հետ, ասում է՝ ՀՀ որևէ իշխանություն այնքան վատ արարքներ թույլ չի տվել Արցախի Հանրապետության ու արցախահայերի նկատմամբ, որքան Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը։
«Փաշինյանն իսկապես «շատ բաներ» է արել Արցախի համար, որի արդյունքում կարողացել է հասնել այն բանին, որ այսօր 120 հազար արցախահայեր բռնի տեղահանվել և գտնվում են Հայաստանում։ Փաշինյանն այնքան «շատ բան» է արել Արցախի համար, որ բռնի տեղահանված արցախահայերից, իրենց տվյալներով՝ 10.000, բայց իրականում մոտ 20.000 Հայաստանից էլ են հեռացել։ Իմ շրջապատում շատերն են լքել Հայաստանը՝ Փաշինյանն այդքան բան է արել, իր քաղաքական գործունեության հետևանքով արցախահայերը հայտնվել են այն իրավիճակում, որում այսօր կան։ Եթե սա ինքը համարում է, որ լավ բան է, «կեցցե՛», «ապրի» Նիկոլ Փաշինյանը։
Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ իրեն աֆիլացված քաղաքական տարբեր ուժեր, այդ թվում՝ իր անձնական պատգամավորներից, հակաարցախյան քարոզով են զբաղված եղել։ Հավանաբար սա էլ են իրենք համարում շատ լավ բան, որ արել են Արցախի ժողովրդի դեմ։
Այլ «լավ» բաներ էլ կարող եմ թվարկել, որոնք արել է Նիկոլ Փաշինյանն Արցախի համար, բայց դա երկար պետք է թվարկեմ, շքերթը երկար է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամայիս Աղաբեկյանը։
Արցախի ԱԺ պատգամավորը հիշեցրեց՝ ՀՀ որևէ նախագահ երբեք չի հայտարարել, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց ինքն ասել է, իսկ դրան պետք է հետևեր Արցախի ճանաչումն ու միացումը Հայաստանին։ Եթե ինքն ասեր, որ սեպտեմբերի 2-ը՝ Արցախի անկախության օրը, գոյություն չունի, այլ գոյություն ունի այն օրը, որ Արցախը վերամիավորվեց Հայաստանի հետ, կասեի՝ այո, շատ լավ է անում։ Բայց երբ մարդը կրկին մերժում ու ուրանում է Արցախի անկախությունը՝ ես դրա հետ համաձայն չեմ»,- ընդգծեց Արամայիս Աղաբեկյանը։

